Լրահոս

30.10.2009 15:00


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ս. Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ են զարգանում և բարեկամական են, ճշմարտություն է նաև այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց' գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, և տարիների փորձը մեզ համար օգտակար է նաև այսօր՚: Սերժ Սարգսյանի խոսքով' հնդկահայ համայնքն ամենանշանակալի և ծանրակշիռ համայնքներից մեկն է, և պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ»:

«Պատմական խորը արմատները և երկու երկրների միջև խնդիրների բացակայությունը լավ հիմք են, որպեսզի մենք լավատես լինենք մեր հարաբերությունների ապագայի հանդեպ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Մալհոթրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև կա գերազանց փոխըմբռնում, և Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Խոսելով երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին' դիվանագետն ասել է, որ հայ առևտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները: Նա կարևորել է հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում և շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:

Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել և հուսալի գործընկեր է:

Այս խորագրի վերջին նյութերը