Լրահոս

27.10.2009 19:02


Գրիգոր Հարությունյան. «1999թ. Լևոն Տեր–Պետրոսյանը կոչ է արել, որ երկիրը հավաքվի նախագահի ինստիտուտի շուրջ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի»

Գրիգոր Հարությունյան. «1999թ. Լևոն Տեր–Պետրոսյանը կոչ է արել, որ երկիրը հավաքվի նախագահի ինստիտուտի շուրջ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի»

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ  էր արել համախմբվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրմին ծաղիկներ դնելուց հետո «7օր»-ի հետ զրույցում ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը, ասել է, որ այն ժամանակ կարող էր արտաքին ագրեսիա լինել Հայաստանի վրա։

-Ես որքան հիշում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դա պարզաբանել է։ Նա ասել էր, որ  ծանր վիճակ կարող է լինել, և արտաքին ագրեսիա կարող է լինել Հայաստանի վրա։ Այս տեսակետից կոչ է արել, որ երկիրը հավաքվի նախագահի ինստիտուտի շուրջ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի։ Այն ժամանակ իսկապես այդ վտանգը կար,-ասել է նա։

Այն հարցին, թե Վազգեն Սարգսյանը ճի՞շտ արեց, որ իր թիմով 1998թ. իշխանափոխություն արեց, նա պատասխանել է, որ ոչ ոք իշխանափոխություն չի արել. նախագահն է հրաժարական տվել։

«Իսկ արդյոք Վազգեն Սարգսյանն այդ հարցում որևէ դերակատարում  չի՞ ունեցել» հարցին  Գրիգոր Հարությունյանը պատասխանել է. «Եթե Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշումներ իրականացներ այն ժամանակ, այսօր... համենայնդեպս, ինքն այստեղ է, չէ՞, այսօր Վազգեն Սարգսյանի եղբոր կողքին է, չէ՞, այսինքն՝ պետք չէ այդ բաներին բան տալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այս մոտեցումը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված։ Շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանը, համաձայն չէին դրա հետ, և նախագահն ասաց՝ եթե այդ ձևին համաձայն չեք, ես այլ տարբերակով չեմ կարող, դրա համար գնում եմ։ Թող նոր մարդիկ գան իրականացնեն»։

Իսկ թե արդյոք Վազգեն Սարգսյանը ճի՞շտ էր, երբ համաձայն չէր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման հետ, Գրիգոր Հարությունյանն ասել է, թե չի կարող պատասխանել։

-Համենայնդեպս, այսօր պատմությունը, այս գործընթացները ցույց են տալիս, որ փուլային տարբերակն է դրված կարգավորման հիմքում,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը