Մեկնաբանություն

21.05.2015 02:10


Լիսկան զոհի՞, թե՞ «Կաշչեյ բեսսմեռտնու» դերում

Լիսկան զոհի՞, թե՞ «Կաշչեյ բեսսմեռտնու» դերում

Երբ Զաքարյան եղբայրներին Լիսկայի տղան ու ընկերները ծեծեցին, իրավապահ մարմինները մի քանի օր շարունակ համր էին, կույր և խուլ։ «Վերևից» եկած հրահանգն էր այդպիսին դարձրել նրանց։

Միայն բերանից բերան տարածվող լուրերի միջոցով հանրությունը տեղեկացավ, որ Սյունիքում տեղի է ունեցել ծեծկռտուք, և ծեծվողներից մեկի աչքը լրջորեն վնասվել է։

Իրավապահները ծեծից միայն մեկ շաբաթ հետո սկսեցին «փնտրել» Լիսկայի որդուն ու ծեծկռտուքին մասնակցած մյուսներին։ «Փնտրեցին» ու չգտան։ Հետո տեղի ունեցան կուլիսային «բազառներ», և ամենավերին մակարդակով կայացրած քաղաքական որոշման արդյունքում Լիսկայի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն, հանդիպեց քննիչներին ու գնաց տուն։

Որքան դանդաղկոտ էին իրավապահները Լիսկայի որդու «քաջագործությունից» հետո, նույնքան օպերատիվ են գործում հիմա, երբ կրակոցներ են արձակվել Լիսկայի ավտոմեքենայի ուղղությամբ։ Շատ արագ պաշտոնական լուր տարածվեց, որ կրակահերթ է եղել։

Իշխանական լրատվամիջոցներով նույնիսկ սկսել են կասկածյալների անուններ դնել շրջանառության մեջ։

Կրակեցի՞ն, թե՞ «կրակվեց»

Տարիներ առաջ կրակոց եղավ նաև տեղական նշանակության մեկ այլ «բդեշխի»՝ Գյումրիի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենայի ուղղությամբ։ Նա ողջ մնաց ու շարունակեց պաշտոնավարել՝ մտնելով «Աստծո պահած զավակի» դերի մեջ։

Հանրություն այդպես էլ չիմացավ, թե ինչ եղավ այդ կրակոցի պատմության հետ։ Պարզ չդարձավ, թե ինչպես Վազգեն Սարգսյանն է մեկ այլ առիթով ասել՝ կրակե՞լ էին, թե՞ «կրակվել» էր։

Այժմ էլ կրակոցների պատմություն կա։

Պարզվում է՝ Լիսկայի ավտոմեքենայի վրա 10 փամփուշտ է արձակվել։ Ավտոմեքենայում եղել է երեք հոգի, ու երեքին էլ բան չի եղել։

Փաստորեն, ստացվում է, որ Լիսկայի տան բակում մեկ կրակոցը մեկ զոհ է առաջացնում, իսկ երկու կրակոցը՝ մեկ զոհ և մեկ վիրավոր (Բուդաղյան եղբայրներ)։ Բայց, արի ու տես, որ Լիսկայի ավտոմեքենայի ուղղությամբ 10 կրակոց է հնչում, բայց Լիսկան ու իր ընկերները ողջ են մնում։

Այս պատմության հետ կապված՝ արդեն իսկ մի քանի վարկածներ են շրջանառվում։

Ինքնակրակում

Ամենաշատը շրջանառվող վարկածն այն է, որ Սուրիկ Խաչատրյանն ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել, որպեսզի մեղադրյալից վերածվի, զոհի ու մեղադրանքներն ուղղվեն Զաքարյանների կամ նրանց դեմ, ում Լիսկան կուզի։ Այլ կերպ ասած՝ Լիսկան թատրոն կամ էժանագին դետեկտիվ սերիալ է կազմակերպել ու ինքն էլ դարձել դրա «հերոսը»։

Դատելով այն հանգամանքից, որ 10 կրակոցից միայն տրանսպորտային միջոցն է վնասվել, այս վարկածն ամենահավանականն է թվում։

Ինքնադատաստան

Երկրորդ ամենատարածված վարկածը ինքնադատաստանն է։

Չի բացառվում, որ Սյունիքում համբերության բաժակն այնքան է լցվել, որ որոշել են ինքնադատաստանի գնալ «բեսպրեդելշիկությամբ» աչքի ընկնող մարզպետի նկատմամբ։

Դե, եթե օրենքները չեն գործում, եթե մարզպետ են նշանակում «Ամենաթողության լիցենզիա՝ ընտրակեղծիքների դիմաց» տարբերակով, եթե հանցագործին չեն մեկուսացնում հասարակությունից, ապա մարդկանց մոտ առաջանում է անհրաժեշտ ինքնապաշտպանության ցանկություն։

«Կաշչեյ բեսսմեռտնի»

Կան նաև այլ վարկածներ, բայց դրանք արդեն նշված երկուսի ենթավարկածներից են։

Թե ո՞րն է իրականությունը, կարելի է կռահել։

Վարկածներից բոլորի դեպքում էլ Լիսկան հայտնվում է հայտնի հեքիաթի «Կաշչեյ բեսսմեռտնու» դերում։ Այսինքն, կրակել են, բայց նրան բան չի պատահել։ Բայց դե, բոլորս էլ գիտենք, թե ինչպես ավարտվեց «Կաշչեյ բեսսմեռտնու» պատմությունը։

Պատից կախված հրացանը

ՀՀԿ–ում խիստ մտահոգված են այս պատմությամբ։ Այդ մասին հայտարարել է Սուրիկ Խաչատրյանի կուսակից ընկերուհին՝ Հերմինե Նաղդալյանը։

Եվ, իրոք, ՀՀԿ–ում պետք է մտահոգվեն։ Եթե հաստատվի այն վարկածը, որ Լիսկայի դեմ եղել են կրակոցներ, ու նա զուտ պատահականորեն է ողջ մնացել, ապա կնշանակի, որ քաղաքական դաշտի անապատացումն ու առաջացած վակուումը հանրության այս կամ այն անդամը փորձում է լցնել փամփուշտով, ինչը ծայրահեղ քայլ է, բայց ծայրահեղ վիճակում է հայտնվել նաև մեր երկիրը, որի քաղաքացիներին հասկացնում են, որ վիճակը ոչ միայն չի փոխվելու, այլ դեռ մի բան էլ սահմանադրական փոփոխությունների միջոցով պահպանվելու է, և է՛լ ավելի է վատանալու։

Ցնցումներն ու արյունը որևէ մեկին պետք չեն։ Ցնցումներից ու արյունից չի շահի մեր պետությունը, բայց դրա մասին պետք է նաև իշխանությունները մտածեն։

Հայաստանը քաղաքական ու տնտեսական մենաշնորհի ռեսուրս չունի։

Մենաշնորհը պատից կախված հրացանի պես է։ Մի օր անպայման կրակում է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը