Մեկնաբանություն

07.05.2015 13:00


Սողացող էքսպրոպրիացիա (ունեզրկում)

Սողացող էքսպրոպրիացիա (ունեզրկում)

Հայաստանում նոր թափ է հավաքում էքսպրոպրիացիան՝ ունեզրկումը։

«Պայքարում ենք օլիգարխների դեմ» կարգախոսի ներքո՝ իրականացվում է սեփականության վերաբաշխման հերթական փուլը։ «Դռբի տակ» են ընկել «յուրայինները»։ Սխեման բոլորի համար նույնն է՝ փող են «դնում» վրաները։

Ճոյտն, օրինակ, փող տվեց և բաց թողեցին։ Դա դառնում է խաղի կանոն։ Բայց այդ կանոնի առանձնահատկությունն այն է, որ մեկ անգամ տալով չես պրծնի։ Քամելու են մինչև «վարդապետի խազը»։ Գարեգին Նուշիկյան, Հակոբ Հակոբյան (Ճոյտ), Հակոբ Հակոբյան («Կիլիկիա» գարեջրի գործարան), Աշոտ Աղաբաբյան։ Շարքը շարունակելի է։

Ուշագրավն այն է, որ իրական ու մասշտաբային թալանչիները դուրս են մնում իշխանական մամլիչի տակից։ Ասենք՝ որևէ մեկը պատասխան չի տալիս միլիարդավոր դոլարների վարկային միջոցների մսխման համար, ծածկադմփոց է արվում «ատկատների» ու գանձագողության թեման, որի մասին բարձրաձայնել էր Իշխան Զաքարյանը, ընթացք չի տրվում օֆշորային սկանդալին, «Նաիրիտի» հետ կապված ֆինանսական մեքենայությունների համար մեղադրյալի աթոռին չի հայտնվում ԱՄՆ–ում ՀՀ ներկայիս դեսպանը և այլն, և այլն, և այլն։

Սեփականության վերաբաշխման միակ պատճառը փողի պակասը չէ։ Ճիշտ է, պետբյուջեն ծանր վիճակում է, քանզի տնտեսությունը ոչ մի կերպ հնարավոր չի լինում դուրս բերել զարգացման ուղի, բայց միայն փողի սուր կարիքը չէ, որ Բաղրամյան 26–ին դրդում է փող հավաքելուն։ Այդտեղ կա նաև քաղաքական նպատակ։

«Եթե երկրում փողը կենտրոնացած լինի մեկ մարդու մոտ, ապա քաղաքական գործընթացները կմեռնեն, և հնարավոր կլինի ցմահ իշխել ու փող աշխատել». սա՛ է սեփականության վերաբաշխման գլխավոր նպատակը, որին ուզում են ծառայեցնել նաև սահմանադրական փոփոխությունները։

Կապիտալը գերկենտրոնացնելու ծրագիր ՀՀԿ այժմյան ղեկավարն ուներ շատ վաղուց։ Դրան նպաստող առաջին քայլը 2007թ. ընտրություններն էին, երբ ԱԺ–ում ՀՀԿ–ն հսկիչ փաթեթ վերցրեց։ Դրանից հետո նախատեսվում էր նախագահական ֆորմալ ընտրությունների անցկացում, որին էլ հաջորդելու էր նեոբոլշևիկյան քաղաքականությունը։

2008թ. նախագահական ընտրությունները, սակայն, այն սցենարով չընթացան, ինչպես որ պլանավորվել էր Մելիք–Ադամյան փողոցում։ Սարգսյանը ստիպված եղավ հանդուրժողականություն և երկխոսություն խաղալ, ինչպես նաև ներքին լեգիտիմության խնդիրը արտաքինով փոխարինել՝ նախաձեռնելով «Ֆուտբոլային» դիվանագիտություն։ Գերխնդիրը աթոռ պահելն էր, և էքսպրոպրիացիան մղվեց հետին պլան։ Պարզ էր, որ այդ փուլում դժվար էր լինելու մեծ ունեզրկման ծրագիրը կյանքի կոչելը։

Հետո Գագիկ Ծառուկյանի գործոնը թույլ չտվեց իշխանություններին գերմենաշնորհային տնտեսություն կառուցելու՝ վաղուց փայփայված երազանքի իրականացումը։ Ավելին՝ Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի ճնշման տակ Սարգսյանը ստիպված եղավ զոհաբերել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հիմնական գործիքին՝ Տիգրան Սարգսյանին։

Փետրվարյան դեպքերից հետո իշխանության ձեռքերն ազատվել են, ու հիմա ունեզրկման նոր ալիք է սկսվել։ Արտաքուստ այդ ալիքը ներկայացվում է որպես բարեփոխում և ստվերային տնտեսության դեմ պայքար, սակայն իրականում այն Բաղրամյան 26–ի ձեռքում ամեն ինչ կենտրոնացնելու քաղաքականություն է։

Փոքր ու միջին բիզնեսն «Օֆշորի Տիկոյի» ձեռամբ քամվել է մինչև վերջ։ Պատահական չէ, որ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթել են։ Պատճառը միջազգային ճգնաժամը չէր։ Պատճառը Հայաստանում վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունն էր։

Հիմա հերթն արդեն խոշորինն է։ Դա բերելու է կապիտալի հսկայական արտահոսքի։ Կապիտալի փախուստ արձանագրվել է նաև նախորդ տարիներին, բայց հիմա ավելի շատ է սպասվում։ Դրա համար էլ Կառավարությունը եվրաբոնդեր է թողարկում ու Հայաստանը տոկոսի տակ մտցնում, քանզի այլ բան չի ենթադրվում այս պայմաններում։

Իշխանության վերին նեղ շերտի ախորժակը չի պակասել, «մանկության ընկերները» շարունակում են ծաղկել, ընտանիքի անդամները շարունակում են փայամտիչ գործունեությունը, և բնական է, որ այդ դեպքում Սփյուռքի տխրահռչակ նախարարը պետք է մուննաթով փող ուզի սփյուռքահայերից, իսկ Հովիկ Աբրահամյանը պարտադիր, բայց ոչ պարտադրված ռեժիմով մեծացնի Հայաստանի արտաքին պարտքը։ Դե, իսկ «յուրային» գործարար–սեփականատերերի համար նախատեսված է «մուծվողի» դերը։

Տնտեսական դաշտում տեղի ունեցող այս գործընթացները հիշեցնում են Թումանյանի հայտնի հեքիաթի աղվեսի ու կկվի հարաբերությունները։ Թե ինչ եղավ վերջում, հայտնի է։ Մնում է, որ «կկուն» «ագռավին» լսի, իսկ «շունն» էլ ճիշտ պահին «աղվեսին» տեղը դնի։ Այլապես «Չարի վերջի» փոխարեն բոլորս ականատես կլինենք «Քաջ Նազարը» հեքիաթի երկրորդ սերիային։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը