Մեկնաբանություն

29.05.2015 11:50


«Նախագա՛հ, մի՛ զիջիր»–2

«Նախագա՛հ, մի՛ զիջիր»–2

Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ են բոլորը՝ Մանվել Գրիգորյանից մինչև քաղաքացիական ակտիվիստ, Երվանդ Զախարյանից մինչև Անի Զախարյան։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն ՀՀԿ–ականներին Բաղրամյան 26–ից արտոնել են դեմ արտահայտվել։ Այլապես, ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ նույն ՀՀԿ–ականները մեկ մարդու պես կողմ էին գազի սակագնի բարձրացմանը, իսկ ահա հոսանքի պահով գերմտահոգ են դարձել։

Դատելով «անկախ» մամուլի պահվածքից՝ Բաղրամյան 26–ից արտոնել են նաև բողոքի ակցիաների լայն լուսաբանումը։

Տեղի է ունենում ՀԷՑ–ի դեմոնիզացիայի գործընթաց։ Բոլոր մեղքերը բարդում են ՀԷՑ–ի վրա։ Ու լավ են անում, քանզի «ցանցերը» շատ վատ են կառավարվում, և խայտառակ ծախսեր են արվում սպառողների հաշվին։ Բայց սա կիսաճշմարտություն է։

Ամբողջ ճշմարտությունն այն է, որ ՀԷՑ–ի վատ կառավարման մեջ շահագրգիռ են «վերևներում», քանզի ուզում են էներգետիկ համակարգը ձեռք գցել այնպես, ինչպես Որոտանի կասկադը։ Այնպես չէ, որ ՀԷՑ–ում թալանն արվել է առանց իշխանությունների գիտության, և առանց վերջիններիս փայ հասցնելու։ ՀԷՑ–ի գործունեությունն իշխանականի ու մասնավորի համատեղ ակցիա է՝ սպառողների հաշվին։

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի թուլացման պարագայում սրանք որևէ խոչընդոտ չեն զգում և շահագրռված են հոսանքի գնի թանկացման մեջ՝ պայմանով, որ ՀՀ քաղաքացիների վճարներն ամբողջությամբ իրենց գրպանները մտնեն։

Հետևաբար, իշխանություններին «չնկատելով» միայն ՀԷՑ–ի դեմ պայքարի դուրս գալը հաճախորդության պես մի բան է։ Դա նույնն է, ինչ ՀՅԴ–ն անում էր «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում՝ պահանջելով արտգործնախարար Էդիկ Նալբանդյանի հրաժարականը և գոռալով «Նախագա՛հ, մի՛ զիջիր»։ Բոլորը գոհ էին, քանզի ՀՅԴ վերնախավը պայքարի իմիտացիա էր կարողանում ապահովել, Նալբանդյանը մնում էր իր տեղում, իսկ Սարգսյանը լավ էր զգում, որ իրեն նախագահ են կոչում, ու մելամաղձոտ ձայնով պահանջում չզիջել։

Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ ՀՅԴ–ն, Նալբանդյանի ենթակայության տակ, դեսպանի ու հյուպատոսի պաշտոն ստացավ և հիմա էլ լծվել է «Նախագա՛հ, մի՛ զիջիր»–ի վերարտադրության գործին։

Ասելս այն է, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը պետք է ճիշտ թիրախավորել։ Այո՛, ՀԷՑ–ի կառավարիչներին պետք է «փչացնել» մինչև վերջ և թույլ չտալ սակագնի ավելացում, բայց չէ՞ որ դրանով խնդիրները չեն լուծվում։

Սխալ է հայտարարելը, թե պայքարը չենք ուզում քաղաքականացնել։ Էլեկտրաէներգիայի սակագինը ոտքից գլուխ քաղաքական հարց է, և առնվազն անմեղսունակություն է պայքարի չքաղաքականացման կոչը։

Սակագինը շոշափում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահը, և ուրեմն, սակագնի փոփոխության դեմ պայքարի սեփականաշնորհման ու չքաղաքականացման փորձն էժանագին վարքագծի դրսևորում է, որի վերջը կարող է լինել «Տարո՛ն ջան, գեղեցի՛կ չէ» տիպի շոու։

Եթե հոսանքի գնի բարձրացման դեմ պայքարողներին դուր չի գալիս այն, որ ՀԷՑ–ը խայտառակ ծախսեր է անում մեր հաշվին, ապա ինչո՞ւ նույն մարդկանց չի վրդովեցնում այն, որ մեր վճարած հարկերից ՀՀ իշխանությունները խայտառակ ծախսեր են անում, «ատկատների» տոնահանդես կազմակերպում և կեղծ «տենդերներ» անցկացնում։ Եթե խնդիրներն ընտրովի են առաջ քաշվում, ապա դա դառնում է «Նախագա՛հ, մի՛ զիջի՛ր»–2:

Ոմանք հիշել են «100 դրամի» պայքարը և ոգևորվել դրանից։ Ոգևորվելու առիթ այն ժամանակ կար, բայց հաղթանակ տոնելու առիթ՝ ոչ։ Քանզի այդ պայքարի արդյունքում ոչինչ չի փոխվել։ Տրանսպորտի գինն ինչպես կար, այնպես էլ մնաց, տրանսպորտի որակն ինչպես կար, այնպես էլ մնաց, ավելի ճիշտ՝ վատացավ։

Հաղթանակ կլիներ այն դեպքում, եթե տրանսպորտի գինն իջներ, կամ էլ մատուցվող ծառայության որակը բարձրանար։ Նման բաներ չեն եղել, ուստի էյֆորիան անհասկանալի է։

Իշխանություններն արհեստական խնդիրներ են ստեղծում, հետո հանրությունը հերոսաբար պայքարում է այդ խնդիրների դեմ, բայց վերջում ստանում ենք նույն բանը։ Հիմա դրանից ուրախանա՞լ է պետք։ Չեմ կարծում։

Հիմա էլ այնպես է ստացվում՝ կարծես եթե մեր երկրում սակագնի բարձրացում չլինի, ապա մնացած ամեն ինչ կարգին է. թող շարունակեն հարկային ու վարկային թալանով զբաղվել, մեր երկիրն արտաքին պարտքի տակ մտցնել, անապատացնել քաղաքական դաշտը, գնալ ցմահ իշխանության, կարմիր կետագծերով ասֆալտից փող կլպել, սեփականություն վերաբաշխել և այդպես շարունակ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ոմանք դեմ էին «քառյակի» 12–կետանոց պահանջներին, ու հայտարարում էին, թե իրենք այդպիսի կենցաղային խնդիրները մանր հարց են համարում, իսկ ահա էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարին մասնակցում են։ Մինչդեռ, 12 կետերը, որոնց մասին, ի դեպ, հեղինակները կարծես մոռացել են, վերաբերում են սոցիալ–տնտեսական ոլորտի ամենահրատապ խնդիրներին։ «Ո՛չ թալանին» կարգախոսի կյանքի կոչումը հենց այդ 12 կետերից սկսելն ու պահանջատեր դառնալն է։

Հիմա այս ամենը դնել մի կողմ ու հայտարարել, որ բացառապես հոսանքի գնի դեմ ես ելել, «պրոյեկտի» պես մի բան է ստացվում։ «Պրոյեկտ», որի իրական նպատակներն արդեն իսկ երևում են մասնագիտական աչքի համար։ Հատկապես որ տեսնում ես, թե ովքեր են հայրենասերի ու մտահոգ մարդու իմիջի մեջ մտել, և ովքեր են «թունդ ընդդիմադիր» դիրքերից սատարում այդ մտահոգ մարդկանց։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի ելածների ճնշող մեծամասնությունն անկեղծորեն պայքարում է թալան թույլ չտալու համար։ Բայց որպեսզի այս ամենը ֆարսի չվերածվի, պետք է հստակորեն քաղաքականացնել պայքարը՝ բռնելով գլխից։ Հակառակ դեպքում ստացվելու է «Դեմ եմ» շարժման արդյունքը, այսինքն՝ հարցը լուծվելու է ժամանակավոր ու մասնակի։

Այս խորագրի վերջին նյութերը