Մեկնաբանություն

11.05.2015 00:10


Ովքեր են հասարակական վտանգ ներկայացնում

Ովքեր են հասարակական վտանգ ներկայացնում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ուշագրավ բան է ասել։ Ըստ նրա՝ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդի Տիգրանը հանրության համար վտանգ չի ներկայացնում։

Գասպարյանն այդպիսի պատասխան է տվել լրագրողի՝ «Չե՞ք կարծում, որ Խաչատրյանի որդին հանրության համար վտանգ է ներկայացնում, և պետք է նրան մեկուսացնել» հարցին։

Ոստիկանապետը պետական գաղտնիք չի բացահայտել։ Իշխանական վերնախավում իրոք չեն կարծում, որ Բուդաղյան եղբայրներից մեկին սպանելը, իսկ մյուսին վիրավորելը վտանգավոր և օրինախախտ արարքներ են (դրա համար էլ Լիսկայի որդին ազատության մեջ է և շարունակում է իր «քաջագործությունները»)։

Իրավապահ համակարգում նաև չեն կարծում, որ օրերս երկու եղբայրների Գորիսում դաժան ծեծի ենթարկած Սյունիքի մարզպետի որդին՝ իր շրջապատով հանդերձ, վտանգ է ներկայացնում հանրությանը։

Մնում է միայն հստակեցնել, թե ինչ են հասկանում իշխանական վերնախավում «հանրություն» ասելով։

Դատելով ամենից՝ «հանրության» տակ իշխանությունները նկատի ունեն իրենք իրենց՝ «Պետությունը ես եմ» տարբերակով։ ՀՀ շարքային քաղաքացիները, նրանց ընկալմամբ, տնօրինվող տարածքի բնակիչներ են, որոնք պետք է սպառեն իշխանության վերին օղակի անդամներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող բիզնեսների առաջարկած ապրանքները կամ ծառայությունները, հարկ վճարեն, տարատեսակ տեխնիկական սարքերի օգնությամբ հայտնաբերված խախտումների համար «մուծվեն», կաշառք տան պաշտոնյաներին կամ էլ արտագաղթեն ու փող ուղարկեն Հայաստան։

Այո՛, մարդ սպանողներն ու մարդ ծեծողներն իշխանության համար վտանգ չեն ներկայացնում։ Հակառակը՝ մարդասապաններն ու կրկնահանցագործներն իշխանությունների հիմնական (եթե ոչ միակ) հենարանն են, և ինչքան շատ լինեն դրանք, այնքան Բաղրամյան 26–ում իրենց ավելի ամուր կզգան, քանզի հանցագործներին ազատություն տալով՝ գործարք կկայանա աթոռի պահպանման և «բեսպրեդելի» իրավունքի թեմաներով։

Իրավապահ մարմինները Հայաստանում պետք է բերման ենթարկեն, իսկ դատական համակարգն էլ պատժի ենթարկի բոլոր նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Իսկ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն էլ պետք է իր թանկարժեք մեքենայի մեջ նստած՝ զարմանա, թե ինչպես է մուրացկան կինը դեռ ողջ մնացել, ու չի «սատկել»։ Չէ՞ որ Երանոսյան Լևոնը ներսից գիտի համակարգի էությունը, և բնական է, որ պետք է զարմանա, թե ինչպես են այդ համակարգից դուրս գտնվող մարդիկ կենդանի մնում։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն շատ լավ տեսնում է, թե ովքեր են իրական վտանգ ներկայացնում, ով է հանրության թիվ մեկ թշնամին, ովքեր են «բեսպրեդելշիկները», և ումից է պետք ազատել պետությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը