Խմբագրական

01.05.2015 15:50


Վերևները ուզում են, իսկ ներքևները կարող են

Վերևները ուզում են, իսկ ներքևները կարող են

Հայաստանում մայիսի 1–ն օրենքով սահմանված է տոնական ու ոչ աշխատանքային։

Աշխարհում մայիսի 1–ը համարվում է Աշխատավորության օր։ Մեզ մոտ էլ է համարվում, բայց ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ տոնական տրամադրություն չկա։

Պատճառը շատ պարզ է՝ գործազուրկները շատ են, իսկ նրանք, ովքեր վարձու աշխատողներ են, մեծ մասամբ ճնշված են, գործնականում չունեն իրավունքներ, և շատ դեպքերում նվաստացած են։ Դե, իսկ գործատուների մոտ կա անորոշության զգացում, իսկ դա ներդրումների թիվ մեկ թշնամին է։

Ով սովետի փլուզման համար չի ափսոսում՝ սիրտ չունի, իսկ ով երազում է սովետի վերականգնման մասին՝ խելք չունի

Խորհրդային միության ժամանակ ագիտպրոպը մեզ համոզում էր, որ այստեղ աշխատավորության իրավունքները պաշտպանվում են, իսկ ահա կապիտալիստական երկրներում բանվորների ու գյուղացիների հետ վարվում են ստրուկների պես։ Դա, իհարկե, սուտ էր, շատ մեծ սուտ։

«Երկաթյա վարագույրը» վերացավ, ու բոլորը տեսան, որ կապիտալիստական երկրի բանվորն ավելի լավ է ապրում, և ունի պաշտպանված իրավունքներ, իսկ ահա սովետական պրոլետարիատը 20–րդ դարի վերջում գրեթե ստրկական վիճակում էր գտնվում և պետք է տասնամյակներով հերթ կանգներ, որ կարողանար լավագույն դեպքում «Ժիգուլի», իսկ վատագույն դեպքում՝ «Զապորոժեց» գնել։

Մեզանում, սակայն, կա սովետական նոստալգիա, քանի որ այն ժամանակ մինիմալ պայմանները բոլորի համար ապահովվում էին, ինչը չես ասի անկախ Հայաստանի մասին։ Դրա համար էլ հիսունն անց մարդկանց մի մասը ափսոսում է «գյոզալական» ԽՍՀՄ–ի փլուզման համար և հայհոյում անկախ Հայաստանը։

Նկատենք, որ Հայաստանում առկա խնդիրները, որոնք ունեն վարձու աշխատողները (և ոչ միայն նրանք), հիմնականում օբյեկտիվ են և զուտ տեղական ծագում չունեն։ Ահռելի են նաև սուբյեկտիվ բնույթի խնդիրները (մասնավորապես, վատ կառավարումը), սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես օբյեկտիվների վրա ու փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել դրանք։ Իսկ դրա համար պետք է հասկանալ օրինաչափությունները և զարգացումների տրամաբանությունը։

Մարդը մարդուն գայլ է, բայց կարող է նաև մարդ լինել

Զարգացած կապիտալիստական երկրների, ինչպես նաև անցումային դեմոկրատիայի փուլը հաղթահարած երկրների փորձը ցույց է տալիս, որ աշխատավորության շահերի լիարժեք պաշտպանություն և իրավունքների իրացում (նորմալ աշխատավարձ, հանգստի իրավունք, սոցիալական երաշխիքներ և այլն) հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտպանված է մասնավոր սեփականության ինստիտուտը, և չկա սեփականության ապօրինի ու հիմնականում քաղաքական ենթատեքստով պայմանավորված վերաբաշխման վտանգ։

Քանի դեռ կապիտալիստներն իրենց ապահով ու անվտանգ չեն զգում, աշխատավորները չեն կարող ակնկալել իրենց իրավունքների լիարժեք պաշտպանություն։ Սա քաղաքագիտական կանոն է։ Այլ տեսակետները պոպուլիստական են ու հակագիտական։

Ինստիտուցիոնալ առումով կապիտալիստների շահերը ներկայացնում են քաղաքական աջ ուժերը և գործարարների տարատեսակ միությունները (արդյունաբերողների միություն, բանկերի միություն, արտահանողների միություն և այլն)՝ լոբբիստական խմբերը։

Դասական առումով աշխատավորության ինստիտուցիոնալ պաշտպաններ են համարվում քաղաքական ձախ ուժերը և արհմիությունները։

Բուրժուազիան ու աշխատավորությունը «մոդուս վիվենդի» են գտնում միայն այն ժամանակ, երբ հնարավորություն է ստեղծվում ձախ ուժերի համար իշխանական համակարգում փոխարինել աջերին, իսկ վերջիններս էլ մտավախություն չեն ունենում, որ իրենց ձախերն ունեզրկելու են։ Դրանից հետո սկսում է աշխատել քաղաքական ճոճանակի մեխանիզմը՝ իշխանական ու ընդդիմադիր դաշտերում ձախերն ու աջերը պարբերաբար փոխվում են տեղերով, և վերջում այնքան են մոտենում իրենց տեսակետներով, որ շարքային քաղաքացու համար արդեն դժվար է լինում տարբերել աջ ու ձախ քաղաքական ուժերին։

Բայց սա դեռ մեզ չի «սպառնում»։

Ընթացիկ վիճակի գնահատական

Հայաստանում ֆորմալ առումով ձախ քաղաքական ուժեր կան (կոմունիստները, ՀՅԴ–ն և այլն), բայց նրանք իրականում սոցիալական բազա չունեն այդ դաշտում։

Ձախ ուժերը մեզանում կա՛մ մարգինալ կարգավիճակ ունեն, կա՛մ կցված են իշխանական կապիտալի սպասարկմանը։

Հայաստանում կան նաև արհմիություններ, որոնք, սակայն, իրական գործոն չեն, քանզի օբյեկտիվորեն շատ ավելի թույլ են, քան կապիտալի շահերը սպասարկող կառույցները։

Ասել, որ դասական առումով մենք ունենք աջ ուժեր, ճիշտ չի լինի, բայց այն ուժերը, որոնք գերիշխող են, հիմնականում կապիտալի, ավելի կոնկրետ՝ խոշոր կապիտալի շահերն են սպասարկում, և դա բնական է։ Խնդիրն այն է, թե ինչպես է խոշոր կապիտալի պաշտպանությունն իրականացվում, և ինչքանով է խոշոր կապիտալի պաշտպանության գործընթացը նպաստում երկրի զարգացմանը, բաց համակարգ ձևավորելուն, քաղաքացիական հասարակության կայացմանը։

Ընդունված է ասել, որ օլիգարխներն են ամեն ինչ իրենց ձեռքը վերցրել, և նրանք են Հայաստանի զարգացման խոչընդոտը։ Այս ձևակերպումը ճիշտ է և միաժամանակ՝ սխալ։ Ճիշտ է այն առումով, որ օլիգարխիան երկրի զարգացման խոչընդոտ է դարձել, բայց սխալ է այն առումով, որ «օլիգարխիա» հասկացության տակ այլ սուբյեկտներ են դիտարկվում։

Օլիգարխիան բացառապես քաղաքական երևույթ է։ Բառացի այն նշանակում է խմբիշխանություն։ Այսինքն, պետության կառավարման մի մոդել, որի պայմաններում մարդկանց նեղ խումբն իր ձեռքում է կուտակում քաղաքական ու տնտեսական ռեսուրսները՝ դրանք ծառայեցնելով անձնական իշխանության ամրապնդմանը, կապիտալի կուտակմանը և վերարտադրությանը։ Արիստոտելը կառավարման այս ձևը վատագույններից էր համարում օխլոկրատիայի (ամբոխի իշխանության) հետ միասին։ Հենց նա էլ քաղաքագիտական բառապաշարի մեջ ներմուծել է «օլիգարխիա» եզրը, որի օգնությամբ բնութագրել է իշխանությանը։

Եվ ուրեմն, հայաստանյան օլիգարխիայի նստավայրը Բաղրամյան 26–ն է։ Մնացածը դեմագոգիա է և քարոզչական մանիպուլյացիա։

Մականունավոր «օլիգարխ» կոչվածները մեզանում այն հզորությունն ու ազդեցությունը չունեն, ինչպես որ ներկայացնում է «անկախ» մամուլը։ Այդ քարոզի տակ հստակ քաղաքականության կա, որի մասին բազմիցս խոսել եմ, բայց ավելորդ չեմ համարում նորից անդրադառնալ։

Նեոբոլշևիզմի ուրվականը

2008ից կամ, ավելի ստույգ, մի փոքր ավելի շուտ՝ 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանում իրականացվում է տնտեսությունն ու քաղաքական դաշտը գերմենաշնորհային դարձնելու քաղաքականություն, որը մեր կողմից ստացել է «Մեկ օլիգարխի տնտեսություն» անվանումը։

Այդ քաղաքականության նպատակը «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնելն է։

Հայկական նեոբոլշևիզմի էությունն այն է, որ վուլգար մարքսզիմ է կիրառվում, այն է՝ չի բացառվում մասնավոր սեփականության ինստիտուտը՝ պայմանով, որ հիմնական ռեսուրսներն ուղղակի (փայ մտնելու կամ փայ խլելու) կամ անուղղակի (հարկային տեռորի և «Մեծ բյուջեի» քաղաքականության միջոցով) ձևով տնօրինվեն իշխանության վերին օղակի կողմից՝ թիվ մեկ օլիգարխի ու նրա շրջապատի (ընտանիքի անդամների ու մանկության ընկերների) կողմից։

Այդ քաղաքականության շրջանակներում իշխանության համար թիրախ են բոլորը՝ փոքրից մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, քանզի նեոբոլշևիզմն այդ առումով չի տարբերվում իր «հոգևոր» առաջնորդ բոլշևիկներից, որոնց համար չկային յուրայիններ։ Այժմյան «տրոցկիստները» շատ կամ քիչ փող ունեցողներն են։ Բոլորն անխտիր։

Այս պայմաններում փոքր, միջին ու խոշոր բիզնեսը, ինչպես նաև վարձու աշխատողները բնական դաշնակիցներ են, քանզի իշխանությունները սպառնում են բոլորին, և, հետևաբար, դիմադրությունն էլ պետք է լինի միասնական։

Մեկից սեփականությունն են խլում, մյուսին հարկային ճնշման տակ գցում, երրորդին ստիպում պարտադիր կուտակային վճարել, չորրորդից փողը և սեփականությունը պոկում են բանկային վարկի տակ թողնելով և այլն, և այլն, և այլն։ Պաշտպանված շերտ չկա։ Չի օգնում անգամ ՀՀԿ–ական «զնաչոկը», քանզի «Մեկ օլիգարխի տնտեսությունը» չի ենթադրում այլ փողատերերի առկայություն «ընտանիքից» դուրս։

Հիմա իշխանությունները փորձում են իրենց քարոզչամեքենայով միմյանց թշնամի դարձնել բիզնեսի տարբեր շերտերին ու հանրությանը։ Ստեղծվել է «օլիգարխ» կոչվածների դիվայնացման մեխանիզմ։ Առաջ է քաշվել «Խփենք օլիգարխներին, փրկենք Հայաստանը» կեղծ օրակարգը, որը շատ նման է բոլշևիկների «Էքսպրոպրիատորների էքսպրոպրիացա» (ունեզրկիչների ունեզրկում) լոզունգին, ըստ որի՝ խոստացվում էր գործարանը բուրժույներից խլել ու տալ բանվորներին, իսկ հողը կուլակից վերցնել ու տալ գյուղացուն, բայց իրականում ստեղծվեց ռեպրեսիվ ապարատով հագեցած գերկենտրոնացված համակարգ՝ առանց մասնավոր սեփականության ինստիտուտի։

Հայաստանյան նեոբոլշևիզմի իրական նպատակը հողը գյուղացուց տոկոսի տակ թողնելու միջոցով վերցնելը, ինչպես նաև սեփականությունը բուրժուազիայից խլելն ու այդ ամենը «Մեկ մարդու» տիրապետության տակ մտցնելն է։

«Հանրային սեփականության» տակ սրանք հասկանում են իրենց մասնավոր սեփականությունը, քանզի առաջնորդվում են «Պետությունը ես եմ» սկզբունքով։

«Հակաօլիգարխիկ» քարոզչությունը տարվում է այս քաղաքականությանը «քաղաքացիական» ու «արևմտամետ» տեսք տալու համար, մինչդեռ մեր երկրի թիվ մեկ օլիգարխի ու նրան կցված երիտօլիգարխիայի իրական նպատակը Հայաստանում ադրբեջանական տիպի սուլթանատ ստեղծելն է։

Նեոբոլշևիկյան քաղաքականության հետևանքները, ի դեպ, տեսանելի են նույնիսկ անզեն աչքերով։ Վերջին յոթ տարում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար ՀՀ քաղաքացի, տնտեսության մեջ խայտառակ հետընթաց է արձանագրվել, աղքատությունն աճել է, ներդրումները պակասել են, կապիտալը փախչում է, և մարդիկ օտարվում են պետությունից՝ վերածվելով ներքին էմիգրանտների ու սպասելով իրական էմիգրանտ դառնալու իրենց շանսին։

Ե՞րբ Հայաստանում կավարտվի անցումային փուլը, և ինչպիսի՞ արդյունք այն կարող է ապահովել

«Անցումային փուլ» կոչվածը վերաբերում է բուրժուազիայի և աշխատուժի փոխհարաբերություններին։ Եթե ստեղծվում են փոխադարձաբար ընդունելի խաղի կանոններ, ապա կարելի է արդեն խոսել անցումային փուլի հաղթահարման մասին։

Հայաստանում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակից կա 2 ելք (ներքաղաքական «ստատուս քվոն» երկար չի կարող պահպանվել)։

1. Կա՛մ Հայաստանը գնում է օլիգարխիկից դեպի մրցակցային տնտեսա–քաղաքական հարաբերությունների, որոնց պայմաններում պաշտպանվում են ինչպես բուրժուազիայի, այնպես էլ աշխատավորների շահերը, իսկ քաղաքական դաշտում տեղի են ունենում լեգիտիմ ընտրություններ և քաղաքական էլիտաների անցնցում փոփոխություններ,

2. կա՛մ Հայաստանը օլիգարխիկ համակարգից անցնում է մեկ անձի բռնապետության համակարգի, որի պայմաններում մեր պետության գոյությունը բառիս բուն իմաստով անհնար կդառնա, քանզի մենք տնաբույծ սուլթան պահելու ռեսուրս չունենք։

Դատելով ամենից՝ ՀՀ իշխանությունները փորձում են երկրորդ տարբերակը կյանքի կոչել (փետրվարյան իրադարձությունները դրան էին միտված)։ Այդ իսկ նպատակով էլ անապատացվում է քաղաքական դաշտը, կենտրոնացվում է տնտեսությունը, և նախաձեռնվում են սահմանադրական փոփոխություններ, որոնք մեկ մարդու քաղաքական կյանքը երկարաձգելու և նրա իշխանությունը ցմահ դարձնելու նպատակ են հետապնդում (կառավարման մոդելի փոխել–չփոխելու հարցը քողածածկույթ է իրական նպատակի համար)։

Հայաստանի հնարավորությունը

Մեր երկիրը գտնվում է այնպիսի տարածաշրջանում և շրջապատված է այնպիսի հարևաններով, որ մենք այլ տարբերակ չունենք, քան ժամանակակից տնտեսա–քաղաքական համակարգ ունենալը։

Հետևաբար, օլիգարխիկ համակարգից պետք է անցում կատարվի բաց ու մրցակցային համակարգի։

Պատմաքաղաքական օրինաչափությունները և հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ գործընթացները հետևյալ երեք փուլերից պետք է բաղկացած լինեն՝

1-ին փուլ՝ պետության տնտեսական քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է՝

ա) ներմուծման փոխարինում և արտահանմանն ուղղված քաղաքականություն,

բ) հիմնական այլ արժույթների հետ համեմատած՝ «թույլ» դրամի քաղաքականություն (սոցիալական փոխհատուցումների մեխանիզմների զուգահեռաբար ներդրմամբ),

գ) ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերի ձևավորման կամ զարգացման նպաստում,

դ) տնտեսության իրական հատվածում մասնավոր և պետական ներդրումների ավելացում,

ե) պետական ներդրումներ տնտեսական ենթակառուցվածքներում,

զ) փոքր և միջին բիզնեսի խրախուսում պրոգրեսիվ հարկման համակարգի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարների ներդրման միջոցով՝ կախված բիզնեսի տեսակից, ծավալներից ու սոցիալական նշանակությունից։

2-րդ փուլ՝

ա) տնտեսական ժողովրդավարություն,

բ) սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների տրամադրում,

գ) իշխանության և բիզնեսի տարանջատում,

դ) բաժնետիրական կառավարման կուլտուրայի արմատավորում։

3-րդ փուլ՝

ա) մրցակցային ազգային բուրժուազիայի կայացումից հետո աշխատուժի ամբողջական իրավունքների պաշտպանության համակարգի ձևավորում, որը կնպաստի հզոր արհմիությունների ստեղծմանը,

բ) վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների առկայություն,

գ) քաղաքակիրթ և լեգիտիմ հարաբերություններ իշխանության, գործատուների և արհմիությունների միջև (քաղաքական աջ ու ձախ ուժերի միջնորդությամբ):

Նշված 3 խումբ գործողությունների հաջորդաբար կյանքի կոչումը, համոզված ենք, մեզ դուրս կբերի «անցումային» կոչվող շրջանից, զուգահեռաբար կզարգանան ժողովրդավարական ինստիտուտները, անկախ դատարանները, և արդեն հնարավոր կլինի խոսել որակապես նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների մասին (այս մասին ավելի մանրամասն տե՛ս այստեղ

Ինքնին հասկանալի է, որ լուծումները քաղաքական հարթության վրա են, և միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր դրական արդյունքներ ակնկալել։ Այս իշխանությունները ապացուցել են, որ իրենք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են մեր երկրին։

Հատկապես վերջին շրջանի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ՀՀ իշխանությունները՝ սկսած առաջին դեմքից, վերջացրած առանցքային պաշտոնյաներով, իրենց գիտելիքներով, մտահորիզոնով ու աշխարհայացքով, մեղմ ասած, չեն համապատասխանում Հայաստանի դերին, և նոր որակի իշխանության ձևավորումը քաղաքական օրակարգի թիվ մեկ կետն է։

Մի փոքր վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ նկատենք, որ վերևները ուզում են վերարտադրվել, իսկ ներքևները բազմիցս ապացուցել են, որ իրատեսական ծրագիր ու ռացիոնալ առաջարկներ ստանալու դեպքում կարող են միավորվել ու նպաստել փոփոխություններին։ Այլ հարց է, որ քաղաքական սուբյեկտները դեռ չեն կարողանում բավարարել հանրության լայն շերտերի պահանջը, բայց դա չի նշանակում, որ չեն կարողանալու։ Քաղաքական ռացիոնալ թիմի և իրատեսական ծրագրի պարագայում ամեն ինչ կդառնա տեխնիկայի հարց։

Մեկ բան անվիճելի է. այն խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության առաջ, պահանջում են գրագետ, հմուտ և ժամանակակից մտածողությամբ կառավարիչներ, ինչպիսիք որ չեն նախագահական նստավայրը, Կառավարությունը և խորհրդարանը սեփականաշնորհած դեմքերը։ Եվ Պոզներն այստեղ մեղավոր չէ։ Նա ընդամենը գործի դրեց ռենտգեն սարքը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը