Քաղաքական

26.05.2015 12:00


Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին և պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում

Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին և պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում

«Հետք»–ը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, և դատական ծախսերը՝ ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Գործով երրորդ անձ է Գագիկ Շամշյանը:

Վարչապետի ներկայացուցիչը արդարադատության նախկին փոխնախարար, այժմ փաստաբան Արամ Օրբելյանն է: Դատարանը (դատավոր` Զարուհի Նախշքարյան) ապրիլի 30-ին վարչապետի հայցադիմումն ընդունել է վարույթ և հունիսի 9-ին նշանակել է նախնական դատական նիստ:

Ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին «shamshyan.com» լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես, Փայլակ Հայրապետյանը նշել է, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:

Բացի այդ, նույն լրատվամիջոցում հրապարակված հոդվածում նշվում է. «Նա նաև պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009թ-ին` Էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 մլն–ն Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկի 100 մլն–ի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել: Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչև 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի»:

Նախկին վարչապետի ներկայացուցիչը հայցադիմումում նշում է, որ Տիգրան Սարգսյանը երբեք չի ստացել Փայլակ Հայրապետյանի նշած գումարը, ավելին` նա նման հանգամանքներում չի ստացել 7.5 մլն դոլար որևէ մեկից, երբևէ չի մասնակցել նրա կողմից նշված ոսկու գնման գործընթացի, չի ստացել որևէ մեկից հոդվածում նշված ծավալների ոսկի, ինչպես նաև ներկա չի եղել Փայլակ Հայրապետյանի նշած 2009թ. Էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը