Մեկնաբանություն

24.04.2015 20:50


«System of a Revolution»

«System of a Revolution»

«System of a Down» ռոք խմբի համերգը Երևանում սպասվածից լավ ստացվեց։ Շատ բարձր էներգետիկա կար (հանուն արդարության՝ պետք է նշել, որ ձայնը ցածր էր, ու ահագին տեղ կար՝ դեցիբելներն ավելացնելու, քանի որ ռոք խմբերի համերգներին պետք է համապատասխան ձայնային «դոզա» լինի, բայց դա տվյալ դեպքում էական չէր)։

Երեկ հրապարակում շատ էր սիմվոլիզմը։

Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը բառիս բուն և փոխաբերական իմաստներով ահագին մարդու և ահագին բան «ջրեցին»։

Սա, կարծես, Քիմ Քարդաշյանի ռեփեր ամուսին Քանիե Ուեսթի «ջրոցիի» շարունակությունը լիներ։

Հայերը, հատկապես՝ երիտասարդները, չվախեցան թրջվելուց։ Պահպանողական «պրագմատիզմն» իր տեղը զիջեց հեղափոխական «ռոմանտիզմին»։ Ավելին՝ հայերը սեփական նախաձեռնությամբ թրջվեցին և՛ Քանիեի, և՛ «S.O.A.D.»–ի համերգների ժամանակ։ Դա վերածվեց յուրօրինակ ռիտուալի՝ մաքրման գործընթացի։ Գաղջը այդ պահին լքեց մեր քաղաքը։ Օդը մաքրվեց։ Գոնե համերգների ժամանակ հաստատ մաքրվեց։

Իրենց համերգներով Քանիեն ու «S.O.A.D»–ը նախ «ցեղասպանություն» իրականացրեցին։ Նրանց ելույթներից հետո մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը պետք է հերթագրվի բժիշկների մոտ, կամ էլ՝ ինքնահրկիզվի բեմի վրա։ Ու ոչ թե այն պատճառով, որ «տեղականները» շատ ավելի քիչ են վաստակում, քան ամերիկացիները, այլ որ վերջիններս շատ ավելի ազատ են, զուրկ ձևականությունից ու կեղծիքից։ Սրանց կեղծիքն ու ցածրորակությունն, այսպես թե այնպես, երևում էր, բայց հիմա ավելի ցայտուն դարձավ։

Մեր տնաբույծ «աստղերի» և «աստղիկների» թեման այլևս պետք է փակված համարել։

Քանիեն ու «S.O.A.D»–ը նաև մշակութային ու քաղաքական հեղափոխություն արեցին։ Նրանք ցույց տվեցին, որ կարելի է նաև ոչ ցածրաճաշակ երաժշտության միջոցով զանգվածների հանել փողոց, այն էլ՝ անձրևի տակ։ Եվ ծիծաղելի են բոլոր այն խոսակցությունները, թե մեզ մոտ 6/8–ից այն կողմ հասկացողներ չկան, և, հետևաբար, մերոնք ստիպված են կլկլացնում, որպեսզի փող աշխատեն, ու սովից չզկռտան։ Պարզվեց, որ լավ երաժշտության սիրահարներ կան, ու նրանք, մեղմ ասած, քիչ չեն։

«S.O.A.D»–ի մոտ կարմիր թելով անցնում են հայկական մոտիվները, բայց այն, միևնույն է, «կոսմոպոլիտ» երաժշտություն է համարվում՝ հանդիսանալով համաշխարհային ռոք երաժշտության մի մասնիկ։ Իսկ դա ավելի ազգային է, քան քյարթու մուղամը, որը «քաշում» են այստեղ։

Հիմա քաղաքականի մասին։

Քանիեն ու «S.O.A.D»–ը ցույց տվեցին, որ եթե ասելիք ու անելիք կա, ապա շատ արագ կարելի է փողոց հանել մարդկանց։ Ընդ որում՝ այս երկուսի «ցունամին» ցույց տվեց, որ մարդիկ ու հատկապես երիտասարդները շատ լավ գիտեն, թե ինչն է լավ, ու ինչն է վատ։ Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ իրենք պատրաստ են գալ հրապարակ՝ լինի դա լավ երաժշտությա՞ն, թե՞ ռացիոնալ քաղաքական պայքարի համար։

Ճիշտ քաղաքական կոդեր, արդյունավետ թիմ և ռացիոնալ ծրագիր. ահա՛ հրապարակներն ու փողոցները լցնելու և փոփոխությունների հասնելու լավագույն բանաձը։

Քաղաքական այն ուժերի պնդումները, որ մեր ժողովուրդը սեզոնային կամ «եղանակային» պայքարի կողմնակից է, և որ կլիմայական պայմաններից ելնելով է պետք պլանավորել քաղաքական գործընթացները՝ դատարկաբանություն են և սեփական անկարողությունն արդարացնելու փորձ։

Մեր ամերիկացի փեսան և ամերիկահայերը, այսպիսով, մեզ ցույց տվեցին «System of a Revolution»–ը։ Մնացածը մեր ձեռքերում է։ Պետք է արթնացնել հոգիները, որոնք փորձում են ոչնչացնել Հայաստանում՝ «սահմանադրական փոփոխությունների» միջոցով և մեկ մարդու իշխանության վերարտադրություն ապահովելու ծրագրով։

Հայաստանում քաղաքական ու մշակութային համընդհանուր փոփոխությունը և ժամանակակից պետության ստեղծումը կլինեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման լավագույն ակտերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը