Մեկնաբանություն

20.05.2015 14:10


Մենաշնորհը խժռում է Հայաստանը

Մենաշնորհը խժռում է Հայաստանը

Բացահայտում արած չեմ լինի, եթե պնդեմ, որ Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը քաղաքական ու տնտեսական մենաշնորհն է։

Քաղաքական ու տնտեսական մենաշնորհները միմյանց սնուցող համակարգեր են։ Ընդ որում՝ մեր պայմաններում քաղաքական մենաշնորհի ապահովման համար պարտադիր չէ խորհրդարանում ունենալ 131 պատգամավոր, ովքեր կներկայացնեն մեկ քաղաքական ուժ, կամ էլ նախագահական ընտրություններում հավաքվի 100 տոկոս ձայն մեկ թեկնածուի համար։

Անցումային ավտորիտարիզմի պայմաններում քաղաքական մենաշնորհի համար անհրաժեշտ է ընդամենը հսկիչ փաթեթ ունենալ խորհրդարանում (ՀՀԿ–ն դրան հասել է) և նախագահական ընտրություններում ամեն գնով անցկացնել ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցող թեկնածուին («Ինչքան ուզես՝ այնքան խփենք»)։ Հայաստանում հենց այդ պատկերն է, այսինքն՝ արտաքուստ ստեղծվել է դեմոկրատիա՝ կան ընդդիմադիր ուժեր խորհրդարանում և խորհրդարանից դուրս, նախագահական ընտրություններին մասնակցում են տարբեր թեկնածուներ, բայց ընտրակեղծիքներն ամեն ինչ դնում են «իրենց» տեղը։

Ինչ վերաբերում է տնտեսական մենաշնորհին, ապա դրա հետևանքները մենք տեսնում ենք ամենուրեք։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շարունակական գործընթացն ամենաթարմ օրինակն է (Որոտանի կասկադը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո արագ սեփականաշնորհեցին, որպեսզի հետագայում վայելեն թանկացած հոսանքի գնի հաճույքը)։ Ու սա վերջը չէ։ Մենաշնորհը ենթադրում է անընդհատ թանկացումներ՝ առաջարկվող ապրանքի կամ ծառայության որակի անկմանը զուգահեռ։

Մենք աշխահի մակարդակով ամենաթանկ էլեկտրաէներգիայի սակագին ունեցող երկրներից ենք դառնալու, ընդ որում՝ շարունակվելու են հովհարային անջատումները, այսինքն՝ որակական որևէ առաջընթաց չի սպասվում։ Աղքատությունն, ըստ այդմ, ավելի է խորանալու, և դա այն գինն է, որը մենք վճարելու ենք մենաշնորհը հանդուրժելու համար։

Մենաշնորհը բոլոր ոլորտներում է չարիք։ Եվ կապ չունի, թե արդյոք բարի՞, թե՞ չար մարդ է տնօրինում մենաշնորհը։ Անունը դրել են «հակաօլիգարխիկ» պայքար, բայց երիտբոլշևիկների վրա հիմնված սուպերօլիգարխիկ համակարգ են կառուցում։

Եվ ուրմեն, մենաշնորհը միայն չար դեմք ունի։

Հիշենք «Արմենտելի» պատմությունը։ Երբ այդ կազմակերպությունը միայնակ էր գործում հեռահաղորդակցության ոլորտում, բջջային համար ունենալն ու բջջայինով խոսելը թանկ հաճույք էին։ Մենաշնորհային կարգավիճակ ունեցող «Արմենթելի» առաջարկած ծառայությունների որակը ցածր էր, իսկ գինը՝ շատ բարձր։ Երբ դաշտ մտան այլ օպերատորներ, գներն անմիջապես ընկան, ու կապի որակն էլ բարձրացավ։ Նույն «Արմենտելը» սկսեց նորմալ աշխատել։

Մրցակցությունը, հետևաբար, միակ բարերար աղբյուրը կարող է լինել բոլոր ոլորտներում, իսկ մենաշնորհը (խոսքս արհեստական մենաշնորհների մասին է) ներսից կխժռի Հայաստանը, ինչին էլ այժմ ականատես ենք լինում։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը, հետևաբար, մեր ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ վտանգն է։ Այդ վտանգի դեմ պետք է պայքարել ամենօրյա ռեժիմով։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը