Լրահոս

27.10.2009 18:53


Արամ Մանուկյան. «ՀԱԿ–ը ջատագով է արտահերթ ընտրությունների՝ ոչ հեղափոխական ճանապարհով, բայց հրաժարականի առաջարկով»

Արամ Մանուկյան. «ՀԱԿ–ը ջատագով է արտահերթ ընտրությունների՝ ոչ հեղափոխական ճանապարհով, բայց հրաժարականի առաջարկով»

Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր եկած ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը «7օր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «արտահերթ ընտրությունների ռեալ հնարավորություն կլինի, երբ ճշմարտությունների բացման շարքին ավելանա Ղարաբաղի հարցի գործոնը հայ-թուրքական հարաբերություններում»։ Նրա կարծիքով, «եթե ժողովուրդը համոզվեց, որ իսկապես Ղարաբաղը, մասնավորապես Ղարաբաղից հայկական զորքերի դուրս հանումը հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում է, և մեծերի ու միջազգային կազմակերպությունների միջև եղած պայմանավորվածությունների կամ ճնշման արդյունք, այդ ժամանակ ռեալ կառաջանա նման իրավիճակ»։

-Վերջին հաշվով՝ այս պահին ղարաբաղցիները դեռ հավատում են, որ Ղարաբաղը չկա հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում։ Սփյուռքն էլ չէր հավատում, որ Ցեղասպանության ճանաչման կասկածելիությունը փաստաթղթում կար, բայց այնուհետև հասկացավ։ Երբ Ղարաբաղը հասկանա, որ կրկին ոչ ուղղակի բառերով, բայց Ղարաբաղը կա, կարծում եմ՝ իր վերաբերմունքը պետք է արտահայտի։ Հայաստանցիների համար խնդիր չկա։ Հայաստանցիները մինչև կոկորդը լցված են այս իշխանություններից։ Հազար ու մի պատճառ կա։ Այնպես որ, կարծում եմ, որ Սփյուռքի ճանաչողական գործընթացը, Ղարաբաղի ճանաչողական գործընթացը և մեր վերահաստատումն այն երևույթին, ինչի մեջ ապրում ենք, իշխանափոխության լուրջ հիմք կտա,- ասել է Ա.Մանուկյանը։ 

«Ճի՞շտ եք համարում 1998թ. իշխանափոխությունը՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի և իր թիմի» հարցին Արամ Մանուկյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ հոկտեմբերի 27-ին նման հարցի պատասխանել չի ցանկանում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ինքն ընդհանրապես որևէ հեղաշրջում ճիշտ չի համարում, քանի որ աշխարհում կա քաղաքակրթության կողմից հիմնած իշխանափոխության մի ձև՝ ընտրությունները»։

-ՀԱԿ-ը ջատագով է արտահերթ ընտրությունների՝ ոչ հեղափոխական ճանապարհով, բայց հրաժարականի առաջարկով, որովհետև որքան էլ ուշ, բայց նորից անարժանապատիվ փաստաթղթերից խուսափելու միակ ճանապարհը հրաժարականն է։ Մեր պատմությունը չունի նման դեպք, երբ ոչ ֆորսմաժորային իրավիճակում մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրում։ Չկա այդպիսի դեպք։ Մեր բոլոր փաստաթղթերն ինչ-որ կերպ իրավիճակի արձագանք են եղել։ Հիմա այդ իրավիճակը չէր, որ Հայաստանը գնար նման զիջումների։ Ընդամենը մեկ-երկու հոգու իշխանակառչության  արդյունքում է, որ մենք այսքան կորուստներ ենք տալիս։ Եթե իշխանությունը կամ ժողովուրդն ուզում է, որ այդ փաստաթղթերն ուժ չստանան, ապա հրաժարականը փրկություն է։

Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախբվելու Լևոն տեր-Պետրոսյանի կոչի վերաբերյալ Արամ Մանուկյանն ասել է, որ գրեթե մոռացել է, թե ինչ իրավիճակ էր այն ժամանակ, և ինչ ենթատեքստով է Լևոն Տեր-Պետրոսյանը դա ասել։ Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահը շատ լուրջ և երբեմն առաջին հայացքից դժվար ընկալվող հատկություն ունի՝ պետության և անկախության արժեքներն իր համար բարձր են ամեն ինչից.

-Միայն այս մեկ տարվա ընթացքում պետության շահից ելնելով՝ մենք երկու անգամ իր նախաձեռնությամբ միտինգների «time out» ենք արել։ Պետության շահը գերակա շահ դիտարկելու քայլերն իր համար օրինաչափ են, և հաճախ ենք հանդես գալիս նման քայլերով։ Այն ժամանակ էլ էր այդ վիճակը։ Այս տարի երկու անգամ այդ իրավիճակը ստեղծվեց, թե ե՞րբ իշխանություններին շանս տալ հնարավորինս պայքարել մարտահրավերների դեմ։ Այս պահին էլ մենք ամենաակտիվ գործողություններից մի փոքր հետ կանգնեցինք, որ իշխանությունները կարողանան դիմագրավել այդ փաստաթղթերի դեմ։ Չդիմագրավեցին, արդեն իրենց գործն է, մեղքն իրենց վիզը։ Հաջորդ քայլն արդեն հրաժարականն է։ Չեն հրաժարվի, կստիպենք հրաժարվել։

Նրա խոսքերով՝ իրենք առաջարկում են փրկության ձևը, և եթե Սերժ Սարգսյանն ուզում է, որ փաստաթղթերը չվավերացնեն, պետք է հրաժարական տա, և որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ օրինակն արդեն մեկ անգամ ցույց է տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը