Մեկնաբանություն

07.05.2015 01:15


Լիսկան ևս մեկ փաստարկ է ներկայացնում՝ հօգուտ սահմանադրական փոփոխությունների (տեսանյութ)

Լիսկան ևս մեկ փաստարկ է ներկայացնում՝ հօգուտ սահմանադրական փոփոխությունների (տեսանյութ)

Բոլոր այն կուսակցությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ներգրավվել են մեկ անձի քաղաքական ապագայի համար արվող սահմանադրական փոփոխությունների գործընթացում, և սպասարկում են մեկ մարդու շահերը, լրացուցիչ փաստարկ են ստացել՝ հօգուտ այդ փոփոխությունների հանրության առաջ հանդես գալու համար։

Այդ փաստարկը նրանց օրերս տվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։

Բանն այն է, որ Բուդաղյան եղբայրներից մեկին սպանելուց ու մյուսին վիրավորելուց հետո Լիսկայի տղան ամեն ինչ մարսեց, ու հիմա ազատության մեջ է։ Այդ ազատությունից նա շարունակում է լիուլի օգտվել։

Այս անգամ մարզպետի որդի Տիգրանն իր ընկերների հետ ծեծել ու մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել Զաքարյան եղբայրներին։ Նրանցից մեկի աչքն են վիրահատում, իսկ մյուսն ունի գլխամաշկի պատռվածքներ և այլ խնդիրներ։

Թեև տուժողների հայրը հրաժարվել է մանրամասներ ներկայացրել, սակայն նրանց մայրը մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր որդիների հետ, և մեղադրանքներ է ներկայացրել Սերժ Սարգսյանի առաջարկյալ և Հովիկ Աբրահամյանի նշանակյալ կադրերից մեկին՝ Սուրիկ Խաչատրյանին։

Թող զարմանալի չթվա, բայց Բաղրամյան 26–ում հաստատ ուրախացած կլինեն Լիսկայի որդու հերթական «քաջագործության» համար, և ահա թե ինչու։

Նախ՝ Լիսկան այս դեպքից հետո է՛լ ավելի նվիրված մահապարտ է դառնում ՀՀԿ ղեկավարի համար, քանզի շատ լավ հասկանում է, որ իշխանափոխության ցանկացած «ռասկլադի» դեպքում ինքն ու իր «անմեղ» տղան և իրենց շրջապատը որևէ շանս չեն ունենալու։ Սերժ Սարգսյանն է հիմա իրենց միակ երաշխիքը, իսկ դա չի կարող չուրախացնել մահապարտների սուր կարիք զգացող նախագահական նստավայրին։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ քանի դեռ Սարգսյանը նախագահ է, Խաչատրյանը պոկ չի գա մարզպետի աթոռից։

Բաղրամյան 26–ում ուրախության մյուս պատճառը կոմերցիոն բնույթ ունի։

Ակնհայտ է, որ Լիսկայի որդին որևէ պատասխանատվության չի ենթարկվի, և տխրահռչակ Կոստանյանի «կանտոռան» կարող է անգամ մեղադրանք առաջադրել տուժողներին։

Ակնհայտ է նաև, որ մեր իրավապահ համակարգի նման մարդասիրական մոտեցումն առ Լիսկա և նրա որդի տեղի կունենա համապատասխան «նյութատեխնիկական» հողի վրա, և Լիսկան հաստատ կլորիկ գումար կկորցնի։ Նրանից կքերթեն ահագին «կանաչ»։

Ինչ մնում է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին, ապա Սյունիքում տեղի ունեցող դեպքերը ևս մեկ ապացույցն են այն բանի, որ նախագահական նստավայրում առավոտից երեկո մտածում են, թե ինչ անեն, որպեսզի ՀՀ–ում մարդու իրավունքներն ավելի պաշտպանված լինեն։ Արդյունքներն ակնհայտ են։

Դե պատկերացրեք, թե ինչքան ավելի առաջ կգնանք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եթե սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան։ Սյունիքի կվերածվի ողջ Հայաստանը, և մենք վերջապես կունենանք ապահով երկիր ոչ միայն առանձին վերցրած մեկ մարզում, այլ մյուս ինը մարզերում և Երևան քաղաքում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը