Մեկնաբանություն

21.04.2015 20:40


«S.O.A.D.»–ի համերգի հետ կապված՝ մի քանի խորհուրդ ոստիկանությանը

«S.O.A.D.»–ի համերգի հետ կապված՝ մի քանի խորհուրդ ոստիկանությանը

Աշխարհահռչակ «System of a Down» (կամ ինչպես փոխոստիկանապետը կասեր՝ «Սիստեմ օն դաուն») նյու մետալ ուղղության խմբի համերգը կարող է անջնջելի հիշողություններ թողնել ռոք երաժշտության սիրահարների մոտ։ Ընդ որում՝ անջնջելի և՛ լավ, և՛ վատ իմաստներով։

«Զվուկ», լույս և «դրայվ»

Սկսեմ ակնկալվող լավից։

Դատելով ամենից՝ ձայնի որակը կլինի միջազգային ստանդարտներով, ինչը նշանակում է, որ մենք Հանրապետության հրապարակում կվայելենք բարձրակարգ երաժշտություն (անկախ երգացանկից, քանզի նյու մետալի սիրահարների համար «S.O.A.D.»–ի բոլոր գործերն էլ լավն են)։

Բեմի ձևավորումը և լուսային լուծումներն էլ բարձր մակարդակի վրա են։

Խմբի մոսկովյան համերգը, որը կայացավ երեկ, ցույց տվեց, որ խմբի մոտ, այսպես ասած, «դրայվը» տեղն է։

Եվ ուրեմն, «կայֆ» համերգ է սպասվում։

Ոստիկանության «սիստեմը»

Այժմ վատի մասին։ Ավելի ճիշտ՝ մտավախություններիս մասին։

Շատ կարևոր է, որպեսզի ոստիկանությունը համը չհանի։ Այսինքն, չուզենա լավ, բայց ստացվի՝ ինչպես միշտ։

Հիշում եմ, երբ ռոքի լեգենդներից մեկը՝ «Deep Purple»-ն էր Մարզահամերգային համալիրում համերգ տալիս, ոստիկանները մի հատ փոքրիկ դուռ էին բացել ու միայն այդտեղից էին մարդկանց ներս թողնում՝ արհեստականորեն կուտակումներ առաջացնելով ու փչացնելով համերգի եկածների տրամադրությունը։ Մինչդեռ, եթե մի քանի դուռ բաց լիներ, ապա աշխարհը փուլ չէր գա։ Բայց դե, ոստիկանությունը սիրում է իշխանություն բանեցնել այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա։

Էլի թող կարգուկանոն հաստատեն, բայց երբ իրենք են խնդիրներ ստեղծում, այդ պահից էլ կարգուկանոնը փոխարինվում է անիմաստ հրմշտոցով և լեզվակռվով։

Ասելս այն է, որ «S.O.A.D.»-ի համերգից առաջ պետք է հաշվի առնվի, որ շատ երկրպագուներ կլինեն, և, հետևաբար, պետք է այնպես անել, որ քաշքշուկներ չլինեն։ Դրա լավագույն տարբերակը նեղ միջանցքներից խուսափելն ու արհեստական աժիոտաժ չստեղծելն է։

Անցնեմ առաջ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սիստեմի» մատուցած երաժշտությունը ոստիկաններից շատերի ականջների համար կարող է դաժան փորձության վերածվել՝ պետք է նրանց նախապատրաստել։ Կիթառային «հարձակումներն» ու հարվածայինի արագ տեմպը կարող է նրանց կատաղեցնել, քանզի «խամ» ականջի համար այդ երաժշտությունը կտտանքի պես մի բան է։ Հետևաբար, լավ կլինի, որ ոստիկաններն այս երկու օրը «սիստեմա» ընդունեն, այն է՝ լսեն «System of a Down»–ի գործերը, և ականջները սովորոցնեն «գոռգոռոցներին» ու «թրեշ»–ին։

Եթե կարգ պահպանող ոստիկանները հիմնականում Վլեի, սպիտակցի Հայկոյի, Թաթուլի կամ թեկուզ Թաթայի երգերի տակ մեծացած տղաներ են (ամենայն հավանականությամբ՝ այդպիսին են), ապա նրանց համար Սերժ Թանկյանի «սղոցող» վոկալը և Դարոն Մալաքյանի ծակող «գոռոցը» պարզապես մղձավանջի կարող են վերածվել՝ համարյա «ցեղասպանության»։

Այնպես որ, ճիշտը նախապես պատրաստվելն է։

Բացի այդ, նմանատիպ մետալ խմբերի համերգների ժամանակ ընդունված է շրջան կազմել և իրար հրմշտելով պտույտ տալ բեմի դիմացի հատվածում։ Դա յուրօրինակ ռիտուալ է։ «Կախարդական շրջանի» մասնակիցներն այդպիսով միմյանց ու բեմի հետ յուրօրինակ ձևով կոնտակտի մեջ են մտնում։

Չի բացառվում, որ Հանրապետության հրապարակում էլ նման բան լինի։ Դա տեսնելիս ոստիկանները չպետք է նետվեն «շրջանի» կազմման մասնակիցների վրա ու նրանց տանեն բաժին։ Մի խոսքով, չպետք է հարամեն համերգը և «բորշեն»։

«Շրջանը» կազմվում է ոչ բոլոր երգերի ժամանակ ու ինքնաբերաբար ցրվում է։ Այսինքն, ոստիկաններն այդտեղ անելիք չունեն, նույնիսկ եթե հրմշտոցն իրենց վտանգավոր թվա։ Միջամտությունն ավելի կբարդացնի գործն ու անկանխատեսելի կդարձնի երկրպագուների հետ նրանց շփումը։

Ես չեմ պնդում, որ մեզ մոտ «շրջան» կկազմվի, բայց «S.O.A.D.»–ի համերգների ժամանակ ամբողջ աշխարհում այդպես է լինում։ Եվ մեծ է հավանականությունը, որ այստեղ էլ այդպես կլինի։ Դրա համար պետք է պատրաստ լինել։

Ոստիկանների գործը պետք է լինի այնպես համերգին հետևելն ու անվտանգություն ապահովելը, որ նրանց ներկայությունը չզգացվի։

Մենք հասկանում ենք, որ երեկոյան ժամը 8:00–ին (առավոտյան 20:00–ի տարբերակով) ոստիկաններն ահագին հոգնած կլինեն, ու հոգնածությունից կարող են ագրեսիվանալ, բայց ռոքի իրական սիրահարներին պետք չէ հունից հանել, այլապես վերջիններս էլ կագրեսիվանան, ու խիարը թարս կբուսնի ապրիլի 24–ի նախօրյակին, ինչը չի կարելի թույլ տալ։

. . .

Սրանք էին ակնկալիքներս ու մտավախություններս։ Հուսով եմ՝ ակնկալիքներս կբավարարվեն, իսկ մտավախություններս կմնան տեսական մակարդակի վրա։

Բոլորիս բարի ժամանց եմ մաղթում «S.O.A.D.»-ի համերգի ժամանակ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը