Մեկնաբանություն

22.05.2015 12:35


Դեմագոգիան էլ չափ ու սահման ունի, պարո՛ն Հարությունյան

Դեմագոգիան էլ չափ ու սահման ունի, պարո՛ն Հարությունյան

Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածի երրորդ մասում նշված է. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում»։

Մեզանում «նույն անձի» իշխանության սահմանադրական ժամկետները 2018–ին ավարտվում են, և նա չի կարող գնալ երրորդ ժամկետի։

«Նույն անձը» չի կարող և չի ուզում նաև «ա լյա» Պուտին «հեռանալ», այսինքն՝ աթոռը թողնել «ժառանգորդին», մի ժամկետ սպասել ու հետո վերադառնալ։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե հեռացավ, այլևս չի վերադառնա (ինքը գիտի, թե ինչեր է արել, ու չի կարող վստահել անգամ իր ամենամոտ մարդուն, համ էլ՝ չի ուզում հեռանալ, քանզի «Կե՛ր, խմի՛, քե՛ֆ արա» ծրագրի շրջանակներում ինքն իրեն շատ լավ է զգում)։

Անգամ ամենահեռավոր գյուղի չոբան Համբոյին է պարզ, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են Սահմանադրության 50–րդ հոդվածում ամրագրված ժամկետային խոչընդոտը վերացնելու և մեկ մարդու իշխանական կյանքը երկարաձգելու համար։ Վե՛րջ։ Ուրիշ նպատակ չկա։

Փորձ է արվում մեկ մարդու համար ստեղծել այնպիսի խաղի կանոն, ըստ որի՝ ինքը կունենա ցմահ ու անսահմանափակ իշխանություն, միլիոն լիազորություններ, միևնույն ժամանակ՝ զրո պատասխանատվություն։ Այլ կերպ ասած՝ ուզում են ստեղծել ադրբեջանական մոդելի պետություն։

Ահա այս ծրագիրն իրականացնելու համար, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանձնաժողով են ստեղծել։ Այդ հանձնաժողովին կցմցել են կուսակցություն կոչվածներին ու գործն ուզում են առաջ տանել։

Այսօր Հարությունյանն ու մյուս հանձնաժողովական Վարդան Պողոսյանն ասուլիս էին հրավիրել և լոլոներ էին կարդում։ Անիմաստ բառակույտերի հետևում նրանք ձգտում էին թաքցնել սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը՝ ձեռքի հետ էլ 2008–ից հետո արձանագրված բոլոր բացասական ցուցանիշների պատճառ դիտարկելով գործող Սահմանադրությունը։

Գագիկ Հարությունյանին հարց ուղղվեց, թե չի՞ կարծում ինքն արդյոք, որ այս ամբողջ գործընթացը նախաձեռնվել է վերարտադրության համար։

Բոլոր ժամանակներում բոլոր իշխանություններին ծառայություններ մատուցած Հարությունյանը հարցին պատասխանելու համար ներդրեց դեմագոգիայով զբաղվելու իր ողջ կարողությունն ու հայտարարեց, թե գործող Սահմանադրությամբ իշխանությունները շատ ավելի լավ կարող են վերարտադրվել, և ինքը կարող է մանրամասն բացատրել, թե ինչպես (փաստորեն, Գագիկն ակամայից խոստովանեց, որ շատ լավ տիրապետում է ընտրակեղծիքների մեխանիզմին, ու գիտի, թե ինչպես են մինչ այժմ վերարտադրվել իշխանությունները)։

Հարությունյան Գագոն շատ լավ գիտի, որ ոչ թե վերացական իշխանության, այլ կոնկրետ մեկ մարդու վերարտադրության համար են նախաձեռնվել այս փոփոխությունները, բայց ինքն իրեն կամ էլ հանրությանն ավանակի տեղ դնելով՝ հայտարարում է, թե իշխանությունները գործող Սահմանադրությամբ էլ կարող են վերարտադրվել, հետևաբար իրենք այս ամենն իրականացնում են զուտ բարեփոխումների համար։

Օրինակ՝ որպեսզի մեր երկրում սուբյեկտների սուբյեկտիվ որոշումներից կախված չլինեն զարգացումները։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

ՍԴ նախագահին կարող ենք միայն խորհուրդ տալ, որ ինքն ամաչի իր ճերմակ մազերից, ու շատ չերևա հանրության աչքին։ Ամո՛թ է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվում պետության կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ ահա նրան կից գործող Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, պնդում է, որ պետք է փոխել գործող համակարգը։

Իրականում, սակայն, խնդիրը պետական կառավարման մոդելը չէ։ Փոփոխությունները պետք են փոփոխության համար։ Որպեսզի դա համարվի նոր Սահմանադրություն, և վերանա ժամկետային սահմանափակման արգելքը։

Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ մտնողները, հետևաբար, ցանկացած մոդելի դեպքում էլ դառնալու են (կամ արդեն իսկ դարձել են) հաճախորդներ՝ Արտաշես Գեղամյանի և Արթուր Բաղդասարյանի հոգեզավակներ։

Այս խորագրի վերջին նյութերը