Մեկնաբանություն

13.05.2015 12:10


Ադրբեջանական նացիոնալ բոլշևիզմը և հայկական «առաջադիմական» բոլշևիզմը

Ադրբեջանական նացիոնալ բոլշևիզմը և հայկական «առաջադիմական» բոլշևիզմը

Ադրբեջանում սեփականության խլման հերթական փուլն է։ Ալիևի վարչակազմը փողի կարիք ունի, քանզի դոլարային փոխարժեքի կտրուկ տատանումները հսկայական միջոցների կորստի պատճառ են դարձել։

Հերթական զոհը դարձել է ադրբեջանցի մի գործարար, որին մեղադրել են ... հայկական ծագում ունենալու մեջ։

Արդեն տևական ժամանակ է՝ գործարար Մամեդովի դեմ քարոզարշավ էր տարվում։ Պաշտոնական Բաքվի շահերը սպասարկող «Գեբելսյան» քարոզչամեքենան, փաստորեն, նախապատրաստում էր գործարարին ունեզրկելու ակտը՝ դրան տալով «գաղափարական» տեսք։ Մեղադրանքը մորական կողմից հայ լինելն է։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ նույնպես բոլշևիկյան բնույթի իշխանություն է գործում, Ադրբեջանում բոլշևիզմը շականակագույն է, այսինքն՝ նացիոնալ ֆաշիզմի համադրությամբ է հանդես գալիս։ Այլ կերպ ասած՝ տնտեսական կյանքում Ալիևը բոլշևիկյան ոճի քաղաքականություն է վարում, իսկ ահա դրա գաղափարական վերնաշենքը մարազմի և ատելության գագաթնակետին հասնող հակահայկականությունն է։

Ադրբեջանում հայն արդեն մեղադրանք է, և առանց դատ ու դատաստանի պատժի ենթարկվելու՝ «ուղեգիր» է ստանում այդ մեղադրանքի տակ ընկնողը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ վիճակը համեմատաբար լավ է։ Որևէ մեկից սեփականություն չեն խլում «ադրբեջանցի» մեղադրանք ներկայացնելով։

Մեզանում ունեզրկման և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը տրվում է ոչ թե ֆաշիստական, այլ «դասակարգային» պայքարի տեսք։

Բաղրամյան 26–ն ալիևյան քաղաքականությունն է վարում տնտեսության մեջ, բայց դրա «գաղափարական» վերնաշենքը մատուցվում է ոչ թե ռասիստական կամ ազգայնամոլական փաթեթավորմամբ, այլ «Լավ օլիգարխիան՝ ընդդեմ վատ օլիգարխիայի» դեմագոգիկ լոզունգով։ Ասել է թե՝ Երևանում ու Բաքվում ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն՝ սեփականության խլման ու կենտրոնացման քաղաքականությունն են վարում։

Թե ինչի կհանգեցնի Ալիևի նացիոնալ բոլշևիզմը, դժվար չէ կռահել։ Մեզ պետք է լրջորեն մտահոգի այն, որ ադրբեջանական ֆաշիզմի թիրախը Հայաստանն ու Ղարաբաղն են, ու մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք կիսապատերազմական վիճակում։ Վիճակ, որը տանում է դեպի խոշորամասշտաբ պատերազմ։ Այն կանխելու միակ տարբերակը Հայաստանում «առաջադիմական» բոլշևիզմից հրաժարվելն ու քաղաքական փոփոխությունների գնալն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը