Աշխարհ

15.10.2009 11:16


Ինչու՞ է Ռուսաստանն աջակցում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ինչու՞ է Ռուսաստանն աջակցում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ցյուրիխում Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ ծագած միջադեպն, ասում են, հարթել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ճգնաժամն, իրականում, հաղթահարվել է Ռուսաստանի գործադրած ջանքերի շնորհիվ:

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, Նալբանդյանն արձանագրությունը ստորագրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նրան փոխանցել է մի գրություն, որում խորհուրդ էր տրվում լուռ ստորագրել և հեռանալ:
Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ինչու Ռուսաստանը պետք է աջակցի այդ գործընթացին. Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Ադրբեջանից և Վրաստանից հետո կգնա դեպի Արևմուտք, ինչը կնշանակի, որ Ռուսաստանը տարածաշրջանից օտարվում է:
Ի սկզբանե Ռուսաստանը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության կողմ: Երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներ էին տեղի ունենում, Թուրքիան այդ օրերին ցանկանում էր զորավարժություն անցկացնել սահմանի երկայնքով: Այդ խորհրդանշական նախաձեռնությունից անհանգստացած' Ռուսաստանը Երևան ուղարկած Գլխավոր շտաբի պետի բերանով հետևյալ կոշտ ուղերձը հղեց. եթե Թուրքիան միջամտի խնդրին, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը:
Բացի այդ, որևէ կասկածի տեղիք չի տալիս այն հանգամանքը, որ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ պատմական և տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, Մոսկվան Երևանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող  մայրաքաղաքն է: Վերջերս, երբ խնդրեցի տարածաշրջանին լավ ծանոթ ամերիկացի մի պաշտոնյայի, որպեսզի նա համեմատի Վաշինգտոնի և Մոսկվայի' Հայաստանի վրա ունեցած ազդեցությունները, ստացածս պատասխանը լիովին հաստատեց վերը նշվածը:
Ստացվում է' նախաձեռնության հաջողության, այսինքն' Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում, եթե նույնիսկ բացեիբաց չի ասվում, կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դուրս գա ադրբեջանական գրավված տարածքների գոնե մի մասից: Եվ ոմանց անհանգստացնում է այն հարցը, թե երեկվա համեմատ ինչքան էլ առաջ գնացած լինեն ռուս-թուրքական հարաբերությունները, Մոսկվան իր ազդեցությունը կօգտագործի՞ կարգավորման ուղղությամբ, թե՞ ոչ:
«Մերձավոր Արևելքը ռուսների աչքերով» գրքի շնորհանդեսի ժամանակ Թուրքիա ժամանած Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը թեմայի հետ կապված իմ հարցին լավատեսական պատասխան տվեց: Հայտարարելով, թե ինքը չի կիսում ոմանց այն կարծիքը, թե Հայաստանի' Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դեմ է Մոսկվայի շահերին, ասաց. «Այո, Երևանի հետ մեր հարաբերությունները հիանալի են, բայց Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նույնպես լավ են: Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը մեզ էլ է վնասում: Շատ ենք ուզում նաև հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը: Եթե անգամ դժվար լինի, դա հնարավոր է, և այդ ուղղությամբ  աշխատում ենք»:
Թեմայի հետ կապված' երեկ Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հնչած «Ինչո՞ւ է Ռուսաստանը աջակցում գործընթացին» հարցին ի պատասխան' փորձագետ Ֆաթիհ Օզբայը բերեց երեք հիմնավորում.
1.    Միջազգային համակարգը կողմնակից է, որպեսզի Կովկասում փոխվի ստատուս քվոն: Ռուսաստանը չի ուզում դուրս մնալ այդ ամենից:
2.    Ռուսաստանը դեմ է, որպեսզի Հայաստանը գնա բախման: Որովհետև նման իրավիճակը նրան նույնպես կարող է ներքաշել պատերազմի մեջ:
3.    Վրաստանի հետ պատերազմը Մոսկվայի ռազմավարական գործընկեր Երևանին ավելի մեկուսացրեց: Իրավիճակը կարող է շտկվել Թուրքիայի հետ հարաբերություններով:
Սանկտ-Պետերբուրգի համալսարանից ադրբեջանցի պրոֆեսոր Աքիֆ Ֆազալիևը հետևյալն է մատնանշում. իրականում առկա վիճակը Բաքվի օգտին է: Հայաստանն անընդհատ աղքատանում է, Ադրբեջանը' հզորանում: Հայ ուսանողներից եմ իմանում, որ վիճակը շատ ծանր է: Բնակչության 70%-ը լքել է երկիրը: Իսկ Ռուսաստանը, որը հնուց ի վեր մեծ ջանքերով փորձում է Թուրքիայի և Իրանի միջև  ձևավորված այս երկիրը փրկել անհետացումից, աջակցում է գործընթացին: Եթե անգամ ադրբեջանցի պրոֆեսորը դրական է համարում օկուպացիային վերջ դնելու դիմաց սահմանների բացումը, ամեն դեպքում հիշեցնում է, որ ռուսները շախմատի աշխարհի չեմպիոն են, և միաժամանակ զգուշացնում, որ կարգավորման քայլ չանելու դեպքում Մոսկվան կարող է իր կողմը քաշել Բաքվին:
Ստացվում է' արձանագրության կյանքի կոչելը կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդրում առաջընթացի ապահովման հետ, ինչը նշանակում է, որ  բանալին դեռևս Մոսկվայի ձեռքում է: Իսկ Լավրովը ադրբեջանական տարածքներն ազատելու համար գրություն կուղարկի՞ Հայաստանին:

Աբդուլհամիդ Բիլիջի, «Զաման»

Թարգմանությունը` «Սիվիլիթաս» հիմնադրամի

Այս խորագրի վերջին նյութերը