Մեկնաբանություն

27.05.2015 10:35


«Մատաղ արված» «Lexus»–ը

«Մատաղ արված» «Lexus»–ը

Քննչական կոմիտեի ուղարկած լուսանկարներից հետո ավելի խորացան կասկածներն այն մասին, որ Սյունիքի մարզպետի վրա ոչ թե հարձակվել են, այլ կազմակերպվել է մահափորձի անտաղանդ բեմադրություն։ Եվ դժվար չէ կռահել, թե ում կողմից է այդ «մահափորձը» կազմակերպվել։

Թանկարժեք «Lexus»–ի դիմապակու վրա այնպիսի անցքեր են բացվել փամփուշտների արձակումից հետո, ավտոմեքենան կողքից այնպիսի կրակահերթի տակ է հայտնվել, որ գիտաֆանտաստիկայի ոլորտից է որևէ մեկի չվնասվելը։

Դատելով լուսանկարներից՝ ծակվել են ավտոմեքենայի հետևի անվադողերը։ Իսկ դա նշանակում է, որ Լիսկայի ավտոմեքենայի վրա կրակողը կամ կրակողները սկզբում մեքենայի դիմացից են կրակել, ապա՝ կողքից, կամ էլ՝ հետևից։ Ու պատկերացնո՞ւմ եք, այդքանից հետո ավտոմեքենան մի քանի մետր գնացել ու կանգնել է։ Ու կանգնելուց հետո կրակորղը կամ կրակողները չեն փորձել ճշտել, թե արդյոք հասե՞լ են իրենց նպատակին, թե՞ ոչ։

Հետաքրքրական է, որ հանրությանը «Lexus»–ի սալոնի առջևի հատվածի լուսանկարները չեն ներկայացնում։ Մինչդեռ, լավ կլիներ, որ տեսնեինք, թե փամփուշտները, որոնք ծակել էին դիմապակին, ներսում ո՞ւր էին մտել։ Հատկապես կարևոր է առջևի նստատեղերի վրայի հետքերը, եթե այդպիսիք կան։ Օրինակ՝ վարորդի նստատեղի վրա պետք է տեսնել փամփուշտների թողած հետքերը։

Բոլոր կասկածները փարատելու համար քննչական կոմիտեն պետք է բոլոր մանրամասները ներկայացնի։ Եթե պահեր կան, որոնք չեն հրապարակվում գործի քննության շահերից ելնելով, հասկանալի է։ Բայց, ի վերջո, պետք է ամեն ինչ ցույց տրվի, որպեսզի հասկանալի դառնա այս պատմության ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական ենթատեքստը։

Պետք է հասկանալ, թե ինչու «մատաղ արվեց» «Lexus»–ը։ Միգուցե այն բանի համար, որ Լիսկան մեղադրյալից հայտնվի զոհի՞ կերպարում։ Միգուցե այն բանի համար, որ Լիսկան շեֆին ցույց տա, թե ինչ վտանգավոր պայմաններո՞ւմ է ինքը ծառայում նրան։

Իսկ միգուցե Լիսկան չի՞ հասկացել, թե ինչու է իր վրա շատ ավելի էժան նստում տան բակում գործած սպանությունը, իսկ հիմա «ընդամենը» ծեծկռտուքի համար ուզում են ավելի շատ «կթել»։ Չի հասկացել ու սկսել է անկանոն կրակել սեփական մեքենայի վրա՝ դա մատուցելով որպես մահափորձ։

Սրանք բոլորը հարցեր են, որոնք պատասխան են պահանջում։ Այդ հարցերի պատասխաններն, ի դեպ, քաղաքական հարթության մեջ են, քանզի Լիսկայի հովանավորը ոչ թե իրավապահներն են, այլ Բաղրամյան 26–ը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը