Հարցազրույց

27.10.2009 19:54


Արամ Զ. Սարգսյան.

Արամ Զ. Սարգսյան.

ՀՀ ԱԺ նախկին նախագահի՝ Կարեն Դեմիրճյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը պատասխանել է «7օր»-ի հարցերին։

-1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Ճի՞շտ եք համարում այդ կոչը։

-Այո՛, ճիշտ եմ համարում։ Հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը և դրանից հետո առնվազն մեկ ամսվա մեջ նման մոտեցումը բացարձակ ճիշտ էր։ Եթե ճիշտ չհամարեի, ես վարչապետ աշխատելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը չէի ընդունի, որովհետև դա այնպիսի մի վիճակ էր, երբ բոլորը բոլորին էին կասկածում, և այդ վիճակում պետք էր գնալ, տեսնել, փորձել խնդիրը մտցնել դատարան և դատական ատյաններով պարզել՝ ովքե՞ր են մեղավորները, ովքե՞ր են պատասխանատուները, կա՞ն կազմակերպիչներ, թե՞ ոչ։ Դժբախտաբար, դա առ այսօր էլ արված չէ։ Կասկածներ բոլորս ունենք, ենթադրություններ բոլորս ունենք, բայց հիմնավորված որևէ բան չկա։ Ու ամբողջ դժբախտությունն այն է, որ հենց այսօրվա գործող իշխանությունները, մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, որ այսօր իշխանություն է, չէր բացառում, ավելին՝ շատ տեղերում պնդում էր դրսից կազմակերպված լինելու վարկածը։ Դեմ չլինելով, որ կարող է դրսից կազմակերպված լինի՝ չեմ կարող չմտածել, որ դա իրենք էին անում իրենց դեմքը ժողովրդի առաջ պահպանելու համար։ Հակառակ պարագայում այսօր ամբողջական իշխանություն ունեն, խորհրդարանում ամբողջությամբ իրենք են, նախագահն էլ իրենցն է, իրեն էլ Վազգենին ընկեր է համարում։ Դե թող դնեն բացահայտեն, չասեն՝ այդ 5-ն են բացահայտվածները։ Առավել ևս, որ այն ժամանակ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը չէր համարում, որ կազմակերպիչներ չկան։ Համենայնդեպս, ինձ այդպես են ասել։ Ես նրան, ում կասկածում էի, առ այսօր շարունակում եմ կասկածել, որովհետև ոչինչ չի արվել, որ կասկածները վերանան։

-Իսկ ո՞ւմ եք կասկածում։

-Գիտեք, մեղադրանքներ չէի ուզենա հնչեցնել որևէ մեկի հասցեին, առավել ևս՝ ես իսկապես քրիստոնյա մարդ եմ։ Բայց չկասկածելու իրավունք էլ չունեմ։ Այն մարդկանց, ում անմիջապես դահլիճից զանգել են, այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ Հոկտեմբերի 27-ի գործը դատարանում շատ արագ կարճվի, դատավորները հիվանդացան, 140 վկաներից հարցաքննվեցին 40-ը, տեսագրություններ, ձայնագրություններ կորսվեցին կամ կեղծ համարվեցին, բոլոր այդ մարդկանց՝ սկսած շարքային դատավորից, վերջացրած դատախազ ասվածով, բոլորին կասկածում եմ։

-1998-ին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակին դեմ լինելով՝ Վազգեն Սարգսյանն իր թիմով իշխանափոխություն իրականացրեց։ Երբ տարիների հեռվից նայում եք, Վազգեն Սարգսյանի այդ քայլն արդարացվա՞ծ էր։

-Դուք պատմական-վերլուծական նյութ եք ուզում բարձրացնել՝ ոտքի վրա հարցազրույցով։ Ես խոստանում եմ, որ ժամանակին, եթե հասնեմ դրան, ես էլ կգրեմ մենախոսություններ, կմեկնաբանեմ, պատմական ակնարկներ կանեմ՝ ճիշտ ու սխալի մասով, բայց Վազգեն Սարգսյանն ինքը հենց Հանրապետական կուսակցության համագումարում հայտարարեց, որ մենք դեռ պիտի կարողանանք ապացուցել՝ ո՞վ էր մեզանից ճիշտ, իսկ դրա համար լուրջ անելիքներ ունենք։ Ես կարող եմ մի բան ասել՝ եթե Հոկտեմբերի 27 տեղի չունենար, այո՛, Վազգեն Սարգսյանը ճիշտ կլիներ։ Հոկտեմբերի 27-ը կասեցրեց այդ գործընթացը։ Իհա՛րկե, այն ժամանակ էլ էր դժվար, այն ժամանակ էլ Վազգենը խոսում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից և Ղարաբաղի հիմնահարցի լուծումից, բայց այն ժամանակ մենք շատ ուժեղ էինք, այն ժամանակ մեր մեջքն այսպես կոտրած չէր, Հոկտեմբերի 27 տեղի չէր ունեցել, այս երկրում Մարտի 1 տեղի չէր ունեցել, ու Մարտի մեկի սպանող մարդիկ, ովքեր պատասխանատվության չեն ենթարկվել, դա էլ է ժողովրդի հոգին, ոգին, սիրտը կոտրում, ու այսօր մենք արժանի ենք նրան, ինչը մեզ առաջարկում են։ Այն ժամանակ մենք կունենայինք ավելին՝ կլիներ բացարձակ ուրիշ Հայաստան Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի պարագայում։ Համոզված եմ։ Նույնիսկ տարածաշրջանն էր ուրիշ լինելու։ Մենք ահռելի բան կորցրեցինք, ու դրա համար ես այսօրվա վիճակը նայելով՝ շատ նմանություն եմ տեսնում 99թ. հոկտեմբերի վիճակի հետ և վախենում եմ այդ նմանությունից, որովհետև նման բաները երկիրը սոսկալի հետ են գցում։ Նույն Ղարաբաղի հիմնահարցի շուտափույթ լուծումը նմանություն է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, նմանությունը՝ բանակցությունների ու բանակցող կողմերի նույն արգումենտները, նմանությունը՝ փոխադարձ ճանապարհների ու կոմունիկացիաների հնարավորություն տալը, ամեն ինչով նույնն են։ Ես 27-ից հետո գործի բերումով շփվեցի նաև այն մարդկանց հետ, ովքեր տարածաշրջանի արտաքին քաղաքական խնդիրներով են զբաղվում, և մի հիմնական շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանն իրեն դիտորդ էր հայտարարել, ստիպված եղա այդ բաները տանել, և վստահաբար ասում եմ, որ նմանությունները շատ են։

-Եթե կրկին վերադառնանք 1999թ. հոկտեմբերի 27, ապա կհիշենք, որ այն ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ զինդատախազ էր, և ասում էր, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ողջ ճշմարտությունը գիտի, բայց պաշտոնով կաշկանդված է և չի կարող ողջ ճշմարտությունն ասել։ Հիմա այլևս զինդատախազ չէ, Ձեր թիմակիցն է, ՀԱԿ–ից է, ինչո՞ւ չի ասում ողջ ճշմարտությունը, կամ  հիմա անձամբ Ձե՛զ ասե՞լ է։

-Հարցը կոռեկտ կլինի Գագիկ Ջհանգիրյանին տալ, ես էլ, Դուք հենց հարցը տաք, կմիանամ այդ հարցին ու այն Գագիկ Ջհանգիրյանին կտամ։

-Իրեն առանձին այդ հարցը չե՞ք տվել։

-Խնդիրն առանձին տալը չէ։ Ես ուզում եմ, որ այս ժողովուրդն իմանա՝ ի՞նչ է եղել, ինչի՞ համար։ Ես գտնում եմ, որ երկրին է պետք 27-ի բացահայտումը, երկրին է պետք Մարտի 1-ի դեպքերի ու դրանց կատարողների բացահայտումը։ Դա հարազատների համար շատ բան չի փոխում. մենք ինչ կորցրել ենք, հետ չի գալու, ու դա չէ խնդիրը։ Դրանից իմ կարոտը չի պակասելու Վազգենի հանդեպ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Հ.Գ. «7օր»-ը նույն հարցը փորձել է ուղղել նաև Կոմիտասի անվան պանթեոն այցելած Գագիկ Ջհանգիրյանին և ճշտել, թե ինչո՞ւ նա այժմ էլ չի ասում Հոկտեմբերի 27-ի մասին իր իմացած ողջ ճշմարտությունը, եթե այդպիսին կա իր մտքում, սակայն նա հրաժարվել է պատասխանել մեր հարցին՝ նշելով, որ այսօր ինքը չի խոսում։

Այս խորագրի վերջին նյութերը