Լրահոս

02.11.2009 14:13


«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար է ընտրվել ԼՂՀ վարչապետը

«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար է ընտրվել ԼՂՀ վարչապետը

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության (ԱՀԿ) 3-րդ համագումարը, որտեղ քաղաքական այդ ուժի ղեկավար է ընտրվել ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանը: Նա կուսակցության նախագահի պաշտոնին վերադառնում է երկամյա ընդմիջումից հետո: 2007թ. սեպտեմբերին նշանակվելով ԼՂՀ կառավարության ղեկավար՝ Ա.Հարությունյանը միառժամանակ հրաժարվել է «Ազատ Հայրենիքը» նախագահելուց՝ նոր ձևավորված գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը կազմակերպելու նպատակով:
Վարչապետը, ի մասնավորի, նշել է այն հետևողական քայլերը, որ գործադիրը, ԼՂՀ նախագահի ընտրական ծրագրի շրջանակում և ԱՀԿ-ի աջակցությամբ, կատարում է հանրապետության սոցիալական, ժողովրդագրական, տնտեսական, կրթամշակութային և այլ բնագավառներում: Ա.Հարությունյանն առավել մանրամասնորեն անդրադարձել է գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության ասպարեզներում իրականացվող նախագծերին, որոնք էապես ամրապնդում են երկրի տնտեսությունը, բնակչության մոտ հավատ սերմանում վաղվա նկատմամբ: Վարչապետի խոսքով՝ գործադիրը հետևողական է հանրապետության համաչափ զարգացման գործում։

Ա.Հարությունյանը շեշտել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ հանրապետությունում ավելացել են հարկային հավաքագրումները, և դա՝ ստվերում տնտեսվարող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու ճանապարհով: «Պետությունը ակտիվ քաղաքականություն է որդեգրել զբոսաշրջության ոլորտում, որն արդեն տալիս է ցանկալի պտուղներ»,- նշել է վարչապետը:
Խոսելով առկա խնդիրներից՝ Ա.Հարությունյանը նշել է, որ այժմ հանրապետությունում հաջողությամբ է պայքար տարվում կաշառակերության դեմ: Այդ ուղղությամբ աշխատանքը տեսանելի է, ասել է նա և հավելել, որ հակակոռուպցիոն քայլերը նաև հակազդեցության են հանդիպում և ուղեկցվում բյուրոկրատական քաշքշուկներով:
2010 թվականին ԼՂՀ-ում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Ա.Հարությունյանը հայտարարել է, որ պետք է մշակել հեռանկարային ծրագիր և լավագույնս նախապատրաստվել քաղաքական այդ կարևոր կամպանիային: Հարկ է ստեղծել շրջանային և քաղաքային կուսակցական նոր կառույցներ, ուժեղացնել գործողների աշխատանքը՝ ասել է ԱՀԿ առաջնորդը:

ԼՂՀ կառավարության լրատվական վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը