Մեկնաբանություն

15.04.2015 14:50


Պուտինը հայտնվել է երկու քարի արանքում

Պուտինը հայտնվել է երկու քարի արանքում

Ուկրաինական ճգնաժամից չի շահել ԵՄ–ն, չի շահել ՌԴ–ն։ Բնականաբար, չի շահել (մեղմ ասած) առաջին հերթին Ուկրաինան։ Սա այն դեպքն է, երբ, ժողովրդական լեզվով ասած, երկու շուն կռվել են, իսկ հաջողվել է ճամփորդի գործը։

Այս ամենից օգտվող «ճամփորդների» թվին կարելի է դասել Թուրքիային, Չինաստանին, ու եթե Իրանի հետ Արևմուտքը համաձայնության գա, նաև այդ երկիրը կշահի։

Թուրքիան շահեց, քանզի ՌԴ–ի համար դարձավ կարևորագույն գործընկեր ռուսական գազի արտահանումը կազմակերպելու հարցում։

Չինաստանը, ՌԴ–Արևմուտք լարվածության ֆոնին, հնարավորություն ստացավ իր համար լավագույն տարբերակով ձեռք բերել ռուսական գազը։

Իրանն էլ կարող է գազի արտահանման երկիր դառնալ, քանզի Արևմուտքը, Ռուսաստանի դեմ «սառը» պատերազմի շրջանակներում, պատրաստ է զիջումների գնալ ու վերացնել Թեհրանի նկատմամբ իր պատժամիջոցները, որպեսզի կարողանա կիսով չափ կրճատել ԵՄ–ի կախվածությունը ռուսական գազից՝ որպես այլընտրանք ունենալով իրանականը։

Ի դեպ, Իրան–Արևմուտք հարաբերությունների ջերմացումից կրկին կարող է շահած դուրս գալ Թուրքիան, քանզի իրանական գազի տրանզիտ երկիրը ԵՄ–ի համար Թուրքիան է դառնում։ Դա, ըստ էության, «Նաբուկոյի» վերածնունդն է։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք արձանագրել, որ Թուրքիան «ջոկերի» կարգավիճակ է ստանում ՌԴ–ի ու Արևմուտքի համար, ինչն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։

Թուրքիայի «ջոկերությունը» և ՌԴ–ի համար այդ պետության ռազմավարական նշանակությունն է պատճառը, որ Կրեմլից հակասական տեղեկություններ են հայտնվում ապրիլի 24–ին Վլադիմիր Պուտինի՝ Երևան գալու մասին։ Հայաստանը ոչ պակաս ռազմավարական երկիր է ՌԴ անդրկովկասյան շահերի տեսանկյունից, և դա է պատճառը, որ ՌԴ նախագահը, պատկերավոր ասած, հայտնվել է երկու քարի արանքում։

Պարզ է, որ թուրքական կողմին դուր չի գա Պուտինի երևանյան այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Եվ նրանք հենց այդ պատճառով էլ նույն օրը շոու են կազմակերպել Գալիպոլիի ճակատամարտի թեմայով։

Արդեն իսկ հայտնի է, որ ՌԴ պետդումայի ղեկավար Նարիշկինը կլինի Թուրքիայում կազմակերպվելիք միջոցառմանը։

Թե ով կլինի նույն օրը Երևանում, դեռ պարզ չէ։ Եթե Պուտինը չգա, ապա դա ՌԴ–ի կողմից խայտառակ սխալ կլինի։

Եթե Կրեմլում մտածում են, որ հայ ժողովրդի հետ կարելի է հարաբերվել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի հետ, ապա նրանք չարաչար սխալվում են։ Իշխանություններն անցողիկ են, իսկ ահա ռազմաքաղաքական և անվտանգությանն առնչվող ընդհանուր շահերը՝ մնայուն։

Ճիշտ է, ՀՀ–ն իր «նախաձեռնողական» քաղաքականությամբ հատակի փալասի է վերածել մեր երկիրը և ՌԴ–ում անհուսալի գործընկերոջ իմիջ ձեռքբերել, բայց դե, դա չի նշանակում, որ հավերժ այսպես է մնալու։ Այնպես որ, Պուտինի ծանր դրությունը՝ ապրիլի 24–ին Հայաստան գալ–չգալու մասով, կարելի է հասկանալ, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ ընդունել։ Կան բաներ, որ գազից թանկ են, ընդ որում՝ թանկ ոչ թե վերացական, այլ շատ առարկայական առումներով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը