Կարծիք

14.10.2009 18:18


Լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը

Լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ այս ամբողջ աղմուկի ֆոնին ի հայտ են գալիս այնպիսի խմբեր և անհատներ, ովքեր անում են ամեն հնարավորը և անհնարը' երեւալու «ավելի լավը եւ քնքուշը», քան բոլոր մնացածները, և բոլորին ի ցույց դնել իրենց հանդուրժողականության ֆանտաստիկ մակարդակը: Այդ մարդիկ, մեծամասամբ, համարում են իրենց «զարգացած եւ կիրթ»:

Օրերս պատիվ ունեի հրավիրված լինելու Երեւանի համալսարաններից մեկում կազմակերպված մի քննարկման, որ անցկացվում էր կրտսեր կուրսերի ուսանողների կողմից: Այսինքն' լսարանը կազմված էր ՀՀ 18-20 տարեկան քաղաքացիներից, որոնց մի մասը, ի դեպ, բոլորովին վերջերս առիթ էր ունեցել գտնվելու Ստամբուլում' երկկողմ ծրագրի շրջանակներում' մշակութային երկխոսության ընդհանրական կարգախոսի ներքո: «Կլոր սեղանին» մասնակցում էր նաեւ այդ մշակութային փոխճանաչության ծրագրի հեղինակ հայկական ՀԿ-ի ղեկավարը:

Քննարկման հենց ամենասկզվում ակներեւ դարձավ, որ այն 5-6 ուսանողներին, որոնց բախտ էր վիճակվել լինելու հրաշալի, լուսաշող Պօլիսում, ինչպես իրենց էր թվում, «հաջողվել էր» հիմնովին քանդել թուրքերի եւ Թուրքիայի վերաբերյալ «կարծրատիպերը», եւ վերադարձել էին Հայաստան «մեր բոլորի աչքերը իրական թուրքերի վրա բացելու» սուրբ առաքելությամբ: Բոլորին է հայտնի, որ նման ծրագրերի մասնակցության հրավիրվելու համար բոլոր ցանկացողները անցնում են մանրազնին քննություն, եւ բախտը ժպտում է միայն նրանց, ով կարողանում է իրեն ներկայացնել ավելի կարդացած, խելացի եւ ակտիվ, քան մյուսները: Այս դեպքում, իհարկե, կարեւոր է նաեւ եղել լինել "ավելի տոլերանտ" (հանդուրժող):

Երիտասարդական իդեալիզմը, թերեւս, բնորոշ է բոլորին 18-20 տարեկանում: Բայց երբ խրատտուները (наставник), ինչպես այս կոնկրետ դեպքում, ուղղակիորեն օգտվելով առիթից, նրանց համար կազմակերպում են "ուղեղների լվացում", ողբերգությունը դառնում է ակնհայտ: Օրինակ, այդ երիտասարդները ասում էին, որ իրենց համար բոլորովին անսպասելիորեն թուրքերի հետ երգում էին նույն երգերը, կային եւ այլ նմանություններ, այդ թվում արտաքին: "Նրանք մեզ շատ նման էին", - ասում էին մասնակիցները: Ուսանողների այս խոսքերից ոգեւորված, ակտիվացավ նրանց ղեկավարը, ով իմաստնացավ իրեն ներկայացնելու, որպես գլոբալիզացիոն գործընթացների ջատագովի եւ համակրի, եւ հարցը դրեց ուղիղ. "Ով է հայը եւ ինչպես որոշել "հայկական"-ը": Այս կերպ նա պնդում էր, որ սահմանի երկու կողմերում էլ ապրում են մարդիկ, ովքեր ունեն բնական իրավունք շփվելու' անկախ էթնիկ առանձնահատկություններից եւ պատմական անցյալից: Խոսելով հասարակական մակարդակում երկկողմ շփումների մասին այդ անհատը ասում էր մոտավորապես հետեւյալը. ինչն է բնորոշում իմ ազգային պատկանելությունը? Ազգության հարցը այսօր արդեն կարեւոր չէ": 

Մթնոլորտը ակնհայտ շիկանում էր. բացառությամբ մեկ ՀՅԴ անդամ ուսանողի եւ 2-3 այլ այլոց, բոլոր ներկաները պատրաստվում էին միաժամանակ ծաղկեփնջերով անցնել սահմանի այն կողմը: Քննարկման բարձրակետը դարձավ երիտասարդներից մեկի ելույթը (19 տարեկան), ով եզրափակեց իր խոսքը, ասելով բառացիորեն հետեւյալը. "մենք վստահում ենք թուրքերին եւ թուրքական պետությանը":

 Իհարկե, ունեմ թուրք ընկերներ եւ գործընկերներ, այդ թվում նաեւ Ստամբուլից, Կարսից, բայց այստեղ ի վերջո ֆիզիկապես համբերությունս հատեց եւ, հույզերով լի սկսեցի ներկաներին (որոնց մեծամասնությունը պատկերացնում էր Թուրքիան, որպես ստամբուլատիպ մեգապոլիսների ամբողջություն) պատմել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում թուրքական պետությունը, որ ստեղծվել է Օսմանյան կայսրության փլատակների վրա 1923-ին: Առանց ավելորդ համեստության, այդ պատմական ակնարկը կարելի էր վերտառել, որպես պատասխան նրանց, ովքեր իրենց համարում են "ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը": Այսինքն նրանց, ով պատրաստ է ողջագուրվելու մի պետության հետ, որի մասին իր պատկերացումները սկսվում եւ վերջանում են Ստամբուլի կենտրոնական (եվրոպական) հատվածի սահմաններով: Իսկ դա ամենեւին այդպես չէ:

Մեզ հարկավոր է վերջապես հասկանալ, որ Թուրքիան մի երկիր է, որտեղ մի ստվար հատված չի վստահում իր սեփական պետությանը (քաղաքական ղեկավարությանը), որտեղ գոնե 10 տարին մեկ անգամ բանակի գեներալները հեղաշրջում է իրականացնում' վերականգնելով աթաթուրքիզմի եւ աշխարհիկության (լաիցիզմ) ավանդույթները (վերջին երկուսը. 27 ապրիլի 2007թ. - "օնլայն" հեղաշրջումը եւ "պոստ-մոդեռն" հեղաշրջումը 1997-ին): Դա մի պետություն է, որտեղ կախաղան են բարձրացրել վարչապետին (Ադնան Մենդերես, 1961) եւ գնդակոծել են հանրահավաքի մասնակիցներին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում (1977): Դիարբեքիրի ավելի թարմ օրինակների մասին էլ կարելի է կարդալ ամենօրյա մամուլում: Դա մի երկիր է, որտեղ ազգայնականների կազմակերպած միջոցառումներին (այս տարեսկզբին) կարող են կախել հետեւյալ ցուցանակը. "շների, հայերի եւ հրեաների մուտքը արգելվում է": Եվ նոր ամենավերջում, Թուրքիան այն պետությունն է, որի միջով, բայց ոչ թերեւս միջոցով, մեզ համար ամենաէժան, մատչելի եւ կարճ ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ: Այդպես ենք ապահովելու այն 30-38% ՀՆԱ-ի աճը եւ լցնելու $ 570-720 մլն. տարեկան կորուստները, որ մեզ պատճառում է թուրքական ցամաքային «պատնեշը»' համաձայն ANCA-ի մի հետազոտության:

Ցավոք, ընդհանուր առմամբ, ներկայիս քննարկումները ընթանում են մի հարթությունում, որտեղ կողմ եւ դեմ ձայները որոշվում են քաղաքական նախասիրությունների եւ կուսակցաման ամբիցիաների արդյունքում, առանց տնտեսական եւ իրավական լուրջ վերլուծության (օգտակար բացառություն է ՀՅԴ պատվերով կատարված տնտեսական հետազոտությունը): Եվ երիցս ճիշտ է, թեեւ այդ միակ կետում, էֆենդի Ս.Իդիզը, ով Հյուրրիյեթի (17/09/09) էջերում գրում է. "... կոշտ գծի կողմնակիցները (այստեղ ես ներառում եմ նաեւ նրանց, ով հանդես է գալիս "կոշտ այո"-ի դիրքերից, Հ.Ն.) դիրքորոշումը երկու երկրներում էլ կապված չէ Արձանագրությունների իրական տեքստից, եւ նրանք այդտեղ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել (այդ գործընթացում, Հ.Ն.)": Կողմ կամ դեմ հանդես եկող ուժերը, հիմնականում, չեն լսում միմյանց եւ հասարակությանն են առաջարկում միայն քաղաքական գնահատականներ: Երրորդ, պրոֆեսիոնալների փոքրաքանակ սեգմենտը անտեսված է հիմնականում եւ չունի ելք դեպի ԶԼՄ-ներ: 

Նույնիսկ հաշվի առնելով այն մտահոգությունները եւ վտանգները, որ առիթ եմ ունեցել կիսելու, գործընթացն անկասկած պետք է դրական գնահատել: Չէ որ սա աննախադեպ իրողություն է, երբ անկախ Հայաստանը նախաձեռնում է այդ թվում նաեւ հանրային քննարկում' «ինչպես ապրել Թուրքիայի հետ» թեմայով: Թեեւ «քննել բոլոր առկա խնդիրները» ամենեւին չի նշանակում կազմավորել այնպիսի (ենթա-)հանձնաժողով, որ քննելու եւ հարցականի տակ է դնելու Ցեղասպանության իրողությունը: Այստեղ, ի դեպ, իրավական առումով, դժվարությամբ եմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են ԱԳ նախարարները ստորագրել այս փաստաթղթերը մի երկրում, որտեղ քրեական պատասխանատվություն կա սահմանված' Ցեղասպանությունը ժխտելու համար: Եվ նույնիսկ եթե այդպես, հանձնաժողովը ստեղծելուց հետո, ինչ ենք ասելու այն 25 երկրներին, որ արդեն ճանաչել եւ դատապարտել են Ցեղասպանությունը պետական մակարդակով?

Այս վերջին հարցը ինձ համար դեռ բաց է մնում:

Հովհաննես Նիկողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը