Մեկնաբանություն

26.05.2015 12:00


ՀԷՑ–ի ցեցը

ՀԷՑ–ի ցեցը

Ինչպես հայտնի է, ՀԷՑ–ը դիմել է Ռոբերտ Նազարյանի գլխավորած ձրիակերների հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար։ Այդ լուրը ցեցի պես քայքայում է բոլորի նյարդերը, հատկապես՝ մեկ միլիոնի հասնող աղքատների։

Ուշագրավն այն է, որ հոսանքի գնի թանկացման մասին խոսում են բոլորը, բացի այս թեմայի համար պատասխանատու հիմնական սուբյեկտներից՝ ՀԷՑ, Հանրային ծառայությունների հանձնաժողով և Բաղրամյան 26։

Ուշագրավ է նաև այն, որ սակագնի բարձրացմանը դեմ են բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ–ականները, բայց սակագինն, ըստ ամենայնի, կբարձրանա։ Ասել է թե՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը դարձել է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանական կառավարմանն անցնելու պես մի բան. բոլոր հիմնական սուբյկետները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, հրապարակավ դեմ են արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին, բայց փոփոխությունների հանձնաժողովը «դեմ է տալիս» իր ուզածը։ Սրտաճմլիկ պատմություն է ստացվում, այնպես չէ՞։

Երևի աշխարհում չկա մի դեպք, երբ սահմանադրական փոփոխություն նախաձեռնած սուբյկետը (մեր դեպքում՝ Սերժ Սարգսյանը) անձամբ դեմ լինի իր իսկ նախաձեռնած գործընթացի բովանդակային մասին։ Բայց դե, մերն ուրիշ է։

Ուրիշ է նաև ՀԷՑ–ի գցած ցեցը։

Նորից սկսվել են «քաղաքացիականոտ» ակցիաներ։ Տպավորությունն այնպիսին է, որ նախապատրաստվում է «Տարո՛ն ջան, գեղեցիկ չէ»–ի պես մի բան, երբ կինոյի վերջում կգա «տղեն», ու հոսանքի գինը կբարձրանա, ասենք, ոչ թե 17, այլ «ընդամենը» 10 դրամով։ Բոլորը կլինեն գոհ ու երջանիկ, համ էլ՝ հայրենասեր և ալտրուիստ։ Կտուժեն ու է՛լ ավելի կաղքատանան չունևորները։

Թամաշան այս թեմայով դեռ շատ կշարունակվի։ Մինչդեռ, բոլոր խնդիրները լուծելու համար, ինչպես դասականն էր պնդում, պետք է գլխից բռնել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը