Քաղաքական

05.11.2009 18:43


Էդվարդ Նալբանդյան. «Երբ իմ հարցազրույցներում ասում եմ Ղարաբաղի հարցի հանգուցալուծում, դա չի նշանակում, որ 1–2–3 ամսից այդ հարցը հնարավոր է հանգուցալուծել»

Էդվարդ Նալբանդյան. «Երբ իմ հարցազրույցներում ասում եմ Ղարաբաղի հարցի հանգուցալուծում, դա չի նշանակում, որ 1–2–3 ամսից այդ հարցը հնարավոր է հանգուցալուծել»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր 2010թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորման  և միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների հարցը։

Նիստը վարում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետական Վազգեն Կարախանյանը։

Պարզաբանումներ տալով պատգամավորների հարցերին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե երբ ինքն իր հարցազրույցներում ասում է Ղարաբաղի հարցի հանգուցալուծում, դա չի նշանակում, որ 1-2-3 ամսից այդ հարցը հնարավոր է հանգուցալուծել։

-Մադրիդյան փաստաթղթի երկու սկզբունքների շուրջ են բանակցությունները գնում։ Հայաստանի ղեկավարության կողմից որևէ բան չի ասվել, որը չի համապատասխանում իրականությանը։

Նկատենք, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանին վրդովեցրեց այն հանգամանքը, որ պատգամավորները արտգործնախարարին հարցեր էին ուղղում արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախի վերաբերյալ։

Արձագանքելով Լյովա Խաչատրյանին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց.

-Եզակի հնարավորություն է, պարո՛ն Խաչատրյան, երբ իմանում եք, թե ինչ են անելու արտաքին քաղաքականության ոլորտում։ Այնպես որ օգտագործե՛ք այս պատմական պահը և իրազեկվե՛ք։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նախարարին հարց ուղղեց, թե ինչու Արցախում այլ երկրների դեսպանություններ չկան, կամ ինչու այլ երկրներում չկան Արցախի ներկայացուցչություններ։

-Մենք ճանապարհի սկզբում ենք։ Այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունների բացման վերաբերյալ պետք է պատկերացնեք, որ դա հեշտ հարց չէ միայն այն պատճառով, որ այն նաև ֆինանսական խնդիր է։ Եթե Արցախը ներկայացուցչություն ունի Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում, ուրեմն կարող է ունենալ նաև այլ երկրներում։ Բայց սա ֆինանսական հարց է։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը