Մեկնաբանություն

30.04.2015 15:10


Տո՛ւր ինձ մեկ միլիարդ

Տո՛ւր ինձ մեկ միլիարդ

Դատելով իշխանամետ ստատուսագիրների ու Բաղրամյան 26–ի քաղաքական փաստաբանների դրական ու կեղծ հայրենասիրական արձագանքներից՝ կոմսոմոլ–ցեղակրոն Հրանուշ Հակոբյանը «Մարդա 1000 դոլար»–ի թեմայով ոչ թե սովորական «բլթոց» է թույլ տվել, այլ բարձրաձայնել է իշխանությունների ցանկությունների ու պլանների մասին։

Իսկ ի՞նչ է ասում իշխանությունը Հրանուշի շուրթերով։

Իշխանությունը Սփյուռքին կոչ է անում 1000 դոլարի հաշիվ բացել հայկական բանկերում, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Առաջին հայացքից վատ գաղափար չէ, թեև տնտեսական հայրենասիրության դրսևորման համար պետք են ոչ թե կոչեր, այլ համակարգային փոփոխություններ, որոնց պարագայում գումարը Հայաստան կմտնի առանց կոչի, և ոչ միայն սփյուռքահայերից։ Ինչևէ։

Իշխանությունները համակարգային փոփոխություններ չեն անում, իսկ եթե ուզում էլ են անել, ապա՝ դեպի վատը (սահմանադրական փոփոխություններ)։ Դրա համար էլ որոշել են դիմել կոչի օգնությանը։ Ուզում են, երևի, ասել, որ մեզանում բազմաթիվ բիզնես նախագծեր կան, որոնք փողի բացակայության պատճառով ընթացք չեն ստանում, և դրա հետևանքով էլ մարդիկ այստեղ աշխատանք չեն գտնում ու արտագաղթում են։

Բայց այդպե՞ս է արդյոք պատկերը։ Բանն այն է, որ այդպես չէ։

Նախ՝ Հայաստանում ահագին փող կար ու կա, բայց դա չխանգարեց, որպեսզի տնտեսական խայտառակ անկում արձանագրվի՝ համաշխարհային ռեկորդի կարգի։

Ճիշտ է, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ու հատկապես ռուսական շուկայի բացասական ազդեցության հետևանքով Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները քչացել են, բայց փոխարենը Հայաստանի արտաքին պարտքի եռապատկման գնով միլիարդավոր դոլարներ են մտել մեր շուկա։ Բայց դրանք չեն դարձել տնտեսության խթանիչներ։

Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ է արվել ՌԴ–ից բերված 500 միլիոն դոլար վարկը։ Ավելի ճիշտ, հայտնի է՝ այն մսխվել է։

Մսխվել են նաև մյուս վարկային միջոցները, և հիմա Կառավարությունը 7,5–տոկոսանոց եվրաբոնդ է թողարկում ու լրացուցիչ պարտք ներգրավում, որպեսզի նախորդ պարտքերը փակի։

Ասելս այն է, որ մասնավոր տրանսֆերտների քչացմանը զուգահեռ՝ Հայաստան այդ քչացած չափից մի քանի անգամ ավելի շատ փող է մտել, բայց դա չի փրկել մեզ։

Բացի այդ, Հայաստանում փող կա նաև մասնավոր հատվածում, բայց ներքաղաքական հանգամանքներով և վարվող տնտեսական քաղաքականությամբ պայմանավորված՝ այդ փողը ոչ թե ներդրման է վերածվում, այլ փախչում է Հայաստանից։

Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա այնտեղ էլ փող կա, բայց տոկոսադրույքները չեն իջնում, և, հետևաբար, չեն կարող այդ փողերը տնտեսություն զարգացնել ու նպաստել աղքատության կրճատմանը։

Բանկային համակարգն իշխանությունների համար դարձել է սեփականության վերաբաշխման և մարդկանց ունեզրկման գործիք։

Եվ այս պայմաններում ասել, որ թող սփյուռքահայերը բերեն 1000 դոլար թողնեն բանկերում, և ապահովեն լրացուցիչ 1 միլիարդ դոլարի գումար, լրիվ այլ բան է նշանակում։ Նշանակում է, որ իշխանություններին լրացուցիչ ֆինասական միջոցներ են պետք, քանզի երկրի տնտեսությունը թուլացել է, բիզնեսները փակվում են, սպառումն արտագաղթի պատճառով նվազել է, իսկ ահա իշխանությունների ախորժակը ոչ թե պակասել է, այլ ավելացել։ Դրա համար էլ փող են ուզում ոչ միայն այլ պետություններից ու միջազգային կազմակերպություններից, այլ նաև սփյուռքահայերից։

Պարտադիր կուտակայինի մասով դիմադրություն եղավ, և մի փոքր կրճատվեցին իշխանությունների՝ էժան ու երկար փողեր գտնելու հնարավորությունները։ Այդ բացը հիմա փորձ է արվում լրացնել սփյուռքահայերի փողերով։ Ահա ա՛յս մասին է խոսել Հրանուշը։

Եթե այդ ծրագիրը ստացվի, իշխանությունները կշահեն, քանզի հանրությանը բանկային կախվածության մեջ գցելու լրացուցիչ հնարավորություն կստանան թանկ վարկային գործիքի միջոցով, իսկ եթե չստացվի, ապա քարոզչական դաշտում «կփչանա» Հրանուշը, իսկ «վերևներում» փող գտնելու նոր ձևեր կմտածեն։ Օրինակ՝ կարող են մի որևէ հայ մեծահարուստի կուտ «տալ» ու վարչապետի պաշտոնը ծախել նրա վրա։ Մինչև վերջինս հասկանա, որ ախմախ վիճակի մեջ է հայտնվել, սրանք ահագին փող «կպցրած» կլինեն։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը