Լրահոս

20.05.2015 21:27


Կրակոցների ժամանակ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում են եղել նաև նրա վարորդը և օգնականը

Կրակոցների ժամանակ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում են եղել նաև նրա վարորդը և օգնականը

Մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտե

Հ.Գ. Նշենք, որ «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է. «Ես ոչ մեկին չեմ կասկածում»։

Նա նշել է, որ Կապանից Գորիս վերադարձի ճանապարհին անտառում թաքնված մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Մեքենայի ղեկին մարզպետի վարորդն է եղել։

Թե ինչպես է գնահատում տեղի ունեցածը, Ս. Խաչատրյանը նշել է. «Վախկոտ մարդիկ են»։ Հարցին, թե հիմա ինչպես է իրեն զգում, նա պատասխանել է. «Ուժեղ»։

Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո լրագրողներին ասել է, որ տեղի ունեցածը մասնագիտական գնահատականի կարիք ունի, բայց և ավելացրել է, որ կատարվածը կուսակցության ներսում մտահոգություն է առաջացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը