Մեկնաբանություն

06.05.2015 13:20


Նոր «սառը» պատերազմի առանձնահատկությունները

Նոր «սառը» պատերազմի առանձնահատկությունները

Աշխարհում կրկին թևածում է «սառը» պատերազմի ոգին։ Բայց հիմա, ի տարբերություն Արևմուտք–ԽՍՀՄ հակամարտության, չկա գաղափարական սև ու սպիտակ դաշտ։

«Սառը» պատերազմն այժմ հստակ բաժանարար գիծ չունի։ Մի հարցում կարող են պետությունները համագործակցել, իսկ մեկ այլ հարցում՝ թշնամություն անել։

Սամուել Հանթինգթոնի «բլեֆը»

Ամերիկացի քաղաքագետ Հանթինգթոնը բոլոր առումներով սխալվեց։ Քաղաքակրթությունների բախում, ինչպիսին որ նա էր ներկայացնում, չկա։ Կրոնական հիմքով աշխարհաքաղաքական ալյանսներ և դաշինքներ չկան (Սերժ Սարգսյանի համար ելույթներ պատրաստողները, թերևս, հանթինգթոնյան «պոստուլատների» ազդեցության տակ էին ԱՄՆ–ում ղարաբաղյան հակամարտությունը Սարգսյանի շուրթերով ներկայացնում որպես կրոնական հակամարտություն՝ նշելով, թե Հայաստանը քրիստոնյա աշխարհի միջնաբերդն է Եվրոպայում)։

ԱՄՆ–ն այսօր «Իսլամական պետության» անուղղակի հովանավորն է։ Այն իսլամիստների, որոնք եզդիների և քրիստոնյա ազգերի ցեղասպանություն են կազմակերպում՝ քաղաքակիրթ համարվող աշխարհի առաջ գլխատելով մարդկանց և անգամ ուտելով նրանց մարմնի մասերը։

ԱՄՆ դաշնակից Թուրքիան, իր շահերից ելնելով, ֆինանսավորում է իսլամիստ զինյալներին։ Արևմուտքն ափսոսանք է հայտնում։ Ընդամենը։

Ոչ քաղաքակիրթ համարվող և Արևմուտքի թիրախ դարձած Ռուսաստանի ու իսլամիստների դեմ կռվող Սիրիայի միջոցով են մեղմվում մարդանման գազանների կողմից իրականացվող վայրագությունների հետևանքները։ Նաև Իրանի՛ ջանքերով է կանխվում Իրաքի հյուսիսում ապրողների վերջնական աղետը։

Ի դեպ, նույն Իրանի հետ Արևմուտքը փորձում է հիմա լեզու գտնել, որպեսզի կարողանա Ռուսաստանին հարվածել, ու զրկել վերջինիս ԵՄ–ին գազ մատակարարելու գերիշխող դիրքից։

Սա այն Իրանն է, որի դեմ Արևմուտքը տարիներ շարունակ պատժամիջոցներ է կիրառում, ու խոսում այնտեղ մարդու իրավունքների խախտումների մասին։ Հիմա այդ խախտումների մասին «մոռացել» են ու հանուն գազային նախագծի՝ սկսել են «սիլի–բիլի» անել։ ԱՄՆ դաշնակից համարվող Իսրայելը ձայնը գլուխն է գցել Իրանի մասով, բայց դե, ամեն երկիր իր շահն ունի։

Եվ ուրեմն, Հանթինգթոնը սխալվել է (Գորբաչովը նրա տեսությանն էր սիրահարված ու մանկական հավատով էր լցված առ «Քաղաքակրթությունների բախում» գիրքը՝ մտածելով, որ եթե ինքն Արևմուտքի դուրը գա, և անի նրանց բոլոր ասածները, ապա կհայտնվի քաղաքակիրթ աշխարհի կողքին, ու կյանքը կդառնա մեղր)։

Այո՛, Հանթինգթոնը սխալվել է, կամ, ավելի ճիշտ, սխալվել են նրանք, ովքեր ընկել են այս ու այն տեսությունների գիրկը՝ պատուհաս դառնալով իրենց պետությունների ու միլիոնավոր մարդկանց գլխին։

Շահեր և արժեքներ

Կան շահեր, և քաղաքակրթական բաժանումներն արհեստական են։ Առավել ևս, արհեստական են կրոնական հիմքերով բաժանումները։ Քրիստոնյա աշխարհի առաջնորդ ԱՄՆ–ը նախկին Հարավսլավիայի տարածքում աջակցում էր հիմնականում մահմեդականներին ու ռմբակոծության ենթարկեց քրիստոնյա սերբերի մայրաքաղաք Բելգրադը։

Այնպես որ, բոլորն էլ առաջնորդվում են շահերով։ Շահերից ելնելով էր, որ Պուտինն ու Օլանդը եկան Երևան, ու հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (Սարգսյանը, Պոզների հարցին ի պատասխան, նշեց, որ ԱՄՆ–ն ու Իսրայելը շահերն ավելի են կարևորում, քան արժեքները, և այդ իսկ պատճառով չեն ճանաչում Ցեղասպանությունը, ինչից բխում է, որ ՌԴ–ն ու մյուսները շահերը հետ են դնում արժեքներից, ու դրա համար են ճանաչում Ցեղասպանությունը, բայց չէ՞ որ դա այդպես չէ)։

Շահերից ելնելով՝ Գալիպոլիի էժանագին շոուին մասնակցեցին «ճ» դասի ու թուրքական ազդեցության տակ գտնվող երկրների ղեկավարները և արքայազն Չարլզը։

Գալիպոլի գնացին նաև Հայաստան եկածներից ոմանց ներկայացուցիչները։ Դա էլ էր շահերից ելնելով։ ՌԴ–ն, օրինակ, Նարիշկինին ուղարկեց Թուրքիա, քանի որ գազային ծրագրերում Թուրքիան կարևոր դեր ունի ռուսների համար։ ՌԴ–ի համար կարևոր է նաև Կովկասը, որտեղ առանցքային է Հայաստանի դերը։ Դրա համար էլ Պուտինը Ծիծեռնակաբերդ եկավ՝ ցույց տալով, որ Կովկասը ոչ պակաս գերակայություն ունի Կրեմլի համար, քան գազային նախագիծը։ Թուրքիան էլ, ի պատասխան Պուտինի ծիծեռնակաբերդյան այցի, «ատամ» է ցույց տալիս Մոսկվային՝ հայտարարելով, որ Էրդողանը չի մասնակցի մայիսի 9–ի տոնական միջոցառումներին։

Հայաստանում ոչ թե հիացական գնահատականներ պետք է հնչեցվեն ՌԴ–ի հասցեին, որ Պուտինը եկավ՝ մեզ հետ կիսելու վիշտը, կամ հակառակը՝ «արևմտամետ» վայրահաչոցներ լինեն Պուտինի ուղղությամբ, այլ անհրաժեշտ է, մեր երկրի շահերից ելնելով, այնպիսի քաղաքականություն վարել, որ մեզ հետ հաշվի նստեն։ Մեր բնական դաշնակիցներ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը։ Եվ եթե մենք կարողանանք հավասարակշռված քաղաքականություն վարել («նախաձեռնողական» քաղաքականությունն, ի դեպ, չի տալիս այդ հնարավորությունը և մեզ միջազգային հարաբերություններում դարձնում է ֆուտբոլի գնդակ), ապա կկարողանանք ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը՝ անկախ ամեն ինչից։

ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունել Ղարաբաղի մասով՝ կոչ անելով հայերիս դուրս գալ «գրավյալ» տարածքներից։ Բայց մենք մինչև հիմա դուրս չենք եկել։ Պատճառն այն չէ, որ մենք ամբողջ աշխարհից հզոր ենք, ու դրա համար էլ թքում ենք նրա ընդունած որոշումների վրա։ Պատճառն այն է, որ աշխարհաքաղաքական շահերը դեռևս մեր շուրջ լավ են դասավորված, և Հայաստանը կարողանում է իր բանակով պահպանել որոշակի հավասարակշռություն։ Բայց եթե մենք շարունակենք թուլանալ այնպես, ինչպես վերջին յոթ տարվա ընթացքում, ապա այդ հավասարակշռությունը կխախտվի, և մենք ոչ միայն «գրավյալ» տարածքները, այլ նաև Հայաստանը պահելու խնդիրներ կունենաք։ Ու այդ դեպքում չի օգնի մեզ ո՛չ ՆԱՏՕ–ի դուռը գնալը, ո՛չ ՀԱՊԿ–ի անդամ լինելը։ Եթե ազգն ու պետությունն իրենց պաշտպանել չգիտեն, ապա չեն ունենա դաշնակիցներ ու կպարտվեն։

Նոր «սառը» պատերազմն ու Հայաստանը

Մեզանում ընդունված է ոչ թե դաշնակիցներ, այլ «պապաներ» փնտրել դրսում։ Համենայնդեպս, գործող իշխանությունների վարքագիծն է այդպիսին։

«Պապա» փնտրելն էր, որ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցրեցին Կրեմլի «պադվալ»։ Նկատենք, սակայն, որ այդպիսով մեր անվտանգության հարցը չլուծվեց։ Առավել ևս, չէր լուծվելու այդ անվտանգության հարցը ԵՄ–ի հետ ասոցացման արկածախնդրությամբ (Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է)։

Մեր անվտանգության հարցի լուծման թիվ մեկ սուբյեկտը տնտեսապես զարգացող, ժողովրդավարական ինստիտուտներով ՀՀ–ն ու ԼՂՀ–ն են և դրանից հետո նոր միայն այլ պետությունների հետ ալյանսը կամ անվտանգության գլոբալ համակարգերը։ Եթե սա չգիտակցենք, ապա այս խառը պայմաններում կարող ենք անդառնալիորեն տուժել։

Նոր «սառը» պատերազմը մարտահրավեր է ամբողջ աշխարհին։ Խելոքները կարող են շահած դուրս գալ այս վիճակից, իսկ անխելքները՝ ոտնատակ ընկնել ու ճզմվել աշխարհաքաղաքական խաղերի արանքում։

Հետևաբար, մեզ գրագետ և պետական կառավարումից հասկացող մարդիկ են պետք, ինչպես նաև ժամանակակից քաղաքական ինստիտուտներ, որոնք կվարեն Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը։

Պետություն ղեկավարելը ամեն մարդու խելքի բան չէ, և մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Տվյալ դեպքում Պոզների հարցազրույցը նկատի չունեմ։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը