Մեկնաբանություն

25.05.2015 13:15


«Ուժեղ» տղամարդկանց «կոդեքսը»

«Ուժեղ» տղամարդկանց «կոդեքսը»

ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ, գենարալ–պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեմային, նշել է, որ ուժեղ մարդկանց չեն սիրում, և դա է պատճառը, որ Սուրիկը թիրախ է դարձել։

«Գնացե՛ք Սյունիքի գյուղեր և տեսե՛ք, թե ինչ կարծիքի են Խաչատրյանի մասին»,– հայտարարել է Սարոյանը։

Վերջին օրերին Լիսկայի քաղաքական փաստաբանի դեր ստանձնած Սարոյանը, փաստորեն, ուրույն պատկերացումներ ունի ուժի մասին։

Ուժ ասելով, երևի, նա նկատի ունի Սյունիքում խփվող «տոկոսներն» ընտրությունների ժամանակ։

Այդ առումով Լիսկան, իրոք, ուժեղ է։

Լիսկան ուժեղ է եղել նաև պատերազմի տարիներին՝ կարողանալով կազմակերպել ադրբեջանցիներից ազատագրվող տարածքների թալանը և հաջողությամբ հաղթահարելով կապիտալի նախնական կուտակման դժվարին փուլը։

Լիսկան ուժեղ է նաև այն առումով, որ իր տան բակում մեկ կրակոցից մարդն անմիջապես մեռնում է, իսկ ահա Լիսկայի վրա կրակողը կամ կրակողները (իրո՞ք) ավելի քան տասն անգամ փորձել են, բայց մեկ անգամ չեն կարողացել նշանակետին կպչել։

Լիսկան ուժեղ է, քանզի դարձել է անփոխարինելի կադր Բաղրամյան 26–ի համար։ Ուրիշ էլ ո՞վ անձնուրացաբար կծառայի իշխանության վերին օղակին։ Միայն կրկնահանցագործ ուժեղ մարդը։

Լիսկայական չափանիշներով ուժեղ է նաև ինքը Սեյրանը։ Նա հաջողացրել է կռվի տարիներին «ասֆալտի ֆիդայի» աշխատել, բայց հետո գեներալ դառնալ։

Սեյրանին հաջողվեց նաև «թասիբով խոպանչու» համար փաստաբանություն անել ԱԺ դահլիճում։ Դե, իսկ տոկոսներ նա Լիսկայից ոչ պակաս է «խփում»։

Մի խոսքով, ի դեմս Լիսկայի, Սեյրանի ու ՀՀԿ գաղափարական թևի մյուս ներկայացուցիչների՝ ուժեղ տղամարդկանց հետ գործ ունենք։

Մնում է միայն կռահել, թե որ ծակին քանի թուման կտան նույն այդ տղամարդիկ, երբ հաջողվի համաժողովրդական մոբիլիզացիայի օգնությամբ իշխանափոխության հասնել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը