Մեկնաբանություն

29.05.2015 13:00


Ներտեսակային պայքարի թեժացումը

Ներտեսակային պայքարի թեժացումը

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը սրել է ներիշխանական պայքարը։

Ոմանք սկսել են խոսել անընդունելի և անհանդուրժելի երևույթների ու պաշտոնյաների մասին, մինչդեռ, երբ «եռյակի» գործոնը կար, նույն այդ մարդիկ դարձել էին «Լիսկայի վկա», և հույս ունեին, որ կրիմինալի օգնությամբ իշխանության դիրքերն ամուր կմնան, իսկ իրենք էլ կծվարեն իշխանական կաբինետներում։

Հիմա իրավիճակի փոփոխություն կա, և թալանի իրավունքի համար պայքար է սկսվել։

Պայքարի կողմերին պայմանականորեն կարելի է կոչել «մականունավորներ» և «ժելեոտած մազերովներ», կամ, ինչպես մոդայիկ է դարձել, «անգրագետներ» և «գրագետներ»։ Վերջիններս փորձում են «Գեբելսյան» քարոզչամեքենայի միջոցով ներիշխանական պայքարը ներկայացնել որպես միջտեսակային պայքար, սակայն դա իրականում ներտեսակայի՛ն պայքար է, և դեռ հարց է, թե այդ ենթատեսակներից որն է ավելի մեծ չարիք։

«Ժելեոտածները» հանրությանը փորձում են հրամցնել, թե, իբր, լիսկաներին պետք է փոխարինել տիգրանսարգսյաններով, ու դա համարել հաղթանակ։ Բայց սա կեղծ երկընտրանք է։

Նախ՝ Տիգրան Սարգսյանը շատ ավելի մեծ վնաս է տվել ՀՀ–ին, քան Լիսկան ու իր ամբողջ գերդաստանը՝ միասին վերցրած։ Լիսկայի գործունեությունից տուժել է Սյունիքի մարզը, իսկ ահա Օֆշորի Տիկոյի գործունեության մասշտաբներն ընդգրկում են ամբողջ Հայաստանը՝ տնտեսական կտրուկ անկում, արտաքին պարտքի եռապատկում, սարսափելի արտագաղթ, կապիտալի արտահոսք, երկրի պաշտպանունակության թուլացում, պետբյուջեի մսխում և այլն։

Բացի այդ, և՛ «մականունավորները», և՛ «ժելեոտածները» կլանաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մասերն են և ծառայում են Սերժ Սարգսյանին։ Պարզապես «ժելեոտածներն» ուզում են նեոբոլշևիկյան տարբերակով խլել «մականունավորների» սեփականությունը և դա ներկայացնել որպես բարեշրջում։ Մինչդեռ, եթե այդ ծրագիրը հաջողվի, ու ստեղծվի «Մեկ օլիգարխի տնտեսություն», ապա դա շատ ավելի գռեհիկ ու կեղտոտ հարաբերություններ կհաստատի մեր երկրում, քան ունենք այսօր։ Ադրբեջանի կամ միջինասիական երկրների փորձը բոլորիս աչքի առաջ է։

Հետևաբար, քաղաքական օրակարգում չպետք է թույլ տալ կեղծ հարցեր և կեղծ բաժանումներ։ Հայաստանի մարմնի համար իրար հետ մրցակցող բորենիների շահերը բացարձակապես չեն համընկնում հանրային ու պետական շահերի հետ։

Մեզ իրական բարեփոխումներ են պետք։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը