Լրահոս

21.03.2014 12:37


Կրոնական հայացքների համար շանը «բաց են թողել» «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվներից մեկի դստեր վրա

Կրոնական հայացքների համար շանը «բաց են թողել» «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվներից մեկի դստեր վրա

«Աղանդավորների դեմ պայքարը» տալիս է իր «դրական» պտուղները։ Առաքելական եկեղեցուն չհարողների և կրոնական այլ հայացքներ ունեցողների նկատմամբ իրականացվող լայնածավալ հակաքարոզչությունը, փաստորեն, հասել է անգամ սովորական բակ և տուն։ «Աղանդավոր» պիտակի զոհ են դառնում անգամ մանկահաս երեխաները, որոնց ճնշում են ծնողների կրոնական հայացքների համար։

Նմանօրինակ մի դեպք է տեղի ունեցել «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվներից մեկի, «Կյանքի խոսք» ամսագրի գլխավոր խմբագիր Արտակ Մանուկյանի դստեր հետ։ Մեզ հետ զրույցում Արտակ Մանուկյանը պատմեց, որ երեկոյան, երբ կնոջ և երեխաների հետ եկեղեցու ավագների հավաքույթից վերադարձել են հայրական տուն, դուստրն առաջինն է իջել մեքենայից, և հանկարծակի մի մեծ շուն հարձակվել է նրա վրա։

–Շունը փողոցում կանգնած երկու երիտասարդի ձեռքին էր։ Երբ մեզ տեսան, շանը բաց թողեցին մեզ վրա։ Հարձակվեց ու կծեց աղջկաս թևը, որը միանգամից սկսեց արյունահոսել, իսկ հետո շունն աղջկաս գցեց գետնին: Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Կինս սկսեց բղավել և օգնություն կանչել: Միանգամից վազեցի շան տերերի մոտ, բայց այդ երիտասարդները ամենավերջին հայհոյանքներով սպառնացին, որ լավ են արել, ու էլի կանեն, մինչև մեր նման աղանդավորները չչքվեն այդտեղից։ Նաև պնդեցին, որ հրաժարվեմ «Կյանքի խոսք» ամսագիրը հրատարակելուց։ Փաստորեն, նախապես պլանավորված հարձակում էր, քանի որ գիտեին՝ ով եմ ես, և ինչով եմ զբաղվում,–ասաց Արտակ Մանուկյանը։

Այս երիտասարդների հետ խոսակցությունն այսքանով ավարտվում է, քանի որ ժամանակ չկորցնելու համար աղջկան նրա հայրը շտապ տեղափոխում է հիվանդանոց, որտեղ կար են դնում շան կծած վերքին:

Արտակ Մանուկյանը նաև պատմում է՝ հեռախոսազանգ է եղել՝ սպառնալիքներով, որ փակեն ամսագիրը։ Մեր զրուցակիցը սա համարում է կազմակերպված հանցագործություն՝ ուղղված հավատքի և խղճի ազատության դեմ։

Հավելենք, որ Արտակ Մանուկյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է 1992թ.-ից։

Հեղինե Հարությունյան

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը