Լրահոս

30.10.2009 17:35


Լևոն Զուրաբյան. «Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք, բնականաբար, նման պայքարի մեջ չէինք մտնի»

Լևոն Զուրաբյան. «Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք, բնականաբար, նման պայքարի մեջ չէինք մտնի»

-Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք, բնականաբար, նման պայքարի մեջ չէինք մտնի, բայց սա դիտարկում ենք որպես գործիք մեր քաղբանտարկյալ ընկերոջ իրավունքների վերականգնման համար։ Մենք սա դիտարկում ենք որպես գործիք՝ հասարակության ուշադրությունը նորից կենտրոնացնելու քաղբանտարկյալների խնդիրների վրա,- Նիկոլ Փաշինյանին թիվ 10-րդ ընտրատարածքում աջակցելու «Հայ ազգային կոնգրեսի» որոշման մասին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ իրենք այս ընտրություններին չպետք է մասնակցեին, եթե այդ ընտրությունները չօգտագործվեին որպես քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։

-Օրինակ՝ եթե այնտեղ որոշեր պայքարել Խաչիկ Սուքիասյանը կամ Հակոբ Հակոբյանը, մենք նույնպես կաջակցեինք։

Նույն՝ թիվ 10-րդ ընտրատարածքում ՀԱԿ մեկ այլ անդամ Դավիթ Հակոբյանի թեկնածության առաջադրմանն անդրադառնալով՝ Լ. Զուրաբյանն ասել է.

-Կարծում եմ, որ միակ ճիշտ ուսմունքը՝ մարքսիզմը, կհուշի պարոն Դավիթ Հակոբյանին, թե որն է կոմպրադորյան օլիգարխիայի դեմ պայքարելու միակ ճիշտ ձևը։

Նա նաև նշել է, որ իրենք մոլորություն չունեն, և վստահ են, որ իշխանությունները կիրառելու են ընտրակեղծիքների ամբողջ պաշարը և մեքենան, սակայն դա չի նշանակում, որ իրենք չպետք է մտնեն մի պայքարի մեջ, որից ակնկալում են, որ հասարակությունը պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին, քաղբանտարկյալներին և ընդհանրապես ժողովրդավարության վերականգնման գործընթացին։ ՀԱԿ-ը, Լ. Զուրաբյանի խոսքերով, ամեն ինչ անելու է հաղթանակի համար, կենտրոնացնելու է Կոնգրեսի բոլոր ռեսուրսները և պայքարելու է մինչև վերջ, սակայն որևէ իլյուզիա չունեն, որ իշխանություններն ընդունակ են ազնիվ պայքարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը