Մեկնաբանություն

29.04.2015 09:25


Իշխանություններն՝ ինչպես «Փյունիկը»

Իշխանություններն՝ ինչպես «Փյունիկը»

ՀՀԿ–ն՝ իր ղեկավարով հանդերձ, նման է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Վերջինս Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում, հայտնի պատճառներով, մշտապես դառնում է չեմպիոն՝ ձեռք բերելով անպարտելիի համբավ։ Բայց երբ նույն «Փյունիկը» դուրս է գալիս եվրոպական մրցասպարեզ, պարզվում է, որ այդ թիմը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա։ Այնպես, ինչպես մեր մյուս ֆուտբոլային ակումբները։

Նույնը կարելի է ասել ՀՀ իշխանությունների մասին։ Սրանք միայն ներսում են հաջողացնում «անպարտելի» դառնալ։ Ինչքան տոկոս ուզում՝ «խփում» են, ինչքան ընտրություն պետք է՝ «հաղթում» են, ինչքան մրցակից կա՝ վերացնում են, բայց հենց հայտնվում են միջազգային ասպարեզում, խիարը, ինչպես դասականը կասեր, թարս է բուսնում, և գրանցվում է խոշոր հաշվով պարտություն։ Համարյա թենիսային հաշիվ՝ 6-0:

Այդպես էր «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ Երևանում և Բուրսայում։ Այդպես էր Փարիզում, Վիլնյուսում, Մոսկվայում, Բրյուսելում։ Եվ վերջապես, Աստանայում, երբ Նազարբաևի ասածներին պատասխան տրվեց միայն Ծաղկաձորից։

Խոշոր՝ 6-0 հաշվով պարտություն գրանցվեց նաև Պոզների հաղորդման ժամանակ։

Ասելս այն է, որ երկրի ներսում առյուծ կտրողները դուրսը՝ մրցակցային միջավայրում, շատ խղճուկ տեսք են ստանում, և պարտության տանում մեր երկիրը։

Լուծումն ինչպես քաղաքական, այնպես էլ ֆուտբոլային տիրույթում նույնն է։ Պետք է ապահովել մրցակցային համակարգ, ներգրավել նորմալ խաղացողների և հանրությանը գործընթացներին մասնակից դարձնելու համար առաջարկել նոր մոտեցումներ։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը