Խմբագրական

02.11.2009 10:46


Կիսաիշխանություն և կիսաընդդիմություն

Կիսաիշխանություն և կիսաընդդիմություն

Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մոտ սպասողական վիճակ է։ Իշխանական և ընդդիմադիր ճամբարներում սպասում են դիմացինի սխալին, որպեսզի օգտվեն դրանից և առավելության հասնեն։ Հետաքրքրականն ու զավեշտալին այն է, որ բոլոր կողմերի գործողությունների բնույթը և մարտավարությունը առավելապես պայմանավորված է լինելու Թուրքիայից ու Ադրբեջանից եկող ազդակներով։

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը, դիտորդի կարգավիճակով, հետևում է հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին։ ՀՀ նախագահին այժմ մնում է միայն դժգոհել Ադրբեջանից, թե ինչո՞ւ են նրանք ամեն ինչ ուզում, և «հայրենասիրություն» խաղալ՝ ստիպված։ Դա նշանակում է, որ Արցախի հարցում զիջումներ չունենալու իրողությամբ մենք պետք է պարտական լինենք ոչ թե և ոչ այնքան ՀՀ իշխանությանը, ում համար Աղդամն ու այլ ազատագրված տարածքները մեր հայրենիքը չեն, այլ անձամբ Իլհամ Ալիևին, ում ախորժակը բացվել է Սարգսյանի «նախաձեռնողականության» հետևանքով, ու դրա համար էլ հակամարտության «կարգավորումը» տեղից չի շարժվում։ Այսինքն՝ ոչ թե իշխանությունները չեն հանձնում ազատագրված շրջանները, այլ Ալի՛ևը դրանք չի վերցնում, քանի որ ամեն ինչ է ուզում։ ՀՀ իշխանությունները «հերոսաբար» դիմադրում են։

            Սերժ Սարգսյանը, հավանաբար, վերջերս է հասկացել, որ մինչև «նախաձեռնող» չդառնա Արցախում՝ «ֆուտբոլային» դիվանագիտությունը արդյունք չի գրանցի Թուրքիայի մասով։ Հասկացել ու հույսը դրել է Քլինթոնի և այլոց վրա, որպեսզի նրանք ճնշեն Թուրքիային, և մեր ոխերիմ հարևանն, առանց արցախյան հանձնումների, բացի սահմանը։ Թե ի՞նչ կստացվի այս ամենից՝ Սարգսյանն էլ չգիտի և իրեն մնում է միայն սպասել։

             Մեկ տասնյակից ավելի գրանցված կուսակցություններն իր կողքը հավաքած ՀԱԿ-ը նույնպես վճռական սպասման մեջ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «Ղարաբաղը ծախած-պրծած է» և հիմա ընդիմության այդ հատվածում, թերևս, սպասում են ասվածի ճշմարիտ լինելու հրապարակային «հաղթարշավին»՝ «Տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք» թեմայով մարգարեական պաթոսը հետագայում օգտագործելու համար։

            Հայ-թուրքական արձանագրություններին այդպես էլ իր հստակ «Ո՛չ»-ը չասած և մեզ համար Արցախի հարցում անշրջելի բացասական գործընթացներ կանխատեսած Տեր-Պետրոսյանը հիմա նույնպես դիտորդ է դարձել։ ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ Արցախի հարցում այլևս հնարավոր չէ էականորեն շտկել իրավիճակը, քանի որ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման անբեկանելի որոշումներ են կայացրել։ Ստացվում է, որ հայ-թուրքականի և Արցախի հարցում Տեր-Պետրոսյանն առաջինի մասով, խոշոր հաշվով, կողմ է գործընթացին և զգալի տեղաշարժ է արձանագրում այդ ուղղությամբ, իսկ երկրորդի մասով էլ ասում է, թե բան փոխել հնարավոր չէ։ Այս մոտեցումը որոշակի հակասության մեջ է մտնում ՀԱԿ-ի առաջարկած այն թեզի հետ, ըստ որի՝ եթե ժողովուրդն ուզում է կանխել բացասական զարգացումները, ապա պետք է հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Այսինքն մի կողմից ասվում է, թե այլևս բան փոխել չի լինի, Ղարաբաղը ծախած-պրծած է, իսկ մյուս կողմից էլ, թե դրությունը կարելի է փրկել Սերժ Սարգսյանին «Ո՛չ» ասելով։  Եթե «Ո՛չ» է ասվում Սերժ Սարգսյանին, բայց «Այո՛» հայ-թուրքական ներկա գործընթացին և անհուսալի գնահատվում Արցախի լուծման հայանպաստ տարբերակը, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը չի դառնում հանրության լայն շերտերի ներկայացուցիչը և չի կարող կոնսոլիդացիա ապահովել։   

Նկատենք, որ որքան անկեղծ և միակամ է ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին «Ո՛չ» ասելու, նույնքան անկեղծ և միակամ չէ հայ-թուրքական զույգ արձանագրությունները հստակորեն մերժելու հարցում։ Հետևաբար՝ այն զանգվածը, որը դեմ է Սարգսյանի իշխանական համակարգին և, միևնույն ժամանակ, «Ո՛չ» է ասում հայ-թուրքական արձանագրություններին՝ ի դեմս ՀԱԿ-ի և այդ կառույցի լիդերի չի տեսնում իր ամբողջական շահերի արտահայտիչը։

             Մեկ տասնյակից ավել գրանցված կուսակցություն է հավաքվել նաև ՀՅԴ-ի շուրջը։ Նրանք իրենց հստակ «Ո՛չ»-ն են ասում հայ-թուրքական արձանագրություններին։ Ընդդիմության այս հատվածում մենք ունենք ՀԱԿ-ի հակապատկերը։  Բանն այն է, որ այս ճամբարի համար առաջնայինը դա արձանագրություններին «Ո՛չ» ասելն է, ի տարբերություն ՀԱԿ-ի, որտեղ թիվ 1 հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Որքան միակարծիք են ՀՅԴ-ի շուրջ հավաքվածները արձանագրությունների վավերացումը տապալելու, այնքան տարակարծիք են Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում։  Տվյալ դեպքում մենք գործ ունենք  կիսահղի ընդդիմադիր լինելու մեկ այլ տարբերակի հետ։

ՀՅԴ-ի հետ միասին արձանագրություններին «Ո՛չ» է ասում նաև, օրինակ, Արամ Գ. Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի պաշտոնին մնալը պաշտպանում է Գալուստ Սահակյանի էնտուզիազմով։ Այդպիսի ընդդիմություն չի՛ լինում։  Այսինքն՝ այստեղ էլ տեսնում ենք հանրային լայն շերտերի շահերը ոչ ամբողջությամբ ներկայացնող կուսակցական կոնգլոմերատ, ինչպես որ ՀԱԿ-ի պարագայում է։ Մինչդեռ իշխանություններին լիարժեք այլընտրանք լինելու և հանրությանը կոնսոլիդացնելու համար անհրաժեշտ է բազում «Ո՛չ»-երի և «Այո՛»-ների առկայությունը միաժամանակ։ Չի կարելի առավել կարևոր հարց դիտարկել ազգայինը կամ ժողովրդավարականը։ Մանավանդ որ ժողովրդավարության մասին խոսողներից շատերը գործող կլանա-օլիգարխիկ հակաժողովրդավարական համակարգի, ընտրակեղծիքների, տանկերով իշխանություն պահելու կնքահայրերն են, իսկ ազգայինից խոսող ուժերի մեծ մասն ազգային է միայն կենացների մակարդակով կամ էլ հանգամանքների բերումով։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի մաքրման և զտման գործընթաց սկսվի երկու ճամբարներում էլ և տարանջատված առողջ հատվածը դառնա համաժողովրդական նոր ալիքի շարժիչ ուժը։ Թերևս այդ մղումով է, որ ՀՅԴ-ն քաղաքական լայն պլատֆորմ (որտեղ նշվում է նաև իշխանափոխության հարցի մասին) է առաջարկում ՝ գիտակցելով, որ Է. Նալբանդյանի հրաժարականը պահանջելով կամ «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսով հեռու չես գնա։ Թե որքանո՞վ ՀՅԴ-ին կհաջողվի մարդկանց համոզել, որ իրենք անկեղծ են համակարգային փոփոխության և իշխանափոխության հարցում՝ կախված է միայն իրենց գործողություններից ու իրականացվելիք քայլերից։ Թե չէ միայն արձանագրությունների վավերացմանը դեմ խոսելով ստացվում է, որ հիմա Թուրքիայից է կախված ՀՅԴ-ի ընդդիմադիր լինելու «դոզան»։ Այդ մոդելով ունենում ենք հետևյալ պատկերը. կվավերացնի թուրքական կողմն արձանագրությունները՝ ՀՅԴ-ն ստիպված կլինի Հայաստանում ակտիվանալ և կտրուկ դեմ դուրս գալ ՀՀ նախագահին ու կոալիցիային։ Չի վավերացնի Թուրքիան՝ ՀՅԴ-ն այդ դեպքում կարող է շարունակել իր կառուցողական ընդդիմադիրի ճանապարհը, որը ոչ մի տեղ չի տանում։

Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա այն առայժմ մնացել է տերպետրոսյանական կարծրացած պատկերացումների կաղապարների մեջ, որը նույնպես ոչ մի տեղ չի տանելու։ Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում շուտափույթ լուծումներ քարոզած Տեր-Պետրոսյանը եթե նույնիսկ ընկալել է սեփական սխալները, ապա, ենթադրաբար,  նաև հոգեբանորեն պատրաստ չէ հրապարակավ «Ո՛չ» ասելու ներկա գործընթացներին, իր գաղափարներին ու «Սերգո ջանի լավ ապրելու» հայեցակարգին։ Չմոռանանք, որ Տեր-Պետրոսյանը տարբեր առիթներով ողջունել է Սերժ Սարգսյանի «ֆուտբոլը»։ Չմոռանանք նաև, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ առաջին նախագահն առանձնանում էր մյուս թեկնածուներից այն բանով, որ խոստանում էր նախաձեռնող լինել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ճակատներում՝ շրջանառության մեջ դնելով քիրվայության անհրաժեշտության թեզը։ Հիմա եթե դժվար է հայացքների փոփոխությանը գնալը, դժվար է ընկալելը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք լինի մեր պետության արտաքին քաղաքականության օրակարգում, քանի որ դա անվտանգության հարց է, դժվար է ընկալելը, որ Արցախի հարցի շուտափույթ լուծում գոյություն չունի, քանի որ դա էլ ՀՀ անվտանգության խնդիր է և այլն, ապա  դա անձամբ Տեր-Պետրոսյանի խնդիրն է։ Նրա շուրջը հավաքված մարդիկ թող իրենք որոշեն, թե արդյոք ուզու՞մ են գերի դառնալ մեկ մարդու, ինչպես որ գերի են դարձել իշխանական ճամաբարից շատ-շատերը Սերժ Սարգսյանի «ֆուտբոլին» ու ստիպված են ասել բաներ, որոնց իրենք էլ չեն հավատում։

Տեր-Պետրոսյանին չես կարող մեղադրել իր գաղափարներին հավատարիմ մնալու մեջ։ Իր կարծիքով, Հայաստանը միայն այդպես կարող է զարգանալ և միայն քիրվայական գաղափարախոսությունն է ճիշտ։ Սակայն դրանք գաղափարներ են, որոնք, իմ համոզմամբ, նույնքան մերժելի են շատերի համար (նամանավանդ, որ Սերժ Սարգսյանը գործնականում ապացուցեց այդ գաղափարների անհեռանկարային ու վտանգավոր լինելը), որքան որ Ս.   Սարգսյանի շուրջ ձևավորված իշխանական համակարգը։   Ինչևէ։

             ՀՅԴ-ն էլ իր հերթին առայժմ պատրաստ չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ միայն վերջերս է դուրս եկել իշխանական կոալիցիայից։ Իսկ դուրս գալն ակնթարթային գործընթաց չէ՝ այն էլ Հայաստանում։ Ժամանակ է պետք և  ՀՅԴ-ն այդ ժամանակը դեռ ունի, բայց դա չի կարող հավերժ ձգվել։ Հապաղելը ճակատագրական կլինի։ Այլընտրանք չկա։  Ուշացնել պետք չէ։ Հարկավոր է նախ մաքրել ներսի «ավգյան ախոռներն» ու անցնել գործի։  Եթե դա տեղի չունենա, ապա ՀՅԴ-ն թող մեղադրի միայն իրեն և ուրիշ ոչ մեկի։

Մի փոքր պատմական էքսկուրս իշխանությունից ընդդիմություն անցնելու թեմայով և անցնենք առաջ։ Եթե հիշում եք, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀՇ-ն անմիջապես ընդդիմություն չդարձավ, քանի որ 7 տարի իշխած ուժն օբյեկտիվորեն չէր կարող մեկ ակնթարթում ընդդիմություն դառնալ. սեփականության խնդիր կար։ Դա էր պատճառը, որ 1998-ին ՀՀՇ-ն պաշտոնապես աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, և ընտրություններից հետո տեղի ունեցած  ինագուրացիայի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ շնորհավորեց երկրորդ նախագահին։ Ի դեպ, այն օրերին Տեր-Պետրոսյանը չէր խոսում կեղծված ընտրությունների և Կարեն Դեմիրճյանին սատարելու մասին, ինչպես որ այսօր ՀՅԴ-ն չի բարձրաձայնում Սերժ Սարգսյանի լեգիտիմության դեֆիցիտի հարցը։  

            Ամփոփենք. այժմ երկրում գործ ունենք կիսաիշխանության և կիսաընդդիմության հետ։ Սերժ Սարգսյանը կիսաիշխանություն է, քանի որ այժմ զրկվել է ամբողջ բովանդակ հայության տարբեր շերտերը ներկայացնող գրեթե բոլորի աջակցությունից, իսկ մինչ այդ նախագահ է դարձել խայտառակ ընտրությունների արդյունքում։ Սարգսյանն իշխանություն է այնքանով, որքանով որ զբաղեցնում է նախագահի աթոռը։ Բացի այդ, Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի նաև բուն իշխանության ներսում, որտեղ նա անվերապահ լիդեր չէ և ամբողջությամբ չի տիրապետում իշխանական բուրգին։ Իսկ Հայաստանում ձևավորված կլանաօլիգարխիկ, «պախանական» համակարգում դա մեծ «մինուս» է։

             Հանրային գիտակցության մեջ, իրենց հերթին կիսաընդդիմություն են  ընկալվում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, քանի որ նրանցից մեկն անկեղծ չէ հայ-թուրքականի ու Արցախի մասով, երբ քննադատում է այդ ուղղությամբ իշխանության քայլերը (տերպետրոսյանականների քննադատությունն այն է, որ իրենք էլ էինք ուզում նույնն անել, բայց քանի որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, ուստի անհարկի զիջումների է գնում  և պատմաբանների հանձնաժողովի մասով համը հանեց), իսկ մյուսը՝ Սերժ Սարգսյանին պարշտոնանկ անելու մասով (նրանք ասում են, թե կարևորը արձանագրությունները չվավերացնելն է, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը առաջնային խնդիր չէ)։

ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն իշխանությանը հակադրվում են տարբեր առաջնահերթություններ ունենալով և, պատկերավոր ասած, Սերժ Սարգսյանը կարողանում է մնալ իշխանության բարակ լարի վրա այն պարզ պատճառով, որ երկու տարբեր կողմերից նրան «քաշքշող» ուժերն, իրականում, պահում են Սարգսյանի հավասարակշռությունը, և նա մնում է իր տեղում։

             Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ չձևավորվի համակարգային փոփոխությունների գնացող ուժ։ Մեզ անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություններ և միայն այդ փոփոխություններն են, որ կհանգեցնեն ներքին և արտաքին միջավայրերի վտանգերի չեզոքացմանը և Հայաստանը դուրս կբերեն զարգացման ուղի։

Համաձայն Նյուտոնի օրենքի՝ ուժը և հակաուժը մոդուլներով միմյանց հավասար են։ Ֆիզիկայի օրենքները նույն կերպ են գործում նաև քաղաքանության մեջ։ Իշխանությունն այժմ, ինչպես երբևէ, բավական թույլ է, բայց թույլ է նաև ընդիմությունը (դա  հատկապես վերաբերում է այս պահին ընդդիմադիր հատվածի առաջատարի   ընկալում ունեցող ՀԱԿ-ին)։ Այնպես որ, Սերժ Սարգսյանն իր իշխանությամբ պարտական է նաև ընդդիմությանը։ Իմ այս կարծիքին հակադրվողները, թող այդ դեպքում բացատրեն, թե ինչպե՞ս է գործող նախագահը պահպանում իր դիրքերը։

Ակնհայտ է, որ գլոբալ համակարգային փոփոխության և իշխանափոխության համար անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա (ինչպես որ ճիշտ նկատել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու այլոք)։ Սակայն այդ լայն կոնսոլիդացիան հնարավոր չէ կիսաընդդիմության պայմաններում։ ՀԱԿ-ը բոլոր հիվանդությունների դեմ համադարման է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ՀՅԴ-ն՝ հայ-թուրքական արձանագրություններին «Ո՛չ» ասելը։ Սա վկայում է այն մասին, որ նշյալ ուժերն առանձին գործելով չեն կարող լայն զանգվածներ կոնսոլիդացնել։ Սա վկայում է նաև այն մասին, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն երբեք չեն կարող համագործակցել։ Հայդատականներին ու քիրվայականության կրողներին օբեկտիվորեն հնարավոր չէ մեկ նավակի մեջ տեսնել և կարիք չկա անիմաստ էներգիա ծախսել այդ ուղղությամբ։

Ստեղծված իրավիճակը որոշակի վակուում է առաջացնում քաղաքական դաշտում։ Կիսաիշխանությունը կլքի իր դիրքերը, երբ  որ ձևավորվի ներկա արատավոր համակարգին ու «ֆուտբոլային» դիվանագիտությանն ամբողջական «Ո՛չ» ասող և Հայաստանի առջև ծառացած  մարտահրավերների լուծմանը պատրաստ ազգային-դեմոկրատական պրագմատիկ ուժ, որը կարող է դառնալ լիարժեք իշխանություն։  Հանրությունն ունի արմատական և համակարգային փոփոխությունների կարիք և կկոնսոլիդացվի միայն այդ տիպի քայլերի ունակ ուժի առկայութան դեպքում։  Այդ ուժը կարող է ստեղծվել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի շուրջ ձևավորված առողջ զանգվածի («հիվանդները» պետք է նետվեն քաղաքական աղբանոց) և նոր դեմքերի համագործակցության միջոցով կամ մեկ  այլ տարբերակով։ Թե ինչպե՞ս՝  կխոսեմ  այլ առիթով։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը