Մեկնաբանություն

02.06.2015 19:40


Արտակ Շաբոյանը բացահայտել է հակամրցակցային կապը

Արտակ Շաբոյանը բացահայտել է հակամրցակցային կապը

Իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ գաղջ մթնոլորտ է ստեղծում։ Մի կողմից իրենց տերերը կողմ են, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, ու իրենք սպառողների հաշվին օգուտ ստանան Որոտանի կասկադի արտադրած շատ ցածր ինքնարժեքով հոսանքի վաճառքից, բայց մյուս կողմից էլ «փչացնում» են սակագնի բարձրացման առաջարկով հանդես եկած ՀԷՑ–ին ու այդ կառույցի հետ տալիք–առնելիք ունեցողներին, այսինքն՝ «փչացնում» են իշխանության այս կամ այն ներկայացուցչին։

«Դռբի տակ» է ընկել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը։ Իշխանական թերթերն ու կայքերը լուր տարածեցին այն մասին, որ նրա բաջանաղը աստղաբաշխական թվեր է աշխատում՝ ավտոմեքենաներ մատակարերելով ՀԷՑ–ին։

Շաբոյանն այսօր ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է բաջանաղի հետ կապված խոսակցությունները։ Ավելի ճիշտ՝ փաստացի հաստատել է, որ բաջանաղը «ոսկե երակ» է հայտնաբերել ՀԷՑ–ում։ Պարզվում է՝ ՏՄՊՊՀ–ի նախագահը տեղյակ չէ, թե ինչով է զբաղվում իր բաջանաղը (իյա՜, իրո՞ք), և բացի այդ էլ՝ Շաբոյանը որևէ վատ բան չի տեսնում այն բանում, որ այս կամ այն մարդու բարեկամները զբաղվում են բիզնեսով (իյա՜, իրո՞ք)։

ՏՄՊՊՀ–ի նախագահի այդ խոսքերից հետո այլևս կասկած չմնաց, որ նրա բաջանաղն, իրոք, ավտոմեքենաների գործ է անում ՀԷՑ–ի հետ։

Ինչ վերաբերում է Շաբոյանի՝ բաջանաղի բիզնեսի հետ կապ ունենալ–չունենալուն, ապա այդ հարցին էլ է նա անդրադարձել։

ՏՄՊՊՀ–ի նախագահը հիշեցրել է, որ իր գլխավորած կառույցն անցյալ տարի տուգանել է ՀԷՑ–ին, քանի որ վերջինը չէր կատարել իր պարտավորությունները։ Իր գլխավորած հանձնաժողովի այդ քայլը Շաբոյանը ներկայացրել է որպես ալիբի, բայց իրականում ակամայից «լյափսուս» է տվել և բացահայտել եղած–չեղածը։

Հաշվի առնելով Հայաստանում տիրող խաղի կանոններն ու իշխանական համակարգում տիրող «ատկատային» բարքերը՝ կարող ենք ենթադրություն–վերլուծություն անել, թե ինչպես է Շաբոյանի բաջանաղի գործը «կպել»։

Եվ այսպես, Շաբոյանի կառույցը գնում է ՀԷՑ և տուգանում։ Չենք կասկածում։ Հենց այդպես էլ եղել է։

«Կինոն» սկսվել է դրանից հետո։ ՀԷՑ–ը, բնականաբար, «բազառվել» է տուգանքի չափի շուրջ։ Եվ ահա, դրանից հետո սկսվել է ամենահետաքրքիրը։ ՀԷՑ–ին առաջարկվել է «ատկատային» մեխանիզմով փոխհատուցում՝ հետագայում չտուգանվելու հեռանկարով։ Նստել պայմանավորվել են։ Այդտեղ էլ ի հայտ է եկել Շաբոյանի բաջանաղը, ումից ՀԷՑ–ը պարտավորվել է ավտոմեքենաներ գնել կամ վարձակալել շուկայականից բարձր գնով։

Արդյունքում՝ բոլորը գոհ են մնացել գործարքից։

Տիգրան Սարգսյանի «շկոլայի» ներկայացուցիչ Շաբոյանը գոհ է, քանի որ «չերեզ» բաջանաղ կարող է թույլ տալ իրեն չինովնիկի աշխատավարձին ոչ համարժեք ցոփ ու շվայտ կյանք։

Բաջանաղը գոհ է, քանզի Շաբոյանի քենակալի կարգավիճակը նրան հնարավորություն է տվել ավտոմեքենաներ «տուլիտ անել» ՀԷՑ–ի վրա և տժժալ։

Գոհ է մնացել նաև ՀԷՑ–ը, քանզի հնարավորություն է ստացել հետագա տուգանքներից խուսափել, դե, իսկ Շաբոյանի բաջանաղի մատակարարած ավտոմեքենաների համար էլ թող սպառողը վճարի, իրենց ի՞նչ. ՀԷՑ–ի հեչ բիբինի՞ն է, թե բալը թանկ է...

Այս գործարքի միակ տուժող կողմը, բնականաբար, հայ ժողովուրդն է։

Կրկնենք՝ սա մեր ենթադրությունն է, քանզի մենք մոմ չենք բռնել Շաբոյան–բաջանաղ–ՀԷՑ եռանկյունու արանքում։ Բայց դե, ինքներդ եք հասկանում...

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը