Լրահոս

30.10.2009 18:30


Ոստիկանության վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ  Հ. Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու,  իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար,  Ա.Թովմասյանից պահանջել եւ ստացել է 961.700 դրամին համարժեք  2500 ԱՄՆ դոլար կաշառք: Գումարը Հ.Հովհաննսիյանին է փոխանցվել  2009 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը, օրենքով սահմանված կարգով, ձայնագրառվել է ԱԱԾ մարմինների կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազության

մամուլի  ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը