Մեկնաբանություն

18.05.2015 12:29


Ամենաթողության ռահվիրաները

Ամենաթողության ռահվիրաները

Եթե քաղաքականությամբ հետաքրքրվող միջին վիճակագրական ՀՀ քաղաքացուն հարցնեն, թե ով է մեր հանրությանն ու պետությանն ավելի մեծ վնաս հասցրել՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ վերանշանակյալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ապա չեմ կասկածում, որ մեծ մասը կպատասխանի՝ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան։

Այ հենց այդտեղից էլ սկսվում է սխալը։

Ի դեպ, այս երկուսին համեմատում եմ՝ տարածված «շտամպները» և «ստերեոտիպերը» հաշվի առնելով։ Թվում է, թե սրանք տարբեր տեսակներ են, և Տիգրանը շահեկանորեն տարբերվում է Լիսկայից։ Սակայն դա, մեղմ ասած, այդպես չէ։

Տիգրանն ու Լիսկան, իրո՛ք, տարբեր տեսակներ են ներկայացնում, բայց մեծ հարց է, թե ով է ումից շահեկանորեն տարբերվում։

Լիսկան, անշո՛ւշտ, հայտնի «բեսպրեդելշիկ» է և պետք է կիլոմետրերով հեռու մնա պետական կառավարման համակարգից ու հնարավորինս մոտ լինի ուղղիչ աշխատանքային գաղութին։ Այս առումով վիճելու բան չկա։ Բայց Լիսկան, իր բոլոր «քաջագործություններով» հանդերձ, մանր չարաճճի կարող է համարվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի արածների ու տված վնասների ֆոնին։

Դեռ մի կողմ թողնենք «Նաիրիտի» թալանի ու օֆշորային մեքենայության թեման։ Մի պահ մոռանանք նաև Տիգրան Սարգսյանի սիրելի բիոզուգարանների վրա դուրս գրած փողերն ու կովերի պտուկները լվանալու պատմությունը։ Սրանք լոկալ դեպքեր են ու համեմատաբար փոքր մասշտաբի թալանի օրինակներ։

Նախկին վարչապետի տված վնասները Հայաստանին հսկայական են։ Որպես Բաղրամյան 26–ի գործիք՝ Տ. Սարգսյանին հաջողվեց 3 անգամ մեծացնել ՀՀ արտաքին պարտքը, 50 տոկոսով ավելացնել աղքատների թիվը, դոլար–դրամ խաղերով մտնել ՀՀ բոլոր քաղաքացիների գրպանը, «Հայկական աշխարհի» կառուցման շրջանակներում դառնալ մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթի պատճառ, նպաստել մի քանի միլիարդ դոլար կապիտալի արտահոսքին, կտրուկ նվազեցնել ներդրումները տնտեսության մեջ, գրանցել տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ, բյուջետային «ատկատները» մոտեցնել աստղաբաշխական թվերի, կեղծ «տենդերների» կազմակերպումը հասցնել կատարելության, նպաստել փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանը և այլն, և այլն, և այլն։

Այս ամենի հետևում մարդկային ճակատագրեր են։ Ամեն մի արտագաղթողի, փակված բիզնեսի, աշխատանքը կորցրած և աղքատացած մարդու հետևում պատմություն կա՝ ողբերգակա՛ն պատմություն։

Եթե լիսկաների գործունեության արդյունքում առավելագույնը տուժում են կոնկրետ «բդեշխությունը», թաղը, գյուղը կամ քաղաքը, ապա տիգրանսարգսյանների «ռազմախն» անհամեմատ մեծ է։ Վերջիններս իրենց «բարեշրջումներով» թուլացնում են ամբողջ Հայաստանն ու սպառնում մեր ազգային անվտանգությանը։

Այնպես որ, չարիքների ցուցակը կազմելիս պետք է ճիշտ հերթականությամբ դասավորել անունները, ինչպես նաև տարբերել պատճառը հետևանքից։

Ե՛վ տիգրանսարգսյանները, և՛ լիսկաները ամենաթողության ռահվիրաներ են, բայց նրանց մասշտաբները տարբեր են։

Դե, իսկ գլխավոր չարիքի հասցեն բոլորին է հայտնի։ Այն չի փոխվել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը