Մեկնաբանություն

25.05.2015 00:30


Արտաշատում սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան

Արտաշատում սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան

Արտաշատի քաղաքապետի ընտրություններն անայլընտրանք են լինելու։ Մնացել է մեկ թեկնածու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը։ Դժվար չէ կռահելը, որ հենց նա կդառնա քաղաքապետ։

Սա այն մոդելն է, որին սահմանադրական փոփոխությունների միջոցով ձգտում են Բաղրամյան 26–ում։

Մոդելի էությունը ՀՀ քաղաքացուն որպես «քաղաքական կենդանի» ոչնչացնելն է։ Ըստ այդմ՝ քաղաքականությամբ զբաղվելը, այսինքն՝ մրցակցային միջավայրում իշխանության ձևավորմանը մասնակցելը, հայտարարվում է օրենքից դուրս։

Արտաշատում հենց դա է տեղի ունեցել։ Ընտրություններն ավարտվել են՝ դեռ չսկսած։ Ընտրողները կարող են անգամ չգնալ ընտրատեղամաս։ Գնում են, որ ի՞նչ անեն։

Եթե միայն քաղաքապետի թեկնածուի ծանոթ–բարեկամները քվեարկեն, ապա ընտրությունները կհամարվեն կայացած, իսկ թեկնածուն՝ ընտրված։

Ճիշտ է, Արգամ Աբրահամյանը առաջինը չէ, ով որպես պաշտոնյայի որդի՝ մասնակցում է անայլընտրանք ընտրությունների։ Որդիներին համայնքի ղեկավար դարձնելու ավանդույթը ներմուծեց մեկ այլ ՀՀԿ–ական վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով իր որդի Տարոնին Ավանն էր նվիրել (ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում), բայց Արտաշատի քաղաքապետի ընտրություններն առաջինն են, որտեղ արձանագրվում է քաղաքական կյանքի մահը՝ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ։

Արտաշատում յուրօրինակ փորձարկում է տեղի ունենում։

Տեսնո՞ւմ եք, թե ինչ լավ բան են այդ սահմանադրական փոփոխությունները. ո՛չ ընտրակաշառք է լինելու, ո՛չ ընտրախախտումներ, ո՛չ լարվածություն, ո՛չ բանավեճ։ Ոչինչ չի՛ լինելու։ Ընտրություն էլ չի լինելու։ Լինելու են բարի ընտրություններ՝ մեկ թեկնածուի մասնակցությամբ։ Այսինքն, այնպես, ինչպես սովետի ժամանակ, բայց առանց արտաքին շպարի։

ԽՍՀՄ–ը բնական ռեսուրսներ ուներ և 70 տարի դիմացավ մարազմին։

Ունի՞ արդյոք Հայաստանը ռեսուրս «ա լյա» սովետ անայլընտրանք ընտրություններ անցկացնելու և քաղաքական կյանքը սպանելու համար։ Հարցս հռետորական է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը