Մեկնաբանություն

30.05.2015 12:45


«Բա իմացա՞ք՝ ՀԷՑ–ն ինչ է արել»

«Բա իմացա՞ք՝ ՀԷՑ–ն ինչ է արել»

«Բա իմացա՞ք՝ ՀԷՑ–ն ինչ ծախսեր է ներկայացրել»։ «Մեզ ձե՞ռ եք առնում, արա՛»։ «Մենք ձեր ծախսերը փակող չենք»։

Այսպիսի ձևակերպումները վերջին օրերին դարձել են շատ մոդայիկ։ Հիմա հայրենասիրությունը հավասարեցվել է ՀԷՑ–ին հայհոյելուն։

Այն հարցում, որ ՀԷՑ–ին պետք է հայհոյել, ու «պասլատ անել» այդ կառույցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առաջարկը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բնական է, որ պայքար պետք է լինի, և բողոքի գործողություններ կազմակերպողները շատ ճիշտ բան են անում։

Հասկանալի է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահին առնչվող հարցը պետք է գտնվի բոլորիս ուշադրության կենտրոնում։

Անհասկանալի է մեկ այլ բան։ ՀԷՑ–ը սակագնի նախորդ բոլոր թանկացումների ժամանակ ներկայացրել է ծախսային այնպիսի հիմնավորումներ, ինչպիսիք հիմա։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նախորդների ժամանակ «Մեզ ձե՞ռ եք առնում, արա՛» ազգային–ազատագրական և հայրենասիրական գրառումներ չեղան, ու կազմակերպված բողոքի ձայն չբարձրացավ։ Սա հիշեցնում է այն անեկդոտը, երբ մեկը նոր է իմանում, որ 1915թ. Ցեղասպանություն է եղել, ու տաքսի նստելով՝ հրամայում է քշել Թուրքիա, որպեսզի ինքն իր մուռը հանի թուրքերից։

Նո՞ր իմացաք, որ ՀԷՑ–ը իշխանությունների հետ համատեղ «կայֆերի» մեջ է, ու սպառողներիս հաշվին է վճարում այդ «կայֆերի» համար։

Եթե իշխանության ներկայացուցիչներն իրոք մտահոգված են ՀԷՑ–ի՝ սակագինը բարձրացնելու առաջարկով, ապա կարող էին նախորդ տարիներին ուսումնասիրել այդ կազմակերպության գործունեությունը, նախորդ բարձրացումների ժամանակ շռայլ ծախսերի թեման քննության առարկա դարձնել և այլն։ Չէ՞ որ պետությունն ունի բոլոր լծակները ՀԷՑ–ի գործունեությունը վերահսկելու և այդ կառույցի ստանձնած պարտավորությունների ընթացքին հետևելու համար։ Չի արվել։ Հետևաբար՝ իշխանություններին ձեռնտու է այս վիճակը։

Հիմա ՀԷՑ–ի սեփականատիրոջ փոփոխություն են ուզում անել ու Որոտանի սեփականաշնորհումից հետո սակագին բարձրացնել՝ գերշահույթներ ստանալու նպատակով, դրա համար էլ թամաշա են սարքում, որպեսզի «պադ շումոկ» հերթական ոլորտը ձեռ գցեն, ու հոսանքի գնի թանկացման մեղավոր դարձնեն ՀԷՑ–ի կառավարիչներին։

Իրականությունը, սակայն, այլ է։ Այո՛, ՀԷՑ–ի ղեկավարությունը թալանչիական ծախսեր է անում, բայց դա արվում է իշխանությունների հետ համատեղ և իշխանությունների դրդմամբ։ Այնպես որ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու էներգետիկ համակարգում տիրող թալանչիական վիճակի թիվ մեկ պատասխանատուն Բաղրամյան 26ն է։

Ռոբերտ Նազարյանի գլխավորած «կանտոռան» հարյուր տոկոսով հլու–հնազանդ կառույց է և կառավարվում է նախագահական նստավայրի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ նախորդ ու ներկայիս թանկացումների որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, ՀԷՑ–ի ծախսերից «ցխկվող» մեր հայրենակիցները զարմանալիորեն չեն հետաքրքրվում, թե ինչպես է նույն Բաղրամյան 26–ը տնօրինում մեր վճարած հարկերից գոյացող բյուջետային միջոցները։ Նախագահական նստավայրում պետական փողերի հաշվին շատ ավելի շռայլ ու անհիմն ծախսեր են անում, քան ՀԷՑ–ում։ Բա ինչո՞ւ այդ թեման «քաղաքացիական» պայքարի թեմա չի դառնում։

Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարություններն էլ են մսխում գանձարանը (ներկայիս վարչապետը Օֆշորի Տիկոյին չի հասնի մսխման հարցում, բայց դե, մսխելը մնում է մսխել), բայց այդ թեման ևս չեն նկատում ոմանք։ Կովերի պտուկները լվանալով, բիոզուգարան գնելով ու նմանատիպ այլ բաներ անելով՝ «բարեշրջիչները» տոտալ թալանի գնացին, բայց ոչ քրեական գործ հարուցվեց, ոչ էլ «պայքարիստներն» ընդվզեցին։

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը միլիոնավոր դոլարների չարաշահումներ հայտնաբերեց, բայց Սերժ Սարգսյանը հանձնարարեց Զաքարյանին այդ թեմայով դժգոհել տանը, իսկ այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էլ հրամայեց չհայտնաբերել խախտումները։ Եվ այսօրվա բողոքավորներից քանի՞սը փողոց դուրս եկան դրանից հետո։ Այս ամենի դեմն առնելու բողոքի ալիք կազմակերպվում էր Գագիկ Ծառուկյանի և իր քաղաքական գործընկերների կողմից, բայց այսօրվա «պայքարիստներն» իրենց ողջ էներգիան ուղղում էին ... ԲՀԿ–ի դեմ՝ դրանով իսկ կամա թե ակամա պաշտպանելով իշխանությունների՝ թալան անելու իրավունքը։

Մի խոսքով, ընտրովի թեմաներով պայքարը ոչ մի արդյունքի չի կարող հանգեցնել, քանի դեռ դասականի ասած տարբերակով չենք գործում, այն է՝ պետք է գլխից բռնել։ Այլապես, ուրիշների խաղում գործիք դառնալու հեռանկարից հնարավոր չի լինի խուսափել։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը