Մեկնաբանություն

15.05.2015 01:25


Ուղերձ նախագահականից. «Արտագաղթե՛ք, քանի դեռ ուշ չէ»

Ուղերձ նախագահականից. «Արտագաղթե՛ք, քանի դեռ ուշ չէ»

Օֆշորային մեքենայության գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանը փորձում էր «Հայկական աշխարհ» կառուցել, որպեսզի հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձրաձայներ այդ ծրագրի գլխավոր նպատակը։

«Հայկական աշխարհը» կառուցվում էր նաև այն պատճառով, որ Հայաստանում հանկարծ հեղափոխություն չլինի։

Արտագաղթի խրախուսման քաղաքականության հարակից էֆեկտը մասնավոր տրանսֆերտների ակնկալիքն էր։

Պետք է նկատել, որ իշխանությունները զգալի արդյունքների հասան «Հայկական աշխարհի» կառուցման հարցում։ Վերջին յոթ տարում Հայաստանը լքեց շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացի։

Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանի գործն այժմ շարունակվում է Սերժ Սարգսյանի մեկ այլ սիրելի պաշտոնյայի՝ Սուրիկ Խաչատրյանի միջոցով։ Վերջինս իրեն հանձնված մարզում պարբերաբար պատժիչ գործողություններ է իրականացնում։ Լիսկան, անշո՛ւշտ, մեղավոր չէ, քանզի ճակատագրական պահերին քնած է լինում։ Իսկ ահա նրա որդին միշտ արթուն է։ Դե եթե արթուն է, ապա մյուսները պետք է զգուշանան, քանզի կարող է կրակել, կամ զրկել տեսողությունից։

Այսպիսով, իշխանությունները նոր թափ են հաղորդում «Հայկական աշխարհի» կառուցմանը։

Օրերս Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իրավապահները ոչ մի քայլ չէին ձեռնարկում Լիսկայի որդուն բերման ենթարկելու համար։ Ամբողջ հանրապետությունը գիտեր տեղի ունեցածի մասին, բայց ոստիկանությունը, քննչական մարմինները՝ դատախազության գլխավորությամբ, անտարբերություն էին ցուցաբերում և իրենց «ռետինե խողովակի» տեղ էին դնում։ Սպասում էին հրահանգի։

Եվ հրահանգն այդ եղավ ... մեկ շաբաթ անց։

Երբ Տիգրան Խաչատրյանն արդեն բարեհաջող անհետացել էր, սկսեցին նրան փնտրել, ու, բնականաբար, չգտան՝ այդ մասին ՀՀ քննչական կոմիտեի անունից հաղորդագրություն տարածելով։

Հաղորդագրությունն այդ այլ կերպ, քան Բաղրամյան 26–ից իջեցրած ուղերձ չես որակի։ Ուղերձի բովանդակությունը հետևյալն էր. «Արտագաղթե՛ք, քանի դեռ ուշ չէ, քանզի ձեր կյանքի իրավունքը ոչ միայն պաշտպանված չէ, այլ նաև այդ իրավունք խախտողները գործում են իշխանության ամենավերին օղակի պաշտպանության ներքո»։

Բա ուրիշ ինչպե՞ս մեկնաբանես Գորիսում տեղի ունեցածին իշխանությունների արձագանքը։ Եթե Բուդաղյան եղբայրներից մեկին կարող են սպանել, մյուսին՝ վիրավորել, ու որևէ պատժի չենթարկվել, եթե նույն մարդիկ ծեծում են Զաքարյան եղբայրներին, իսկ պետության համապատասխան կառույցները չնկատելու են տալիս այդ ամենը և միայն վերևից եկած հրահանգից հետո են սկսում «փնտրել» հանցագործներին ու չեն գտնում, ապա սա ամենաբարձր մակարդակով հնչեցված արտագաղթի ուղերձ է։

Այլ հարց է, որ ուղերձն այդ լեգիտիմ չէ, և հակաուղերձի անհրաժեշտություն կա։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը