Մեկնաբանություն

27.04.2015 11:45


Տիգրան Սարգսյանը հեռվից էլ է շարունակում Հայաստանին վնասել

Տիգրան Սարգսյանը հեռվից էլ է շարունակում Հայաստանին վնասել

Եթե մենք նորմալ պետություն և օրինապաշտ իշխանություն ունենայինք, ապա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կհայտնվեր ոչ թե դեսպանի, այլ մեղադրյալի աթոռին, ու կխոսեր ոչ թե Ցեղասպանության, այլ այն մասին, թե ինչպես իր վարչապետության շրջանում հարյուր հազարավոր հայեր համալրեցին «Հայկական աշխարհը»։

Բայց քանի դեռ այս վիճակում ենք, ուստի ստիպված ենք հետևել, թե ինչպես է շարունակում իր ավերածությունները սույն տխրահռչակ պարոնը։

Հանդես գալով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Կապիտոլիումի բարձունքին հավաքվածների առջև՝ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մեր մեկդարյա պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար չունի քաղաքական նպատակներ: Սա պրագմատիկ պայքար չէ. այն քաղաքական շահեր չի հետապնդում։ Մենք պայքարում ենք պատմական արդարության վերականգնման համար, մեր պատվի և խղճի համար, մեր ինքնության համար: Այն մեր պոետների հոգիների կանչն է, որն ամեն մի հայ ամբողջ աշխարհում ներառում է իր մեջ»։

Նկատենք, որ այս խոսքերն ամբողջությամբ տեղավորվում են «քիրվայական» գաղափարախոսության շրջանակներում, և «Ֆուտբոլային» դիվանագիտության կոդի մեջ են։

Փաստորեն, ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական բնույթի չէ, և պրագմատիկ պայքար չէ։ Սա ոչ միայն անգրագետ, այլ նաև հակապետական ձևակերպում է, քանզի Ցեղասպանության հարցը բացառապես քաղաքական բնույթ ունի, և քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այն նախ և առաջ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, իսկ դա քաղաքական հարթության հարց է։

«Քիրվա» Տիգրան Սարգսյանը լավ կաներ, որ սուս մնար, և մտածեր մսխված միլիարդավոր վարկային միջոցների, օֆշորային մեքենայության, «Նաիրիտի» թալանի, չաշխատող բիոզուգարանների և բյուջետային «ատկատների» մասին, այլ ոչ թե դատարկաբանություններով զբաղվեր Հայոց ցեղասպանության թեմայով։

Ի դեպ, հետաքրքիր են նայվում Տ. Սարգսյանի ձևակերպումները Հայոց ցեղասպանության թեմայով վերջերս ընդունված հռչակագրի ֆոնին։

Վուդրո Վիլսոնի «արևով երդվացող» և «Սևրի դաշնագրի վկա» դարձած այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչը նույն Վիլսոնի հայրենիքում հայտարարում է, որ Մեծ եղեռնի հարցը քաղաքական հարթության մեջ չէ։ Այսինքն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հուզական և ոչ պրագմատիկ հռչակագիր է ընթարցել Ծիծեռնակաբերդում, որպեսզի «պահանջատիրոջ» «իմիջի» մեջ մտնի, բայց արտաքին լսարանին «մեսիջներ» է ուղարկում, որ ինքը «քիրվայականության» անդավաճան ներկայացուցիչ է։

Իսկ հայ ժողովուրդն էլ սպասում է, թե երբ պետք է Օբաման արտաբերի «ցեղասպանություն» բառը։

Նախ պետք է «մերոնցից» պահանջենք անմեղսունակ և «քիրվայական» ձևակերպումներից զերծ մնալ, ապա նոր միայն օտարներից բան ակնկալենք։

Դե, իսկ թուրքերն առայժմ կարող են հանգիստ լինել. քանի դեռ մեզ մոտ Սարգսյանների մտածողությունն է գերիշխող, իրենք կարող են հանգիստ նշել Թուրքիայի համար հաջող ավարտ ունեցած Գալիպոլիի ճակատամարտի օրը։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը