Քաղաքական

29.10.2009 18:55


Ի՞նչ է սպասվում հայ–թուրքական «ֆռոնտում»

Ի՞նչ է սպասվում հայ–թուրքական «ֆռոնտում»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 26-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել էր Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մասին։

«Մենք արդեն ասել ենք, որ այս արձանագրությունները պետք է դրական ազդեցություն թողնեն տարածաշրջանում, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում Ադրբեջանը գերակա նշանակություն ունի, և Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան ոչ օրինական է։ Տարածաշրջանային խաղաղության հաստատման առաջին քայլերը հաջողությամբ իրականացրինք, խնդիր ունենք հաջորդ քայլում ամբողջացնելու այս գործընթացները»,-ասել էր Դավութօղլուն։

Կոալիցիան ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչների հետ զրույցում «7օր»-ը հարցրել է, թե այսքանից հետո է՞լ են պատրաստվում ասել, որ Դավութօղլուի հայտարարությունները ներքին սպառման համար են, մտահոգություններ չե՞ք տեսնում այդ հայտարարությունների մեջ։

Ստեփան Ասլանյան («Օրինաց երկիր»)

-Խոսքն այն մասին չէ, թե վտանգներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կա մտահոգություն, այդ մտահոգության մասին հայտնում է նաև հանրապետության նախագահը։ Մտահոգություններ միշտ էլ կան. մենք նայում ենք իրադարձությունների զարգացմանը, բայց նաև պետք է փաստենք, որ այն, ինչ խոսվում է այնտեղ, դեռ հիմք չէ։ Ըստ էության՝ հիմք է այն, ինչ կա արձանագրություններում։ Սրանից ավելին ոչ մի հարաբերության մասին Թուրքիայի հետ չի խոսվել։ Մենք պետք է մտորենք այդ շրջանակներում, ոչ թե դրանից առաջ վազենք։

«Ալ- Ջազիրան» այն շեմը չէ, որ եթե այնտեղ Դավութօղլուն հայտարարություններ է արել, ուրեմն վերջ։ Ես հավատում եմ, որ այդ ամենն ուղղակի ներքին սպառման համար է արվում։ Մի ժամանակ էլ Էլչիբեյն էր ասում՝ պետք է գնամ Սևանում լողանամ։ Դա էլ իր ներքին սպառման համար էր։ Տեսանք, թե հիմա որտեղ է լվանում իր ոտքերը։

Նաիրա Զոհրաբյան («Բարգավաճ Հայաստան»)

-Ես մի քիչ վերապահում ունեմ այն գործելաոճից, որ անընդհատ փորձում ենք Թուրքիայի պաշտոնյաների՝ այս կամ այն լսարանի կամ օրվա մեջ հարափոփոխ հայտարարություններն անընդհատ ցավագին ընդունել և մեկնաբանել։ Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը. Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը չի կարող լինել մեզ համար գերակա պետական շահերի, նպատակների հաշվին, չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հաշվին։ Եթե Թուրքիայի պաշտոնական տեսակետն այդ հարցում փոխվի, կամ եթե պարոն Դավութօղլուն ու Էրդողանն իրենց պաշտոնական փոփոխված դիրքորոշումը ներկայացնեն Հայաստանի Հանրապետությանը, ապա մեր պատասխանն անպայման համարժեք կլինի։ Բայց քանի դեռ Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի բանակցություններում նրանց կողմից որևէ նախապայմանի վերաբերյալ  որևէ «մեսիջ» չի եղել, մեկնաբանել, թե «Ալ-Ջազիրայում» Դավութօղլուն ինչ հայտարարություն է արել, կարծում եմ՝ պարապ գործով կզբաղվենք։ Մեր դիրքորոշումը հստակ է. հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Ի վերջո, կայուն և զարգացող տարածաշրջան ունենալը շուկայական այն ապրանքը չէ, որ մեկին պետք է լինի, մյուսին՝ ոչ։ Որքան մեզ է պետք կայուն, զարգացող տարածաշրջան ունենալը, նույնքան էլ Թուրքիային է պետք։

Երբ մեզ հետ ուղղակի բանակցություններում թուրքական պաշտոնական կողմը՝ ի դեմս Էրդողանի կամ Դավութօղլուի, կխոսի նախապայմանների մասին, այդ ժամանակ մեր արձագանքը կլինի, այդ ժամանակ մենք նրանց կուղարկենք որտեղ որ պետք է։ Իսկ այժմ մեկնաբանել, թե նրանք ադրբեջանական կամ մեկ այլ գործոնի ազդեցության տակ իրենց տարբեր լսարանների համար ինչ հայտարարություններ են անում, կարծում եմ՝ ճիշտ չէ։

Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ)

-Թուրքական կողմը մշտապես, նույնիսկ մինչ արձանագրությունների ստարոգրումն ասում էր, թե կստորագրեն, եթե Ղարաբաղի հարցում առաջընթաց լինի։ Ցյուրիխում արձանագրությունները ստորագրվեցին, բայց որևէ նախապայման չկար։ Կարծում եմ, որ թուրքական կողմից մենք չպետք է սպասենք հայամետ հայտարարությունների, որովհետև նրանք մշտապես խաղում են իրենց պոպուլիզմի դաշտում։ Թուրքիայի իշխանությունները՝ Գյուլի, Էրդողանի և Դավութօղլուի գլխավորությամբ, մտել են հայկական ծուղակ, որովհետև Թուրքիան 1993թ. փակեց սահմանը՝ ասելով, որ Ցեղասպանությունից հայկական կողմը պետք է հրաժարվի, և Ղարաբաղի հարցը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Թուրքիան տեսավ, որ Հայաստանը ոչ միայն չգնաց զիջումների։

Ղարաբաղի հարցի շուրջ մենք հստակ ասել ենք, որ երբեք միակողմանի զիջումների չենք գնա։ Մեզ համար հարցերի հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա հստակ է։ Թե Դավութօղլուն ինչ է ասում, Էրդողանն ինչ է ասում, մենք էլ սա ենք ասում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր։

Ինչ վերաբերում է Դավութօղլուի ապակառուցողական մոտեցումներին, ապա նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ դա կունենա համաշխարհային հանրության շատ լուրջ հակադարձ քայլն ու արձագանքը, ինչի ականատեսն ենք լինում։

Եթե Թուրքիան մտածում է, որ կարող է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել, չարաչար սխալվում է։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և որևէ մեկին թույլ չի տա նախապայմաններով խոսել։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը