Լրահոս

04.11.2009 18:27


Ջիվան Ավետիսյան. «Ղարաբաղցին այսօր որևէ ձևով չի պատրաստվում հողերը տալ»

Ջիվան Ավետիսյան. «Ղարաբաղցին այսօր որևէ ձևով չի պատրաստվում հողերը տալ»

-Վերջին քաղաքական իրադարձությունները հիմք հանդիսացան, որ նախաձեռնենք այսպիսի ֆիլմի պատրաստումը,- «Արմատ» ակումբում մադրիդյան սկզբունքների մասին իր «Մխացող պատրույգ» ֆիլմի վերաբերյալ խոսելիս նշել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և հավելել,-փորձեցի որպես հեղինակ, որպես ռեժիսոր անաչառ, առանց կողմնապահության ներկայացնել մադրիդյան սկզբունքները։

Նկարահանումների ընթացքում փորձ է արվել ներկայացնել ժողովրդի կարծիքը պատերազմի վերաբերյալ։

-Հասկացա մի բան, որ ղարաբաղցին այսօր որևէ ձևով չի պատրաստվում հողերը տալ։ Ղարաբաղցին կանգնած է իր հողի վրա և ասում է, որ այն, ինչ հիմա ունենք, լավագույնն է, ինչ որ կարող էր լինել՝ իհարկե հիշելով Շահումյանի, Գետաշենի և Մարտունաշենի մասին- ընդգծել է Ջ.Ավետիսյանը։

Նկարահանումների ժամանակ ռեժիսորը փորձել է հարցազրույցներ անել նաև պետական պաշտոնյաների հետ ԼՂՀ նախագահի, արտգործնախարարի և Ազգային ժողովի նախագահի հետ, սակայն մերժում է ստացել։

Անդրադառնալով առկա խնդիրների, մասնավորապես մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Արցախի ժողովրդի տեղեկացվածության հարցին՝ Ջ.Ավետիսյանն ասել է, որ Արցախի հասարակությունը պարզ հասարակ մարդիկ են, որոնք գրեթե տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում։

-Եթե մենք տարածքներ հանձնենք հիմա, պատերազմն ավելի է մոտիկանալու, որովհետև մեր թշնամիների ախորժակը կմեծանա։ Եթե մենք ուզում ենք խաղաղ ապրել տարածաշրջանում, և ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մի հայ երեխա մեծանալուց հասկանա, որ ինքը խնդիրներ չունի իր հարևանների հետ, մենք պետք է հենց այս վայրկյանից սկսենք ատամ ցույց տալ։ Որքան մենք ասում ենք՝ բարեկամ լինենք, այնքան նրանք ասում են՝ պետք է մեր ստրուկը լինեք,- հավելել է նա։ Նա ընդգծել է նաև, որ այսօր համար առաջին խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հիմնական բանակցային կողմ հանդիսանա։

Ֆիլմն անվանվել է «Մխացող պատրույգ», քանի որ մադրիդյան սկզբունքներն ական է, որը պայթելու է, և հիմա այդ պատրույգը միացրած է. «Կամ պետք է դա կտրել ու դեն նետել, կամ պետք է դնել Բաքվի տակ, կամ էլ, Աստված մի արասցե, այն կպայթի»։ Ջ.Ավետիսյանը համոզված է, որ մադրիդյան սկզբունքների իրականանալու դեպքում «մենք Ղարաբաղ չենք ունենա»։

Ֆիլմը տեղադրվել է «YouTube»-ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը