Մեկնաբանություն

28.05.2015 00:20


Հայաստանը «հաջողակ պատմությունների» թանգարան է բաց երկնքի տակ

Հայաստանը «հաջողակ պատմությունների» թանգարան է բաց երկնքի տակ

«Հաջողակ պատմություններով» մարդկանց ոգևորելը ընդունված մեթոդ է հասարակության կառավարման ոլորտում։ Դրանով կարելի է ցույց տալ, թե ինչպես մարդը ներքևից աճեց, և դարձավ լուրջ դեմք։

Մարդիկ, որպես կանոն, դրական ազդակներ են ստանում «հաջողակ պատմություններից» և փորձում կերտել սեփական «հաջողակ պատմությունը»։

Հայաստանում էլ կան «հաջողակ պատմություններ»։

Հայաստանում հաջողակ գործարարներ, համայնքապետեր, տարատեսակ չինովնիկներ, տոկոսով փող տվողներ են որդիները, աղջիկները, զոքանչները, հատկապես՝ երկրորդ կանայք, աներները, աներորդիները, բաջանաղները, փեսաները, եղբայրները, քույրերը, վարորդները, քարտուղարուհիները, սիրուհիները, թիկնապահները։ Նաև՝ այս բոլորի տնեցիք։ Միայն մեկ պայման կա՝ նշածս մարդիկ պետք է կապված լինեն պաշտոնյաների հետ՝ լինելով նրանց որդիները, կնանիք, սիրուհիները, վարորդները...

Որքան բարձր է պաշտոնը, այնքան հաջողակ են պաշտոնավորի մերձավորները։

Պաշտոն ունեցող մարդու մերձավորների մոտ, երջանիկ պատահականությամբ, հաջող է ընթանում բիզնեսը, նրանց շրջանցում է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ընտրություններն առանց հոգեբանական էքսցեսների են ընթանում. նրանք դիպուկ են կրակում ...

Օրինակ՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը։ Վերջինս հայտարարել է, որ խնդրել է հորը՝ չմիջամտել ընտրություններին։ Կարող եք հարյուր տոկոսով վստահ լինել, որ հենց այդպես էլ լինելու է՝ Հովիկ Արգամիչը չի միջամտելու Արգամ Հովիկիչի ընտրություններին։ Եվ ինչո՞ւ պետք է միջամտի։ Միջամտի, որ ի՞նչ անի։ Վարչապետը վաղուց միջամտել պրծել է՝ ընտրությունը թողնելով բազմաչարչար արտաշատցիներին։

Ինչպես հայտնի է, Արտաշատի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն մեկ թեկնածու՝ Արգամ Աբրահամյանը (մյուսներն ինքնաբացարկ են հայտարարել)։ Ահա հենց սա՛ է երջանիկ պատահականությունը։ Դու առաջադրվում ես ու տեսնում, որ մրցակից չունես, և ի՞նչ կարիք կա այդ դեպքում անհանգստացնել տնեցիներին ու հատկապես բազմազբաղ վարչապետին։

Արտաշատի ապագա քաղաքապետի հետ կապված՝ արդեն կարող եք ինքներդ զոռ տալ ձեր երևակայությանը, և կազմել Արգամ Աբրահամյանի «հաջողակ պատմությունը»։

Այդպես անմրցակից Ավանի թաղապետ էր դարձել նաև Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոնը։ Նույն պատկերն է Էջմիածնում, որտեղ քաղաքապետ է դարձել Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարենը։ Բնականաբար, այս մարդկանց առաջխաղացման հարցում կապ չեն ունեցել նրանց հայրերը։ Պարզապես որդիներն են հաջողակ դուրս եկել։

Էլի բազմաթիվ «հաջողակ պատմություններ» կարելի է ներկայացնել։

Ըստ ամենայնի՝ հայաստանյան պաշտոնյաներին դուր է եկել հայտնի գրող Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպը։ Ինչ–որ տեղ լսել են այդ գրքի վերնագիրն ու անցել գործի՝ չխորանալով բովանդակության մեջ (իրականում Տուրգենևի «Հայրեր և որդիները» մշտական գաղափարական հակամարտության մասին է հայրերի ու զավակների միջև, ինչպես նաև տարբեր սերունդների մտածողության տարբերությունների, մշտական բախումների ու հակասությունների մասին)։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Անհասկանալի է, թե ուր է նայում Լիսկայի որդին՝ Տիգրան Սուրիկիչը։ Չէ՞ որ նա էլ կարող է Գորիսի քաղաքապետ դառնալով՝ քաղաքը զարգացնել։ Համոզված եղեք, որ եթե Տիգրանն առաջադրվի Գորիսում, ապա նրա հայրիկը ևս չի միջամտի ընտրություններին։

Թե ինչու Լիսկան օրինակ չի վերցնում իր կուսակից ու գաղափարակից ընկեր Գալուստ Սահակյանից, ով երեխաներին առավոտյան տանում է «դասի», ու նոր միայն իջնում գործի, մնում է միայն զարմանալ։

«Lexus»–ի դեմ մահափորձից հետո երևի արդարությունը գլուխ կբարձրացնի։ Տիգրան Խաչատրյանը որևէ մեկից պակաս չէ և իրավունք ունի կերտելու սեփական «հաջողակ պատմությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը