Մեկնաբանություն

03.06.2015 14:10


«Տաքսիստն»՝ ընդդեմ հաճախորդների

«Տաքսիստն»՝ ընդդեմ հաճախորդների

Իշխանական քարոզչամեքենան պարբերաբար թեմաներ և դեմքեր է դնում շրջանառության մեջ, որպեսզի սոցիալական ցանցերում «ծամեն» դրանք։

Թեմաներն ու դեմքերն այդ, բնականաբար, թիթեռնիկի կյանք ունեն, բայց դա էլ է հերիք իշխանությունների համար, քանզի նրանք ուզում են, որ բոլորն ամեն ինչ քննարկեն, բացի գլխավորից։ Այլ կերպ ասած՝ հանկարծ չքաղաքականացնեն քաղաքական հարցերը ու մնան թամաշայի շրջանակներում։

Օրինակ՝ երբ քաղաքական իրավիճակը սրվում է, լրատվական հոսքերում սկսում են շատացնել Անժելա Սարգսյանի նկարները։ Ի դեպ, դերասանուհին դա արձանագրել էր և հրապարակավ խնդրել էր քաղաքական բուռն շրջաններում հանգիստ թողնել իր անունը։

Նմանատիպ «պրոյեկտներից» էր նաև հայտնի «տաքսիստը», որին այնքան «ռասկրուտկա» արեցին, որ պարզապես «զռռաց», որ թամաշան այդ ուղղորդվում է։

Հիմա սոցիալական ցանցերը կրկին լցված են «տաքսիստով», բայց արդեն այլ «ռակուրսով»։ Բացահայտվել է, որ «տաքսիստը» ԵԿՄ–ական է, այսինքն՝ գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանի, և, հետևաբար,իշխանությունների կողմնակից։ Այդ բացահայտումից հետո ոմանք էքստազի մեջ են ընկել ուրախությունից (բացահայտման փաստն ուրախացրել է չկայացած պուարոներին)։ Միաժամանակ, սկսվել է «համազգային» «քլնգոցին». բզկտում են բացահայտված «պրոյեկտի» հերոսին, որին դեռ երեկ սրբերի շարքին էին դասել։

Այո՛, պարզվեց, որ մեր երկրում «ֆեյք» կարող են լինել ոչ միայն նախագահի թեկնածուները, օղիները, լրատվամիջոցները, այլ նաև տաքսիստները։

Այս պատմության մեջ դրականն այն է, որ «տաքսիստն» ակամայից «փչացրեց» բոլոր տիպի հաճախորդներին՝ բացահայտելով նրանց գործունեության բուն նպատակը (քաղաքական կյանքի թամաշայացում և հանրությանը գլխավոր թիրախից երկրորդական կարգի իշխանավորների վրա շեղում), ինչպես նաև օգնեց քաղաքականապես անմեղսունակներին հասկանալ «Գեբելսյան» քարոզչամեքենայի աշխատանքի ոճը։

Մի խոսքով, «տաքսիստը» տաքսիների հարցը չլուծեց, բայց իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես են «դհոլները» ձայներ և էմոցիա փախցնում բազմաչարչար հայ ժողովրդից։ Իսկ դա վատ արդյունք չէ, եթե, իհարկե, «ազնիվ քյարփինջներն» իրենց նեղություն տան, ու մի փոքր զոռ տան ուղեղներին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը