Կարծիք

02.11.2009 11:50


Ջորջ Օրուելի «1984»-ը և հայ իրականությունը

Ջորջ Օրուելի «1984»-ը և հայ իրականությունը

20-րդ դարում շատ չեն այն աշխատությունները, որոնք իրենց ժամանակաշրջանում մեծ աղմուկ բարձրացնելով՝ կարողացել են պահպանել իրենց արդիականությունը, ուժն ու ներգործությունը նաև տասնամյակներ անց: Սովորաբար նման աշխատանքները, նույնիսկ եթե դրանցում քննարկվում են տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հարցեր, ունենում են խոր տեսական-վերլուծական, ինչպես նաև ֆուտուրոլոգիական բնույթ և մշտապես ակտուալ են լինում, քանի որ ուղղված են մարդուն, նրա իրավունքներին, հոգևոր պահանջմունքներին ու ազատություններին:

Այդպիսի բնույթի աշխատանք էր Ջորջ Օրուելի «1984»-ը, որը, դիմանալով տասնամյակների փորձությանը, այսօր ևս չի կորցրել իր արդիականությունը, քանի որ համաշխարհային տոտալիտար հասարակարգի ու նրա արատների քննարկումը նրա գրքում թեև առաջնային տեղ ունի, այնուամենայնիվ, այդ ամենը նա դիտարկում է մարդու ներքին ազատությունների դիրքերից: Ժամանակին նրա աշխատանքը շատերի կողմից դիտվեց որպես երկրորդ հայտնություն, որովհետև ապագա տոտալիտար աշխարհն իր հետևանքներով առավել դաժան էր թվում, քան Քրիստոսի երկրորդ գալուստն ու աշխարհի կործանումը: Օրուելի գրքում հիմնական հակամարտող կողմերը մարդկության արժեքային համակարգերն էին, քանի որ տոտալիտարիզմն իր ստով ու կեղծիքով հակադրվում էր ժամանակակից աշխարհի ազատություններին ու մարդկային բարձրագույն արժեքներին: Նրա հայացքներում կարելի է նաև որոշակի բացարձակացումներ նկատել, քանի որ լինելով դեմոկրատական սոցիալիզմի մոլի կողմնակից՝ նա մարդկության  հիմնական արժեքներ էր դիտարկում հավասարությունը, մարդու արժանապատվությունը, հարգանքը նրա նկատմամբ: Առանց նշվածների հնարավոր չէր պատկերացնել ապագա աշխարհի ու աշխարհակարգի հաղթանակը տոտալիտար աշխարհի նկատմամբ: Չնայած նրա աշխատանքը հակաուտոպիա էր անվանվում՝ նրանում ևս քիչ չէին ուտոպիստական ելևէջներ ունեցող տարրերը: Ի տարբերություն նրանց, ովքեր ժողովրդավարությունը համարում էին բարձրագույն արժեք և կարծում, որ արդի հասարակարգի վերափոխումը պետք է սկսվի հենց այդտեղից՝ Օրուելի համակարգում առաջնայինը մարդու և ժողովրդի լուսավորության գործն էր՝ առանց որի հնարավոր չէր հասարակության մեջ որևէ փոփոխության ակնկալում:

Օրուելը վիճաբանում էր բոլոր նրանց հետ, ովքեր իրեն համարում էին մարքսիստական գաղափարախոսության հետևորդ: Նրա հիմնական տարբերությունը մարքսիստներից հեղափոխության դիալեկտիկայի մեկնաբանությունն էր ու նրա իմաստի հետագա մետամորֆոզները: Լիբերալիզմի հետ նրա վեճն առավել վառ երևում է Հերբերտ Ուելսի հետ երկխոսության մեջ, քանի որ նրան խորթ էր մարդկային հիմնարար արժեքները ոտնահարող որևէ երևույթ: Բացի այդ, լիբերալների հետ հակասություններ առաջացան նաև այն բանի հետևանքով, որ «1984»-ի գործողությունների վայր էր ընտրված ոչ թե ինչ-որ արևելյան տոտալիտար երկիր կամ քաղաք, այլ հին աշխարհի քաղաքակրթության կենտրոն համարվող Լոնդոնը: Դրանով նա առավել մեծ ուշադրություն էր հրավիրում մարդու իրավունքներին ու ազատություններին, որովհետև շատ մտածողների համար դա արտաքին ուժերի ազդեցության արդյունքում ծնված երևույթ է, ոչ թե մարդու ներսից եկող որևէ բան: Նրա համար սոցիալիզմը ոչ թե պետության կամ առանձին խմբերի կողմից պարտադրված գաղափարախոսություն էր, այլ մարդու հոգեկան աշխարհի հավասարակշռությունը մշտական ներքին պայքարում սեփական ախտերի դեմ, որն էլ պատճառն էր իրավունքների ու ազատությունների սահմանափակման:

Օրուելյան տրամաբանությամբ՝ իշխանության հիմնական նպատակը հենց իշխանությունն է: Իշխանությունը երբևէ չի կարող բավարարվել իր ունեցած իշխանությամբ. այն ինքնաբավ չէ: Նրա նպատակն առավել նոր ոլորտներ յուրացնելն ու նորանոր մակարդակներում սեփական իշխանությունն ամրապնդելն է: Իշխանության ամրապնդման հետաքրքիր մեթոդ է ներկայացնում Օրուելը՝ ցույց տալով, որ այդ նպատակով ոչ միայն տրանսֆորմացիայի են ենթարկվել մարդն ու նրա ներաշխարհը, այլ նաև լեզուն: Լեզուն փոփոխվել է այն աստիճան, որ այլևս հնարավոր չէ դրա միջոցով արտահայտել ազատությունը, քանի որ մշակութային հիպնոզը կատարել է իր կործանիչ դերը: Մշակութային հիպնոզին արդի ժամանակաշրջանում փոխլրացնելու են եկել լրատվական մանիպուլյացիան և ինտերնետային հոգեբանությունը, որոնք «1984»-ում մարդու վրա ազդող գործոններ են: Տոտալիտար հասարակարգերին բնորոշ պրոպագանդիստական մեթոդաբանությունը բնորոշ է ոչ միայն բուն տոտալիտար ռեժիմներին, այլ նաև «տոտալիտար դեմոկրատական» երկրներին, որտեղ նույն գաղափարների վրա անընդհատ ու պարբերաբար շեշտադրումը (օրինակ՝ տեռորիզմ, դեմոկրատիա, թրաֆիքինգ և այլն) ազդում է մարդկանց հոգեբանական կառուցվածքի վրա, ու այդ տեսանկյունից նա գալիս է այն հետևության, որ ամեն մի դրական փոփոխության հիմքը մարդկանց հոգեբանական վերափոխումն է:

Ինչպես 20-րդ դարի որոշ աստվածաբաններ (օր.՝ Կարլ Բարտը) հակվում էին սոցիալիզմի գաղափարախոսությանը, այնպես էլ Օրուելի մոտ նկատելի էր քրիստոնեական մեսիանիզմի ու արդար հասարակարգի մոտեցումների կիրառում սեփական համակարգի ուրվագծման համար: Թվում է՝ բազմաթիվ դժվարություններ տեսած մարդկությունը պետք է ինքնավստահ լինի սեփական ուժերի նկատմամբ, սակայն Օրուելը ցույց է տալիս, որ ճիշտ հակառակը՝ շատ երևույթներից անտեղյակ մարդկությունն առավել անօգնական է, ու այդ անօգնականությունը համակել է մարդկանց գիտակցականը: Նոր ժամանակաշրջանի հիմնական խնդիր է հռչակվում այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է փոխել մարդու բնությունն այն աստիճան, որ նա մոռացության մատնի իր հիմնական պահանջմունքները, ազատության, արժանապատվության, ազնվության նկատմամբ ձգտումները: Եթե, այնուամենայնիվ, մարդկային բնությանը բնորոշ դինամիզմն արագ պատասխան է գտնելու հասարակական, մարդկային ու գլոբալ բազմաթիվ հարցերի, քանի որ, ի տարբերություն հոգեբանական ռելյատիվիստների, պնդում է, թե ի ծնե մարդուն բնորոշ է գեղեցիկի, սիրո, արդարության ու ազնվության նկատմամբ ձգտումը: Սակայն միևնույն ժամանակ Օրուելը պնդում էր՝ եթե մարդը չենթարկվի ներքին վերափոխումների, ապա պատմության ընթացքը կգնա լրիվ այլ հունով, և մարդիկ էլ չեն վերածվի ավտոմատների, ինչի միտումներն արդեն ակներև էին նրա ժամանակներում: Միջնադարից հետո մարդիկ մեծ շեշտադրություն են անում ոչ միայն անհատի, այլ նաև սոցիալական, հասարակական կառուցվածքի կատարելագործման վրա, որի տրանսֆորմացիաները, սակայն, հասարակությանը կարող են տանել լրիվ անցանկալի հունով:

Երբևէ եղած չլինելով ԽՍՀՄ-ում' Օրուելի գիրքը զուրկ էր օբյեկտիվությունից, և պատմականությունը նրա ամենաուժեղ կողմը չէր: «1984»-ի առավել ուժեղ կողմն իլյուզիաներից ազատագրումն էր, որի արդյունքում ստալինյան դիկտատուրան անվանում էր դիկտատուրա, իսկ դավաճանությունը' դավաճանություն: Ամբողջ խնդիրն այն էր, որ նույնիսկ այդ ժամանակվա Արևմուտքի «ձախական» շրջանակներում ԽՍՀՄ-ը դիտվում էր որպես համաշխարհային հեղափոխության ֆորպոստ, իսկ այդ պետությունում տեղ գտած բոլոր արատները բացատրվում էին ինչով ասես, բացի ստալինիզմից կամ դրանից բխող որևէ բանից: Այսօր ևս հայ իրականության մեջ կարող ենք տեսնել նույն մոտեցումը, որի դեմ այնքան երկար պայքարում էր Օրուելը՝ մեղավոր են բոլորը՝ բացի հիմնական մեղավորից:

Օրուելին հաջողվել է բավական լավ ցույց տալ տոտալիտար ռեժիմների որոշ առանձնահատկությունները: Հատկապես նմանատիպ ռեժիմների բարձրագույն նպատակն այն է, որ նույնիսկ անձնականի, ինտիմի ոլորտում հաստատված կանոնից շեղումներ չեն թույլատրում: Դրա ամենավառ վկայությունը ԿԿ գլխավոր քարտուղարի թևավոր դարձած արտահայտությունն է՝ «Սովետական Միությունում սեքս չկա»: Մեր կողմից կարող ենք ավելացնել՝ «Քանի որ այդպես է ցանկանում Սովետական Միությունը»: Այս տեսանկյունից մերօրյա հայ իրականության մեջ էլ քիչ չեն այնպիսի դեպքեր, երբ պետական օղակներն ամեն կերպ միջամտում են անձի, անհատի կյանքին ու փորձում այն դնել արդեն հայտնի կանոնների մեջ, մարդուց պահանջում ապրել այնպես, ինչպես ապրում է մեծամասնությունն ըստ հաստատված կանոնների:

Տոտալիտար ռեժիմը կամ գաղափարը ներառելու է մարդու բնությանը բնորոշ բոլոր տարրերը: Մարդն իր մտածողությամբ պատկանում է ռեժիմին և նույնիսկ մտքով իրավունք չունի հակադրվելու ընդունված կանոններին: Ռեժիմի պայմաններում ապրող մարդիկ պետք է իմանան առաջին հերթին իրենց պարտավորությունների, ոչ թե իրավունքների մասին: Այդ պարտավորություններից հիմնականը նրա անսահման նվիրվածությունն է ռեժիմին, սակայն ոչ թե հիմնված վախի, այլ հավատի վրա, ինչը տոտալ ճնշման պայմաններում արդեն դառնում է մարդու երկրորդ բնությունը: Օրուելի կատարած ամենահետաքրքիր հարցադրումներից մեկն այն է, որ նա փորձում է հասկանալ, թե բռնության ու ճնշման պայմաններում որքանով կարող է փոփոխվել մարդու բնությունը, որքանով մարդը կարող է դառնալ համակարգի ստրուկն ու ձուլվել այդ համակարգին: Վախն էլ իր հերթին փոխում է մարդկային բարոյական բնությունը, լռեցնում իր մեջ առկա բոլոր զգացմունքներն ու բնազդները՝ բացի ինքնապահպանման բնազդից:

Օրուելի վերոնշյալ միտքը հայ իրականության վրա պրոյեկտելու դեպքում տեսնում ենք դրա ակներև նմանությունը, երբ համատարած ճնշումը փոխում է մարդկային բնությունն, ու բազմաթիվ իրեր ու երևույթներ սկսում են բնական թվալ այս իրավիճակում, եթե այլ պայմաններում դրանք հակաբնական, հակամարդկային ու հակասական կթվային: Այս իրավիճակում տոտալ ճնշման պայմաններում ռեժիմի պահպանմանը հակադրվում է նույնիսկ մարդկային պարզ հիշողությունը, եթե այդ հիշողության մեջ առկա են նույնիսկ որոշ ազատության մասնիկներ, որովհետև հենց դրանից է սկսվում ազատության նոր ձգտումը:

Դա բավական լավ է հասկանում ռեժիմը, որն իր գործիքների միջոցով փորձում է մշտապես ճնշման տակ պահել ոչ միայն ազատության ֆիզիկական, այլ նաև հոգևոր բոլոր դրսևորումները՝ մտքի ազատությունը, հիշողությունը, արվեստի ինքնարտահայտումը և այլն:

Վատատեսական տոնով չավարտելու համար միայն հույս հայտնենք, որ ներկայիս հայ իրականության մեջ տեղ գտած օրուելյան ֆիզիկական ճնշման առանձին դեպքերը համակարգի չվերածվեն, իսկ որ ամենավտանգավորն է՝ չդառնան նոր մարդկային բնություն, ու դրանով հանդերձ վտանգի տակ չդնեն հայի հոգևոր ազատության դրսևորումները, քանի որ հոգևոր ազատության ճնշումն ու դրա արհեստական տրանսֆորմացիան կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ազգի հետագա ճակատագրի համար:

Հովհաննես Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը