Կարծիք

27.10.2009 11:26


Նախապայման– ներ կա՞ն, թե՞ չկան: Այս է խնդիրը

Նախապայման– ներ կա՞ն, թե՞ չկան: Այս է խնդիրը

Հայ-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի աքիլեսյան գարշապարը, որի գտնվելու վայրը տևական ժամանակ թվացել էր, թե հայտնի չի եղել մեր հարևան թուրքերին: Դժբախտաբար, հայ հասարակությանն ու իշխանությանն էլ է թվացել, թե միայն իրենց է հայտնի այդ գարշապարի տեղը, կամ էլ մի պահ նրանք լիովին մոռացության էին մատնել դրա գոյությունը: Առաջին հայացքից բոլորին թվում է, թե հայ-թուրքական հարաբերությունների գարշապարը հենց այդ հարաբերություններն են, սակայն թուրքական պառլամենտում սկսված քննարկումները լիովին չեզոքացրեցին այդ կասկածները ու միանգամայն նոր մակարդակի բարձրացրեցին այդ խնդիրները:

Թուրքական պառլամենտում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված քննարկումների ժամանակ Թուրքիայի ժպտադեմ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք ինչքան էլ ուղղված լինեն թուրք և ադրբեջանական հասարակությունների ներքին սպառմանը, այնուամենայնիվ միջազգային հարաբերությունների տեսանկյունից կարելի է որակել աննրբանկատ ու պոպուլիստական: Թող Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող պաշտոնյաներն ու արտգործնախարարության մամուլի կապերի պատասխանատուն ինձ չմեղադրեն, երբ անընդմեջ հայտարարում են, թե հայ վերլուծաբանների, հասարակական լայն զանգվածների, լրատվամիջոցների թերությունն այն է, որ նրանք առավել մեծ արժանահավատությամբ վերաբերվում են թուրք պաշտոնյաների հայտարարություններին, քան՝ հայ: Թե ինչու մենք չենք վստահում հայ պաշտոնյաների հայտարարություններին, միանգամայն այլ խոսակցության նյութ է, որի մեղավորը ոչ թե չհավատացողն է, այլ սեփական խոսքը արժեզրկման հասցրած սուբյեկտը: Իսկ որ Հայաստանի իշխանությունները վերջին երկու տասնամյակում ջանք ու եռանդ չեն խնայել սեփական խոսքը զրոյական դարձնելու ուղղությամբ, կարծում եմ, որ հավելյալ ապացուցման կարիքը չունի։ Վկան' բազմաթիվ չկատարված խոստումներ, կեղծված ընտրություններ, խոսքի ու գործի հսկայական անհամատեղելիություն, և այլն, և այլն:

Հաջորդ խնդիրն այն է, որ մեր միջնադարյան եկեղեցական կանոններով առաջնորդվող իշխանությունները, փակելով հեռուստատեսային դաշտը ու այն լցնելով սեփական կեղծ հայրենասիրական ու պսևդոնժդեհական «գաղափարներով», կարծում են, թե մենք դեռ գտնվում ենք նույն միջնադարում, որտեղ չկան ինտերնետ կամ «youtube», կամ էլ չկա համեմատական միտք, որը կկարողանար տարբեր աղբյուրներից ստացվող նյութերի համադրությամբ ճշմարտությանը մոտ կանգնած տեղակատվություն գտնել, կամ էլ կանխատեսեր իրերի մոտակա ընթացքը: Մերօրյա «եղիշեներին» պետք է ևս մեկ անգամ հիշեցնել, որ անցել են «վարդանմամիկոնյանների» ժամանակները, և արդի աշխարհն առաջնորդում են միանգամայն այլ գաղափարներ ու մոտեցումներ:

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բարձրացված աղմուկի հիմնական հարցարդումն այն էր, թե արդյոք որոշակի ի՞նչ գին է վճարելու հայ ժողովուրդը թուրքական սահմանի բացման հեռանկարով պայմանավորված ոչ կոնկրետ շահի դիմաց, կա՞ն արդյոք նախապայմաններ, թե՞ չկան, եթե չկան, ապա ի՞նչ են նշանակում արձանագրություններում ներառված պայմանները և այլն: Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ նախապայմաններ չկան, ու հարաբերությունները կառուցվում են առանց նախապայմանների: Նույն գաղափարը կրկնում են տարբեր տրամաչափի պաշտոնյաները' սկսած Սերժ Սարգսյանից:

Անկեղծն ասած, ես չեմ զարմանում, որ իշխանությունները կարող են սևը սպիտակ ներկայացնել, աչքիդ առաջ կատարված իրողությունները մերժել ու հերքել, թղթի վրա գրվածը ներկայացնել, թե նման բան չկա և այլն: Առավել զարմանալին այն է, որ դրա վրա այսօր զարմանում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որովհետև հենց նրանք էին երեք անգամ, առանց խղճի խայթ անգամ զգալու, պաշտպանել կեղծված ընտրություններով նախագահ դարձած անձանց, մասնակցել այդ անօրինականություններին ու նույն մեթոդաբանությամբ փորձել կառուցել իրենց քաղաքական կարիերան: Հենց այստեղ էլ թաքնված է այն հարցի պատասխանը, թե ինչու է հայ քաղաքացին առավել արժանահավատ համարում ինտերնետային նյութերը, իր սեփական աչքով տեսած բազմաթիվ կինոֆիլմերը և ոչ թե պետական քարոզչամեքենայի կողմից առաջ քաշված տարաբնույթ թեզիսները կամ էլ իշխանական ներկայացուցիչների, մեղմ ասած, ոչ արժանահավատ և ծիծաղ առաջացնող մեկնաբանություններն ու տեղեկությունները: Պարզապես հիշեմ օրերս ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե պատմական ենթահանձնաժողովի մասին արձանագրություններում ներառված կետը տրոյական ձի է: Այս հայտարարության վերնագիրը կարդալիս ինձ մի պահ թվաց, թե ՀՀԿ փոխնախագահը սկսել է իրատեսորեն մտածել, սակայն հայտարարությանը ամբողջությամբ ծանոթանալուց հետո հասկացա, որ նման մտքերի կարող է ունակ լինել միայն գերմարդը: Բանից պարզվում է, որ այդ տրոյական ձին թուրքական պարիսպների ներսում է գտնվում, քանի որ թուրք հասարակությունը, բան ու գործը թողած, սկսելու է անմոռաց քննարկել 1915թ. դեպքերը, և վաղ թե ուշ համաձայնելու է դրանց: Ընդունեք, որ նման մտքերը բնորոշ են միայն հանճարներին: Սակայն հարցի մյուս կողմն էլ այն է, որ եթե հավատալու լինենք «հայկական աղբյուրին», ապա տրոյական ձին Հայաստանի իշխանությունների ջանքերով է մտել Թուրքիայի պարիսպներից ներս, ինչը նշանակում է, որ պատմական հանձնաժողովի մասին հայտնի կետը մտել է հենց մեր պահանջով: Եվ իզուր են Նյու Ջերսիից հայտնի սենատոր Ռոբերտ Մենենդեսի հայտարարություններն ու ջանքերը՝ ուղղված պատմական անբեկանելի փաստերի հետազոտմանը, քանի որ խեղճ սենատորի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ հանձնաժողովի ստեղծումը ոչ թե Հայաստանի վրա գործադրված ճնշման արդյունք է, այլ Հայաստանն է ճնշել Թուրքիային՝ նման հանձնաժողով ստեղծելու համար: Կարծում եմ, այստեղ նույնիսկ մեկնաբանությունն ավելորդ է:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը նվիրված խորհրդարանական քննարկումների հենց առաջին օրը նշանավորվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի մի շարք հայտարարություններով, որոնք ևս մեկ անգամ կասկածի տակ դրեցին թե՛ հայկական տեղեկատվության ճշմարտացիությունը, և թե՛ նախապայմանների մասին բազմաթիվ հայտարարությունները:

Առաջին հերթին Դավութօղլուն նշում է, որ մեկընդմիշտ վերանում է Թուրքիայի արևելյան սահմանների հետ կապված խնդիրը, և հարևան Հայաստանը վերջնականապես հրաժարվում է դրանց նկատմամբ որևէ պահանջից:  «Ոչ ոք Հայաստանում չի համարձակվի Թուրքիային ներկայացնել տարածքային պահանջ: Այս արձանագրությունների ստորագրումով Հայաստանը փաստեց,  որ իրավական հիմքերով դա այլևս հնարավոր չէ»,-ասել է նա: Այսինքն, Թուրքիան քաղաքականություն խաղալով՝ վերջնականապես լուծում է Մոսկվայի, Կարսի և այլ վիճահարույց պայմանագրերով ամրագրվող դրույթներն ու ամրագրում «դե ֆակտո» վիճակը: Այն, որ քրդերով բնակեցված Արևմտյան Հայաստանի նկատմամբ Հայաստանի հավակնություններն առասպել են, երբևէ կասկած չեմ ունեցել, սակայն քաղաքական խաղաքարտի իմաստով Հայաստանը լուրջ պարտություն է կրում և զոհաբերում իր հիմնական խաղաքարտերից մեկը, իրեն զրկում հետագա քաղաքական մանիպուլյացիաների հնարավորությունից:

Հաջորդ խնդիրը, ինչպես և սպասվում էր, պատմական հանձնաժողովի ստեղծումն է, որը, ինչպես շեշտել էր արտգործնախարարը, «անցյալից եկած խնդիրները կքննարկի գիտական հիմքով»: Չնայած պարզ չէ, թե ինչպիսի հետևանքներ կունենան հանձնաժողովի աշխատանքները և արդյոք հնարավո՞ր է արդյունք սպասել այնպիսի մի հանձնաժողովից, որը առավելապես դանայան տակառ է հիշեցնելու: Կանխատեսելի է, որ թուրքերը առաջ են բերելու ինչ-ինչ փաստաթղթեր, որին հակադրվելու են հայկական կողմից ներկայացված հսկայական արխիվային նյութերը, սակայն սայլը տեղից չի շարժվելու: Այդ ընթացքում թուրքերը օգտագործելու են բոլոր հնարավոր քարոզչամիջոցները՝ ամբողջ աշխարհին ցույց տալու, թե իրենք համերաշխության մթնոլորտում քննարկում են հայ-թուրքական վիճահարույց պատմական փաստերը, և հայկական ցեղասպանության օգտին կամ դրա ճանաչման համար հանդես եկած բոլոր մարդիկ, գիտնականները, պաշտոնյաները, պետությունները հայտնվելու են հիմար վիճակում ու ամեն կերպ հայհոյելու հայկական իշխանություններին: Թերևս ամենաանհարմար վիճակում հայտնվելու է հենց հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական միջնորդը' Շվեյցարիան, որի գործուն մասնակցությամբ էլ հենց ստորագրվեցին այդ արձանագրությունները, ու որտեղ Ցեղասպանության հրապարակային մերժումը արգելվում է օրենքով: Պատկերացնում ենք այն օրենսդիրների հիմար վիճակը, ովքեր թուրքական աղբյուրներից պարբերաբար ստանալու են պատմական փաստերի վերարժևորմանը նվիրված տեղեկատվություն: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ Թուրքիային ընդհանրապես չի հետաքրքրում այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը, այլ առավելապես թուրքական կողմը զբաղվելու է դրա ընթացքով ու ընթացքի քարոզչությամբ: «Շարժումն ամեն ինչ է, վերջնական ճշմարտությունը' ոչինչ» հայտնի մոտեցման ականատեսն ենք լինելու մենք դեպքերի նման ընթացքի պարագայում:

Եվ վերջապես, երրորդ խնդիրը, որը նշում է Թուրքիայի արտգործնախարարը, ղարաբաղյան հակամարտության խնդրի ադրբեջանամետ լուծումն է: Փաստորեն Թուրքիան համարում է, որ եթե իրեն հաջողվել է լուծել իր տարածքային ամբողջականության հարցը կամ էլ այն «դե յուրե» ձևակերպել, ապա ինչու հնարավոր չէ լուծել «ազիզ Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը և Կովկասում խաղաղություն հաստատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, իհարկե՝ ադրբեջանական շահի գերակայությամբ: Չնայած նրան, որ համոզված եմ, որ այս հայտարարությունն առավելապես Ադրբեջանին ուղղված հաղորդագրություն է, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, թե միջազգային մակարդակով ու Ադրբեջանի ղեկավարի հետ ինչպիսի հեռախոսազրույցներ են ունեցել Աբդուլա Գյուլը և վարչապետ Էրդողանը: Այս իմաստով հայկական կողմը կարող է վստահություն ունենալ այն հարցում, որ  հայ-թուրքական հարաբերություններում ղարաբաղյան հակամարտությունը «դե յուրե» բանակցությունների առարկա չէ, սակայն չեմ էլ կարծում, թե Թուրքիայի ղեկավարությունն այնքան անգրագետ է դիվանագիտական հարթության մեջ, որ չհասկանա ադրբեջանամետ հայտարարությունների արժեքը, ու դրանք չիրականանալու պարագայում՝ հնարավոր հետևանքները: Մյուս կողմից դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Թուրքիան նմանատիպ հայտարարություններ աներ, այն էլ՝ այդպիսի պարբերականությամբ՝ չունենալով իրական բազա ու հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն օրերին նախագահ Գյուլը խորհրդակցություններ է ունենում աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների հետ: Այսինքն, այս պարագայում եթե պատկերացնենք, որ բացվում է հայ-թուրքական սահմանը, ու հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ առաջընթաց չի լինում, ապա թուրք-ադրբեջանական հարաբերությունները եղբայրականից վեր են ածվում թշնամականի, ու փլուզվում է «մեկ ազգ» կոնցեպտը: Արդյոք Թուրքիայի շահը այս հարցում այնքան մե՞ծ է, որ պատրաստ է զոհասեղանին դնել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, որոնք ոչ միայն զգացմունքային ու քաղաքական ոլորտում են, այլ նաև՝ տնտեսական: Չնայած նրան, որ ադրբեջանական Նախիջևանը լիովին կախված է Թուրքիայի հայեցողությունից, ու դա Թուրքայի ձեռքում լուրջ խաղաթուղթ է՝ Ադրբեջանին զսպված պահելու համար, այնուամենայնիվ կարծում եմ, որ խնդիրը չի կարող նման իրավիճակի հասնել, որ այդ խաղաթղթի գործածության կարիքը լինի:

Այս պարագայում մեր ողջ մտահոգությունն այն է, որ, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման կապակցությամբ, այնպես էլ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեքստով, կարող են հանդես գալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչը կնշանակի, որ Հայաստանի ցանկությունները, շահերը ու Ղարաբաղի ժողովրդի անվտանգության խնդիրները զոհ կգնան մեծ տերությունների մեծ աշխարհաքաղաքական շահերին: Իսկ որ նմանատիպ իրողություն հնարավոր է, կարելի է ենթադրել բազմաթիվ դիվանագետների հայտարարություններից, Թուրքիայի ղեկավարության վստահ տոնից, Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից ու Հայաստանի ղեկավարի ոչ այնքան վստահ պատասխաններից (նույնիսկ երբ այդ հարցազրույցը տրվում է Արցախի հեռուստատեսությամբ ու Ավոյի շիրմաքարի մոտ):

Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարը քաջ գիտակցում է խնդրի էությունը և գիտակցում է նաև այն հանգամանքը, որ իրադարձությունները կարող են զարգանալ իր ու իր ժողովրդի համար ոչ այնքան բարենպաստ հունով: Իսկ անբարենպաստ իրավիճակի պարագայում հնարավոր միակ լուծումը իր իսկ հրաժարականն է ու դեմոկրատական ընտրություններով նոր ղեկավարության ձևավորումը: Ա՛յդ պարագայում միայն մենք կարող ենք հույս ունենալ գոնե Արցախի հարցում ժողովրդական լուրջ ընդվզման' ընտրված նախագահի ղեկավարությամբ: Իսկ պատրա՞ստ է արդյոք Սերժ Սարգսյանը նման ընթացքի.... Այս է ահա խնդիրը...

Հովհաննես Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը