Մեկնաբանություն

20.04.2015 23:30


Ինչպես և ինչու անել հացադուլ

Ինչպես և ինչու անել հացադուլ

Հացադուլի թեման մեր քաղաքական դաշտում պարբերաբար ի հայտ է գալիս։

Հացադուլը պայքարի հրաշալի և արագ արդյունք ապահովող մեթոդ է, եթե, իհարկե, խնդիր ես դրել ավելորդ կիլոգրամներդ կորցնել, կամ պարզապես «շուխուր» անել։

Այսօր, օրինակ, հացադուլի է անցել ազատամարտիկներից մեկը։

Ինչպես հայտնի է, օրերս Ազատության հրապարակում հայտարարվել էր, որ ազատամարտիկները հացադուլ են հայտարարելու՝ ի պաշտպանություն «100–ամյակն առանց ռեժիմի» շարժման անազատության մեջ գտնվող առաջնորդների։

Հացադուլը հայտարարվեց, բայց ոչ թե ազատամարտիկներով, այլ մի ազատամարտիկով, բայց ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց, բայց դա շարունակվելու է ոչ թե դրսում, այլ ազատամարտիկի տանը։

Համաձայնե՛ք, որ դա հզորագույն քայլ է, և, իրոք, 100–ամյակն այդ հացադուլավորի համար առանց ռեժիմի է ստացվելու, քանզի նա հրաժարվել է սնդդային ռեժիմից ու տանը նստած հաց չի ուտելու։ Այ նա հաստատ 100–ամյա տարելիցը կդիմավորի առանց ռեժիմի։

Եթե հիշում եք, մի ժամանակ էլ Պարույր Հայրիկյանն էր հացադուլի հզոր մեթոդին դիմել։ Նա նախագահական նստավայրի դիմաց մի ժամ հացադուլ էր անում։ Բնականաբար, կուշտ սնվելուց հետո։

Ի դեպ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ահագին մարդ չհայտարարված հացադուլի մեջ է, քանզի աղքատության եզրին է գտնվում։ Նրանք տանը նստած պարտադիր, բայց ոչ պարտադրված հացադուլի մեջ են։

Այնպես որ, ազատամարտիկը ճիշտ է արել, որ որոշել է հացադուլը տանն անցկացնել։ Նա այդպիսով միացել է հարյուր հազարավոր մեր աղքատ քաղաքացիներին, ովքեր նույնպես տանն են հացադուլն անում։

Հենց այդպես էլ պետք է լինի։ Առանց ռեժիմի սնվելը կամ սնվելու ռեժմից ազատվելն արդեն իսկ քաղաքացիական անհնազանդության պես մի բան է։ Եվ ուրեմն ...

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը