Լրահոս

27.10.2009 10:03


«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի դեմ հարուցվել է քրեական գործ

Ուսումնասիրելով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի և ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 190.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաև «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ:

ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է  ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության,Գորիսեքրեակատարողական հիմնարկ:

Հերոս Ներսսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձևակերպման և նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ:

Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը Բագրատ Ներսսսյանին ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Բագրատ Ներսսսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է 228.000 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար: Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռևս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսսսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 

 Հերոս Ներսսսյանը 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Կալանքից ազատվելուց հետո Հերոս Ներսսսյանն ու նրա հայրը 2009թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են  «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանին և պարտավորվել Լեռնիկ Խաչատրյանի հետ պայմանավորված հիշյալ 12.000 ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարո Զադոյանին տալ որոշ ժամանակ անց:

 ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասի 2-րդ կետերի հատկանիշներով, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: 
 Նույն օրը, ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և  49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, ՀՀ գլխավոր դատախազը կասեցրել է  Լեռնիկ Խաչատրյանի լիազորությունները՝ մինչև քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ,Գորիսե ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանը եւ պետի տեղակալ Կ.Զադոյանը, նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գ.Ղավալբաբունցը,  ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալվել են, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է կատարել ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր դատավարական գործողությունները:

Այս խորագրի վերջին նյութերը