Մեկնաբանություն

08.04.2015 12:40


Քիմ Քարդաշյանը, Անժելա Սարգսյանը և ՀՀԿ–ականների ուրախ զբոսանքը

Քիմ Քարդաշյանը, Անժելա Սարգսյանը և ՀՀԿ–ականների ուրախ զբոսանքը

Հայազգի Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ամբողջությամբ բացահայտել է հայ ժողովրդի քաղքենի ու գեղցի հատվածի «մշակութային» բոլոր «պլաստերը»։ Սրանք այնպես են խառնվել իրար, կարծես ամերիկահայ պոռնոաստղը մեսիան լինի։

Սոցիալական ցանցերը հեղեղված են նրա մասին գրառումներով։

«Քիմը գալիս է», «Քիմը նստեց ինքնաթիռ», «Քիմը գնաց զուգարան», «Քիմն արդեն թեթևացած դուրս եկավ զուգարանից» և այլն։ Սրանցով է օրը լցնում հայ գեղցին ու քաղքենին։

Բանը հասավ այնտեղ, որ օդակայանում Քարդաշյանի օգնականներին (որոնք ինքնաթիռից իջել էին ու սկսել ինչ–որ բան «որոճալ») դիմավորեցին աղ ու հացով։ Ենթադրվում է, որ Քիմի համար կարմիր խնձոր են տանելու, և նրա ոտքերի տակ գառ են մորթելու. գեղցիներից ամեն ինչ սպասելի է։

Հիմա հարց է առաջանում՝ այդ ինչո՞ւ մեր հանրության քաղքենիագեղցիական հատվածը աղ ու հացով է դիմավորում շոումեն պոռնոաստղին և հիացական ստատուսներ գրում, բայց քարկոծում էր դերասանուհի Անժելա Սարգսյանին, ում ինտիմ նկարները հայտնվել էին համացանցում ոչ թե շոուի շրջանակներում, այլ ուրիշ տարբերակով։

Հարցն այն չէ, որ Անժելան օրինակելի վարքագիծ է դրսևորել, կամ ոչ։ Ի վերջո, ամեն մարդ ունի իր մասնավոր կյանքի իրավունքը։ Հարցն այստեղ այն է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում՝ փառաբանվում է Քիմը, և քարկոծվում Անժելան։ Ահա այստեղ է, որ ցայտուն երևում է հայ քաղքենիագեղցիական հատվածի մտածողությունը։

Քիմը Ամերիկայում է պոռնոաստղ դարձել և այնտեղից է գալիս Հայաստան, իսկ ահա դերասանուհի Անժելան ապրում է այստեղ՝ մեր կողքին։

Ա՛յ, եթե Անժելան ապրեր Ամերիկայում կամ եվրոպական որևէ հզոր երկրում, ու նրա ինտիմ նկարները լինեին, ասենք, Բրեթ Փիթի կամ Ռոբերտ Դե Նիրոյի հետ, ապա քաղքենիագեղցիական հատվածը հիացական բացականչություններով կվազեր օդակայան ու ոչ միայն աղ ու հացով, այլև լավաշ–բաստուրմայով կդիմավորեր նրան։ Բայց քանի որ Անժելան հայաստանցի է, իսկ նրան գեղեցկության և մտավոր զարգացածության հարցերում զգալիորեն զիջող Քիմը՝ ամերիկացի, ուստի առաջինին հասնում է անարգանքի սյունը, իսկ Քիմին՝ աղ ու հացը։

Ի դեպ, Քիմը, ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառման շրջանակներում։ Նա հաստատ կայցելի Ծիծեռնակաբերդ ու հաստատ իրեն շատ ավելի զուսպ կպահի, քան Ծիծեռնակաբերդի տարածքում ուրախ զբոսանքի դուրս եկած ՀՀԿ–ական կնանիք։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը