Հարցազրույց

15.04.2015 16:55


Արցախի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը չի բացառում «վրանային» պայքարի տարբերակը

Արցախի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը չի բացառում «վրանային» պայքարի տարբերակը

«Սվիլնեթի» հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն անդրադարձել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

. . .

-Պարոն Խանումյան, վերջին օրերին Ձեր նախընտրական շտաբն ահազանգում է ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների, «Ազգային վերածնունդ» կուսակցության համակիրների նկատմամբ պարբերական բնույթ կրող ճնշումների վերաբերյալ: Ինչպե՞ս կգնահատեիք այս ամենը։

-Մեր կուսակցության դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդեն զգացվեց քարոզարշավի երկրորդ օրը: Առաջին օրը Ստեփանակերտի տարբեր կոլեկտիվների հետ հաջողված հանդիպումներին հաջորդեցին սակավամարդ հանդիպումները։ Դա շատ զարմանալի էր։ Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ հիմնարկների տնօրենները ցուցում էին ստացել մարդկանց արգելել մեզ հետ հանդիպումների գալը: Դրանից հետո մենք հրաժարվեցինք հիմնարկներ գնալուց, սկսեցինք բակային հանդիպումներ կազմակերպել, ինչպես նաև անհատական շփումների պրակտիկան կիրառել՝ միաժամանակ օգտագործելով եթերային ժամանակը: Դրանք արդեն շատ արդյունավետ էին։ Տեսնելով, որ իրենց կիրառած գործիքակազմը չի աշխատում՝ իշխանություններն անցան անմիջական ճնշումների։ Կուսակցության համակիրներից շատերին հանդիպում են ԱԱԾ բարձրաստիճան ծառայողներ և պահանջում չհամագործակցել մեզ հետ, սպառնալիքներ հնչեցնում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով հանդիպում է մեր համակիրներին, զգուշացնում «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին չաշխատել, հակառակ դեպքում խոստանում խնդիրներ առաջացնել նրանց համար։ Այդ նույն ծառայությունները ձեռնամուխ էին եղել մեր կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն, «հոգացել» էին արտերկիր մեկնելու նրա ծախսերը։ Պարզ ասած՝ իշխանությունները քաղաքացուն վտարել են երկրից նրա քաղաքական դիրքորոշման համար։

-Ձեր կուսակցության շտաբի պետը հայտարարություն էր տարածել «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի շենքի տիրոջ նկատմամբ ճնշումների մասին, ինչին հետևել է վերջինիս խնդրանքը՝ ազատել տարածքը: Ի՞նչ պետք է անեք, եթե տարածքի տերը պնդի իր պահանջը, և դուք զրկվեք գրասենյակի վարձակալության հնարավորությունից:

-Տարբեր սցենարներ կան: Դրանցից մեկը նաև վրանային ընտրական շտաբ ունենալն է: Շտաբում արդեն իսկ հանձնարարվել է գտնել դաշտային վրաններ: Այդ վրանները մենք կտեղադրենք հրապարակում։ Ուրիշ ի՞նչ է մնում անել։

-Ըստ Ձեզ, ինչու՞ են իշխանությունները գնում նման քայլերի. չէ՞ որ խորհրդարանական նախորդ ընտրություններում նման բաներ չեն եղել։ Արդյոք դա որևէ կերպ կապված է այն հայտարարության հետ, որ ձեր կուսակցությանն աջակցելու է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

–Հարցի մեջ արդեն իսկ պատասխան կա։

Ամեն դեպքում մի փոքր մանրամասնեք։

–Գիտեք, մեր կուսակցությունը վերահսկելի չէ իշխանությունների կողմից։ Սա էլ նրանց անհանգստության պատճառն է դառնում, քանի որ գիտեն, թե իրենք ինչպես են կառավարել՝ դեմոկրատիայի անվան տակ։ Արցախում կենտրոնացված է ամեն ինչ։ Բիզնեսն ու իշխանությունն այնպես են սերտաճել, որ դժվար է արդեն պարզել, թե որտեղ է սկսվում մասնավորը և որտեղ ավարտվում պետական-իշխանականը։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչն ինչոց է և ինչու են իրենք վատ ապրում։ Հիմա մեր կուսակցությունը մատնանշում է խնդիրները և այլընտրանքային լուծումներ առաջարկում։ Մենք խոսում ենք բիզնեսի վիճակը թեթևացնելու, թոշակները, նպաստները և աշխատավարձները բարձրացնելու հնարավորությունների մասին, էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, հարկային նոր համակարգի, հարկերի իջեցման մասին։ Սա ուղղակի հարված է իշխանավորների մասնավոր շահերին։ Դրա համար էլ իրար են խառնվել։

Եթե ճնշումներն ուժեղանան ու շարունակական բնույթ կրեն, ապա ի՞նչ եք անելու։

–Մեծ հաշվով, բան չի փոխվելու մեզ մոտ։ Քայլերից մեկի մասին արդեն նշեցի։ Բացի այդ՝ մենք առաջարկում ենք, որպեսզի Հայաստանի հասարակությունն անուշադրության չմատնի Արցախի ընտրությունները։ Ի վերջո, դրա համար կան իրավական, քաղաքական, տնտեսական ու անվտանգությանն առնչվող պատճառներ։ Գաղտինք չէ, որ ՀՀ–ն ԼՂՀ–ին ամեն տարի հսկայական միջոցներ է հատկացնում միջպետական վարկի շրջանակներում։ Ճիշտ կլինի, որ ՀՀ հարկատուները հետաքրքրվեն, թե ինչպես են ծախսվում այդ գումարները և ում են իրենք տալիս ֆինանսական միջոցները։ Սա անվտանգության խնդիր է։ Ո՞վ է ասել, որ մարդու իրավունքների խնդիրները ստորադասվում են անվտանգության խնդիրներին կամ հակադրվում վերջիններիս հետ։ Դրանք մեր համոզմամբ փոխկապակցված հարցեր են ու միջազգային ճանաչման խնդիր ունեցող ԼՂՀ–ն պետք է աշխարհին ներկայանա լեգիտիմ ընտրություններով և լեգիտիմ իշխանությամբ։

Ճիշտ կլինի, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիտորդական առաքելություն ուղարկի Արցախ։ Նույնը պետք է անեն նաև ՀՀ քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։ Այլապես ստացվում է, որ Արցախը օտար տեղ է։ Բայց չէ՞ որ սա բոլորիս խնդիրն է։

Ազատ ընտրությունները մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից եմ համարում։ Այնպես որ մի կողմ չի կարելի քաշվել ու Արցախի մասին հիշել միայն տոնական առիթներով կամ երբ վատ լուր է գալիս սահմանագծից։

Աղբյուրը՝ http://civilnet.am/2015/04/15/nagorno-karabakh-elections-hayk-khanumyan-interview/#.VS5Xy_msX5I

Այս խորագրի վերջին նյութերը