Լրահոս

04.11.2009 16:21


Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղյան խնդրով զարգացումները դարձել են փակուղիներից բոլորին դուրս բերելու եղանակ»

Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղյան խնդրով զարգացումները դարձել են փակուղիներից բոլորին դուրս բերելու եղանակ»

«Հայացք» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, որ  Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հետաքրքիր և ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Այս առումով նա ուշագրավ է համարում Փիթեր Սեմնեբիի խոսքը, որը կարծես հայկական կողմին ուղղված հորդոր էր՝ գնալ փոխզիջումների։ Նրա կարծիքով պատահական չէր, որ այդ հայտարարությանն արձագանքեցին Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները։

Նա նաև նշել է, որ քչերն են ուշադրություն դարձրել միջազգային ճգնաժամային զեկույցի ահազանգին, որ տարեվերջին ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է բաց առճակատում։ Դրան հաջորդել են նաև մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներ, որտեղ ևս բարձրաձայնվել է պատերազմի վերսկսման հնարավորության մասին։

-Իսկապես կա այդ վտանգը, և կա այդ վտանգը չեզոքացնելու խնդիրը, որը փորձում են անել կամ Ադրբեջանին սպառնալով, կամ դա առավելապես կարվի ղարաբաղյան խնդրում երկու կողմերին պարտադրված լուծումների տանելու եղանակով։ Փաստացիորեն ղարաբաղյան խնդրով զարգացումները դարձել են փակուղիներից բոլորին դուրս բերելու եղանակ,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը։

Նրա կարծիքով կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունը հակված է տուրք տալ ադրբեջանական կողմի մտադրություններին։ Ս.Սաֆարյանը նաև ընդգծել է, որ «պատերազմի վերսկսման սարսափեցումներն այսօր ոչ միայն իրական ռիսկ են պարունակում, այլ նաև կողմերին, տվյալ պարագայում՝ հայկական կողմին, փոխզիջումների դրդելու հարց են լուծում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը